Ինքնամեկուսացումը՝ վերարժեւորելու եւ հարաբերություններ ձեւավորելու շրջան
Արխիվ 16-20Ինքնամեկուսացումը շատերիս համար հոգեբանական առումով նոր իրավիճակ է: Ոմանք հեշտ են համակերպվում, ոմանց համար սա բավական ծանր փորձություն է: Հարկադիր ինքնամեկուսացման հետեւանքների մասին «Իրավունքը» զրուցել է հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԻ հետ:
- Բարեբախտաբար, ինքնամեկուսանալով շատերը լիովին միայնակ չեն մնում, այլ ընտանիքի անդամների հետ: Ուստի վերարժեւորվում է առաջին հերթին «ընտանիք» գաղափարը: Ոմանք ընտանքի անդամների հետ առանձնանալու մասին շաբաթներ առաջ կարող էին միայն երազել: Իսկ այն ընտանիքների համար, որոնք խարսխված չեն հոգեւոր արժեքների վրա, ինքնամեկուսացումը դարձել է տանջանք: Տեսեք, թե Չինաստանում ապահարզանների ինչ մեծ ալիք բարձրացավ: Հաշվի առնելով այն փաստը, որ մենք ունեինք ամուսնալուծությանը «փոխարինող»՝ արտագնա աշխատանքների մեկնելու տարբերակը, կարելի է կանխատեսել, որ Հայաստանն էլ գուցե ամուսնալուծություններից չխուսափի: Բայց նաեւ, շատ-շատերն այս ընթացքում հնարավորություն կունենան «ճանաչել» սեփական երեխաներին, նրանց հետ ընկերանալ, ժամանակ անցկացնել, նրանց իրենց եւ շատ այլ բաների մասին պատմել: Մի խոսքով, ակնկալում եմ, որ այս մեկուսացման շրջանից հետո ընտանեկան հարաբերությունների առումով կունենանք երկու հակադարձ պատկեր՝ ընտանիքների քայքայում եւ ընտանիքների ամրացում:
– Ինչո՞վ կարելի է լցնել պարապուրդը՝ բացասական մտքերը վանելու համար:
– Բոլորիս կյանքի բնականոն ռիթմը խաթարվել է, սա փաստ է: Այլ հարց է, թե այդ «բնականոնը» դրակա՞ն էր, թե՝ բացասական՝ մեր ցուցադրական արժեհամակարգի համատեքստում: Ամեն դեպքում, կարելի է համարել, որ մեզ տրվել է հավելյալ արձակուրդ: Մեզանից ոչ մեկը արձակուրդը բացասական չի գնահատում: Համոզված եմ, որ բոլորս էլ ունենք որոշակի գործեր, որը չենք հասցրել անել՝ ժամանակի սղության պատճառով: Կան գրքեր, ֆիլմեր, որ կուզենայինք կարդալ, դիտել, եւ չենք արել, քանի որ ժամանակը չի ներել: Տեղեկացնեմ, որ աշխարհի շատ մեծ ու հզոր համալսարաններ եւ գրադարաններ հասանելի են, եւ հանրությունը հնարավորություն ունի կարդալ բացառիկ գրական հուշարձաններ: Եկեք համարենք, որ այս շրջանում բնությունը ստիպում է, որ մարդը հայացքն ուղղի դեպի իր ներսը, փորձի խոսել իր հետ, հասկանալ ինքն իրեն, ինքնակատարելագործվել, հստակեցնել եւ կարգավորել կապերն իր մտերիմների հետ: Իմիջիայլոց, մենք հնարավորություն ունենք նաեւ հեռահար կապի միջոցով շփվել աշխարհի ցանկացած ծայրում գտնվող մեր ծանոթների հետ նույնպես: Հիմնականում անհրաժեշտ է սովորել՝ տնօրինել սեփական ժամանակը առանց գործատուի պարտադրանքի, ճիշտ բաշխել այն, կազմել օրվա ժամանակացույց եւ լցնել օրը: Բնականաբար, այն մարդիկ, ովքեր իրենց օրը լցնում են սառնարանի պարունակությամբ, մտածելու լուրջ առիթ ունեն:
– Վարակվելու վախից չափից ավելի անհանգստությունը ինչի՞ կարող է հանգեցնել:
– Տագնապը անխուսափելի ուղեկից, սակայն վատ ընկեր է այս շրջանում: Մարդը վերջապես պետք է հասկանա, որ չի վերահսկում բնությանը: Չի կարող ամբողջական ու կատարյալ համակարգի մի մասնիկը հսկել ամբողջ համակարգը: Հենց այս ամենակարողության եւ եսակենտրոնության գաղափարներն էլ հանգեցնում են տագնապի աճին: Բժիշկները եւ հոգեբանները թե՛ այս համավարակի օրերին, թե՛ վերջանալուց հետո շատ աշխատանք ունեն: Առաջին փուլում ձեւավորվում է կեղծ հիվանդների մի մեծ բանակ. մարդիկ վաղ առավոտից դիմում են բժիշկներին՝ պնդելով որ հիվանդ են եւ պահանջելով, որ իրենց մեկուսացնեն ու բուժեն: Այս մարդիկ բողոքելու են, որ իրենց պատշաճ կերպով չեն վերաբերվում եւ վիրավորվելու են, երբ արհեստավարժ ու գրագետ բժիշկները նրանց ուղղորդելու են հոգեբանների մոտ: Կարձանագրվի նաեւ ընկճախտի աճ՝ կախված կարանտինի տեւողությունից: Մնացած խնդիրները ի հայտ են գալու ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում, սակայն անխուսափելիորեն: Պետք է զինվել համբերությամբ եւ համարժեքորեն գնահատել իրավիճակը: Համոզված եմ, որ որոշ ժամանակ անց բոլորս կվերադառնանք մեր առօրյա ռիթմին ու էլի չենք հասցնի շփվել մեր երեխաների, ամուսինների ու ծնողների հետ, ֆիլմ դիտել կամ գիրք կարդալ: Վանենք բացասական մտքերը եւ օգտվենք մեզ ընձեռված հնարավորությունից:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

