ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԴ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ. ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Արխիվ 16-20«Իրավունքը» Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ գրավոր հարցեր էր ուղարկել՝ կապված արցախյան ընտրությունների կայացած առաջին փուլի եւ սպասվող երկրորդ փուլի հետ: Հարցերի մի մասին գեներալը խոստացավ անդրադառնալ ավելի ուշ` երկրորդ փուլից հետո, ավելի առարկայական ու ծավալուն: Սակայն մի շարք հարցերի պարոն Բալասանյանն այս պահին էլ պատրաստ էր պատասխանել:
–Պարոն Բալասանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում քարոզարշավի ժամանակ շաբաթներ առաջ հայտարարել էր, թե. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել, զենք է առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես` ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»: Ի՞նչ կասեք այս մասին, հատկապես, որ Հայաստանը հիմնականում զենք գնում է ՌԴ-ից:
– Այդ հարցին անպայման անդրադառնալու եմ ծավալուն, առավել առարկայական կերպով: Բայց այս պահին ներողություն պետք է խնդրեմ, որովհետեւ յուրաքանչյուր հարցի պատասխան ունի իր ժամանակը, թող նախ պատասխանը Հայաստանում հնչի, եւ կարծում եմ, որ մոտ ժամանակներս կհնչի:
– Հակառակորդը վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում ինչպես արցախա-ադրբեջանական, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Հնարավոր համարո՞ւմ եք լայնամասշտաբ ագրեսիայի վերսկսումը:
– Ադրբեջանը, որի ռազմավարական դաշնակիցն է Թուրքիան, բազմաթիվ անգամներ է հայտարարել (թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի կողմից), որ իրենք «մեկ ազգ երկու պետություն» են, միաժամանակ ունեն ռազմական նշանակության բոլոր պայմանավորվածությունները՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական աջակցություն: Երբեք չի կարելի բացառել,որ Թուրքիան եւ Ադրբեջանը հարձակողական պատերազմներ կսկսեն. դա իրականությունից շատ հեռու չէ: Համոզված եմ, որ երկու պետություններն էլ միշտ պատրաստ են այն կյանքի կոչելու: Հայաստանի եւ Արցախի զինված ուժերը մշտապես պետք է լինեն պատրաստ՝ պաշտպանողական եւ հարձակողական մարտեր վարելուն: Այստեղ շատ կարեւոր է Հայաստանի հարաբերւթյունները ՌԴ-ի եւ Իրանի հետ:
– Շատ ռազմական փորձագետներ նշում են, որ հակառակորդը, չի բացառվում, որ այս անգամ լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսի Նախիջեւանից: Դուք, որպես գեներալ, որքանո՞վ եք հնարավոր համարում նման սցենարի իրագործումը:
– Որեւէ տարբերություն չկա, թե Ադրբեջանը որ ուղղությունը կընտրի: Բազմաթիվ սուվերեն պետությունների տարածքներում ընթանում են պատերազմական գործողություններ: Որեւէ մեկը ապահովագրված չէ: Այնպես որ, Հայաստանը եւ Արցախը միշտ պետք է պատրաստ լինեն ցանկացած ոտնձգության, որ տան համարժեք պատասխան, եւ կապ չունի, թե որ ուղղությամբ:
– Եվ, վերջում, ինչպե՞ս եք գնահատում Արցախում տիրող հետընտրական զարգացումները եւ առաջիկա վերադասավորումները:
– Վաղ է դրա մասին տալ գնահատականներ, սպասենք ապրիլի 14-ից հետո:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

