ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Արխիվ 16-20Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 12-ին տոնախմբում է Սուրբ Հարության տոնը: Թե՛ հոգեւորականների եւ թե՛ հավատացյալների համար դժվար է պատկերացնել տոնախմբությունը դատարկ եկեղեցիներում, բայց օրենքը օրենք է բոլորի համար եւ ամեն տեղ:
Ավագ շաբաթվան նվիրված եկեղեցական բոլոր արարողակարգերն անցան առանց հավատացյալների, փակ դռների ետեւում՝ հոգեւորականներով եւ խնկի անուշահոտությամբ միայն: Այս օրերին, երբ աշխարհի ցանկացած կետում նույն համավարակի շունչն է, Հայ Առաքալական եկեղեցիների բոլոր թեմերում էլ արարողակարգերը կանցկացվեն` ըստ տվյալ երկրի սահմանված օրենքների: Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հետ զրույցում նա նշեց, որ այս տարի Ավագ Ուրբաթ օրը չեն կարող անգամ զարդարել Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, քանի որ Վրաստանում փակ են բոլոր ծաղկի սրահները, եւ հնարավորություն չկա` ծաղիկներ ձեռք բերելու: Հայր Սուրբը նշեց, որ Վրաստանի հայկական եկեղեցիներում դռները հավատացյալների առջեւ փակ չեն լինելու, սակայն, այնտեղի սահմանված օրենքի համաձայն, 10 հոգուց ավել մարդ չի կարող գտնվել փակ տարածությունում: Ուստի՝ թե՛ Ճրագալույցի եւ թե՛ Սուրբ Հարության պատարագներից հետո հավատացյալները փոքր խմբերով կմտնեն եկեղեցի, կվերցնեն Ճրագը եւ կհաղորդվեն: Հայր Մաղաքիայի փոխանցմամբ, ըստ պաշտոնական տվյալների, Ջավախքում կորոնավիրուսի հաստատաված դեպք չկա, սակայն բոլորը, այդ թվում` հոգեւոր եւ հավատավոր դասը, առավել քան հետեւում են արտակարգ ռեժիմի սահմանված օրենքներին: Հայաստանում Սուրբ Հարության տոնը նույնպես կընթանա սահմանված օրենքին համահունչ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին՝ պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Սուրբ պատարագից հետո, եւ, առավելագույն պատասխանատվությամբ, պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդ օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ եւ հոգեւոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն: Սակայն հավատացյալներից շատերի համար առանց հաղորդության՝ պահքը լուծելը, մեղմ ասած, անընդունելի է, եւ նրանք էլ սահմանել են իրենց կանոնները՝ հնարավորինս անվտանգ պահքը լուծել սուրբ հաղորդությամբ: Եկեղեցու հավատավորներից տիկին Ծովիկը նշեց, որ ամսի 11-ի երեկոյան եկեղեցու բակում, պահպանելով հաստատված հեռավորությունը, հավատացյալներից շատերը կմասնակցեն սուրբ պատարագին, այնուհետեւ հերթականությամբ, մեկ-մեկ կմոտենան հոգեւորականին եւ հաղորդությամբ լուծելով պահքը, կգնան տուն՝ նշելու Քրիստոսի հրաշափառ հարությունը:
ՄԵՐԻ ՄԱԿԱՐՅԱՆ

