Տեր-Պետրոսյանը բացահայտեց, որ Փաշինյանին գալիս է փոխարինելու Ավինյանը. Հայկ Բաբուխանյան
Արխիվ 16-20ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ վեցերորդ (օրինական) գումարման պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ «Իրավունք TV»-ի «Ուրբաթ երեկո» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է երկրում եւ աշխարհում տիրող վերջին իրադարձություններին, դրանց հետեւանքներին եւ հնարավոր զարգացումներին:
«ՍԱ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆ Է»
– Պարոն Բաբուխանյան, աշխարհը, ինչպես եւ Հայաստանը, արտակարգ դրության պայմաններում շարունակում են պայքարել անհասկանալի կորոնավիրուսի դեմ: Ի՞նչ կասեք ստեղծված տարօրինակ իրավիճակի մասին:
– Շատերը հարցնում են, թե ինչ է սա իրականում իրենից ներկայացնում, ինչի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան: Համաճարակ համարվում է այն հիվանդությունը, երբ տվյալ քաղաքում, երկրում կամ տարածաշրջանում բնակչության առնվազն 5 տոկոսը հիվանդանում է տվյալ հիվանդությամբ: Հասկանալի է, որ գոնե Հայաստանում այդ 5 տոկոսը չկա, եւ շատ այլ երկրներում անգամ 5 տոկոսին մոտ թվեր չեն: Հայաստանում պետք է մոտ 150 հազար մարդ հիվանդանար այդ վիրուսով, որպեսզի այն համաճարակ համարվեր, եւ համապատասխան գործողություններ իրականացվեին: Մինչդեռ այս ողջ ժամանակահատվածում, պաշտոնական թվերի համաձայն, անգամ հազար մարդ չի հիվանդացել այդ վիրուսով: Եվ նույնը կարելի է ասել աշխարհի մասին: Այդ դեպքում` ի՞նչ է սա: Շատ փորձագետներ համարում են, որ սա երրորդ համաշխարհային պատերազմի փոխարինիչն է: Եթե հիշում եք, նախորդ տարվա վերջին ամիսներին եւ ընթացող տարվա առաջին ամիսներին մարդկությունն ամեն օր սարսափով սպասում էր, որ կբռնկվեն այնպիսի ռազմական, պատերազմական գործողություններ, որոնք կբերեն երրորդ համաշխարհային պատերազմի սկզբի: ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններն էին լարված, ինչպես գիտեք, զոհվեց Իրանի բարձրաստիճան զինվորական, որին ի պատասխան` Իրանը ռմբակոծեց ԱՄՆ ռազմաբազաները, Իրաքը պահանջեց ԱՄՆ-ից դուրս բերել զորքերը: Իսկ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները սրվեցին Սիրիայում: Բախումների ժամանակ Թուրքիան կորցրեց մի քանի տասնյակ զինվորական, ինչը բերեց իրավիճակի շատ կտրուկ լարման աճի: Խիստ լարվեցին Իրան-Իսրայել, ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունները, շատ լուրջ ընթանում էր տնտեսական-առեւտրային պատերազմ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ: Այսինքն` աշխարհը շատ արագ տեմպերով մոտենում էր վտանգավոր եզրի:
– Ու դրա համար ստեղծվեց կորոնավիրուսը` որպես բիոլոգիական զե՞նք, թե՞ այնուամենայնիվ, այն բնական աղետ էր:
– Եզրակացություն անելն առայժմ շուտ է: Բայց ձեզ փաստեր ներկայացնեմ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հրապարակումից, որտեղ հղում անելով Միացյալ Նահանգներում շատ հայտնի «Տելեգրաֆ» թերթին` նշում է, որ Քեմբրիջի համալսարանի մի խումբ գիտնականներ 2019 թվականի օգոստոսի 13-ին արել են պաշտոնական հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է, որ «Աշխարհը պետք է պատրաստվի պայքարել բիոլոգիական զենքի դեմ, որի հիմքում գենետիկան է, ինչի թիրախում են էթնիկ խմբերը»: Սա արդեն շատ լուրջ հայտարարություն է: Բացի դրանից, որ կա նման վարկած, թե այն բիոլոգիական զենք է, պետք է հաշվի առնենք, թե երբ են լինում պատերազմներ: Դրանք լինում են այն ժամանակ, երբ աշխարհի դրվածքը, որը ստեղծվել է նախորդ պատերազմի արդյունքներով, փոխվում է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գործում էր, այսպես կոչված, Յալթայի աշխարհակարգը, որը կազմված էր ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Խորհրդային Միության միջեւ հավասարակշռության պահպանման բանաձեւի վրա: Այնուհետեւ եղավ սառը պատերազմ, որտեղ, ցավոք, Խորհրդային Միությունը պարտվեց Արեւմուտքին եւ փլուզվեց, ինչը շատ մեծ տառապանքներ պատճառեց միությունը կազմող երկրներին, այդ թվում` Հայաստանին: Իսկ վերջին շրջանում տեղի ունեցավ փոփոխություն, Ռուսաստանն ունեցավ գերժամանակակից զենք, եղավ Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ի հետ, Սիրիայում ռուսական զորքերն իրականացրին հաջող օպերացիաներ, եւ ՌԴ-ն իր տնտեսությունը հանեց այն բարդ իրավիճակից, որը ստեղծվել էր 90-ականներին` ԽՍՀՄ-ի փլուզմումից հետո: Այսինքն` ՌԴ-ն դարձավ շատ հզոր աշխարհաքաղաքական խաղացող, իսկ մյուս կողմից` Չինաստանը, որը եթե չափումներ կատարենք ֆիզիկական էկոնոմիկայի բանաձեւերով, ապա այսօր առաջին տնտեսությունն է աշխարհում: Չինաստանը հասավ տնտեսական հզորության մի չտեսնված մակարդակի, որն այսօր եթե աշխարհում համար 1-ը չէ, ապա առնվազն 2-րդն է: Եվ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա ցանկացած չափման մեթոդիկայով այն կդառնա աշխարհի առաջին տնտեսությունը, եւ հասկանալի է, թե դրանից ինչ հետեւություններ կարելի է անել:
– Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` մեղադրելով նրան, որ չափազանց ընկերական է Չինաստանի հետ եւ վատ խորհուրդներ է տալիս` կորոնավիրուսների բռնկման հետ կապված...
– Այս ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-Չինաստան փոխհրաձգությունը` ինֆորմացիոն, քաղաքական, տնտեսական դաշտում շարունակվում է: Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրեցին ԱՄՆ-ին կորոնավիրուսի շրջանակներում Չինաստանի դեմ ինֆորմացիոն դիվերսիա կազմակերպելու հարցում: Իսկ ԱՄՆ-ն վարակի առնչությամբ մեղադրանքներ է հնչեցնում Չինաստանի հասցեին: Այս ամենը ցույց է տալիս, որ իրականում տեղի է ունենում երրորդ համաշխարհային պատերազմի փոխարկիչ ինչ-որ մի պրոցես, որովհետեւ հասկանալի է, որ երբ զինատեսակները միջուկային են, պատերազմն անօգուտ է: Չէ որ այդ դեպքում հաղթող կողմ, պարզապես, չի կարող լինել: Սակայն խնդիր կա` փոխելու աշխարհակարգը, եւ մենք պետք է հասկանանք, թե այն ուր է հասնելու: Այն, ինչ կատարվում է, նման է երրորդ համաշխարհային պատերազմի նաեւ այն առումով, որ այս գործընթացում այս կամ այն կերպ ունեցած իրենց կորուստներով ներգրավված են գրեթե բոլոր պետությունները` բացառությամբ 20 երկրի: Աշխարհի բնակչության մեծ մասն այսօր գտնվում է այս կամ այն չափով «պատերազմական» գործողությունների մեջ. մի մասը տան «կալանքի» մեջ է, մյուս մասը էլեկտրոնային տարբերակով վերահսկվում է, մնացածներն էլ կրում են տնտեսական ավերումների ծանր հետեւանքները:
«ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ, ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ Է»
– Այս իրավիճակն ի՞նչ վտանգներով է հղի Հայաստանի համար:
– Հայաստանի համար ցանկացած նման համաշխարհային կատակլիզմը հղի է վտանգավոր հետեւանքներով. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեսանք ցեղասպանություն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բարեբախտաբար, Սովետական Միության եւ Թուրքիայի միջեւ սահմանները մնացին անձեռնմխելի: Բայց հայտնի փաստ է, որ եթե խորհրդային զորքերը տանուլ տային Ստալինգրադյան ճակատամարտում, ապա Թուրքիան արդեն նախապատրաստվում էր մտնել Արեւելյան Հայաստան: Քանի որ ասացի` սա երրորդ համաշխարհային պատերազմի փոխակերպիչ գործընթաց է, որը դեռ առնվազն 7-8 ամիս կտեւի: Հետեւաբար, պետք է շատ զգույշ լինենք եւ հասկանանք, որ եթե այն հանգեցնի ֆինանսատնտեսական քաոսի աշխարհում, եթե լինեն սոցիալական սուր ճգնաժամեր, ապա հասկանալի է, որ մեր թշնամի պետությունները կփորձեն օգտվել այդ հանգամանքից եւ լուծել իրենց աշխարհաքաղաքական խնդիրները, որոնք ունեն վերջին հարյուր տարվա մեջ: Այսինքն` ոչնչացնել նաեւ Արեւելյան Հայաստանը, վերջացնել ցեղասպանության ծրագիրը, իսկ այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպանաստեղծ պետություններ են, տեսնում ենք ամեն օր, թե ինչպես է Թուրքիան իր բոլոր հարեւանների հանդեպ պահը գտնում եւ կատարում ագրեսիվ գործողություններ: Եվ հարցը միայն Հայաստանինը չէ, այլ նաեւ Կիպրոսինը, Իրաքինը, որտեղ նրանք մտցրին իրենց զորքերը եւ եզդիների ցեղասպանություն իրականացրին: Ընդ որում` մինչեւ օրս նրանց զորքերը մնացել են Իրաքում: Հիշեք, թե ինչ էր կատարվում քաղաքացիական բնակչության հետ Սիրիայում, երբ զորքերը մտցվեցին սիրիական քրդաբնակ գոտիները: Այս առումով պետք է շատ լուրջ վերաբերվել աշխարհաքաղաքական ագրեսիայի վտանգներին:
– Մինչ ողջ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Արցախում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ավելին` հիմա էլ պատրաստվում են երկրորդ փուլին, եւ արդեն իսկ որոշակի լարվածություն կա այնտեղ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գործընթացներին:
– Այն, ինչ կատարվում է Արցախում, խառնակչության փորձ է, որտեղ ակնհայտ երեւում են «օտարերկրյա ականջներ»: Անկայունությունը նպաստավոր չէ մեր ազգային միասնականության եւ անվտանգության առումով: Բոլոր դեպքերում` փաստը մնում է փաստ, որ այն ուժերը, որոնք պայմանական կոչում ենք սորոսական, ունեն իրենց ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են Արցախում իշխանության այնպիսի համակարգ ստեղծելուն, որը կծառայի իրենց այնպես, ինչպես ծառայում է ՀՀ իշխանությունը, որի արդյունքներն օրեցօր տեսնում ենք` երկրի թուլացմամբ եւ պետական համակարգերի ոչնչացմամբ:

ՈՒՄ ՎՐԱ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԵԼ ԱՐԵՎՄՏԱՍՈՐՈՍԱԿԱՆ ԹԻՄԸ
– Ի դեպ, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ձեռնարկված քայլերը` համավարակի դեմ պայքարում:
– Նախ առողջապահական համակարգն ամբողջովին անպատրաստ էր: Այն պահին, երբ աշխարհը սպասում էր վիրուսոլոգիայի առումով նոր մարտահրավերի` Հայաստանում իշխանությունների ձեռամբ վիրուսոլոգիայի շատ կարեւոր մի օղակ` ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը, քայքայվում է: Կոնկրետ առողջապահության նախարարը, փոխանակ վիրուսոլոգիայի պատրաստի հիվանդանոցը` իր մասնագետներով ու սարքավորումներով, փորձով, դարձնի երկու բազային հիվանդանոցներից մեկը, որը կպայքարեր կորոնավիրուսի գրոհի դեմ, այն քայքայում է: Մենք տեսնում էինք, թե ինչպես էին բժիշկները դուրս եկել փողոց, ցույց էին անում կառավարության առջեւ եւ այլն: Իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հանրաքվեի քարոզչություն էր անում եւ բաժանում ինչ-որ «հպարտ քաղաքացու անձնագրեր», մետրոներում, քաղաքներում ու գյուղերում միտինգներ էր կազմակերպում, որտեղ մարդկային կուտակումներ կային: Մինչդեռ Հայաստանը, լինելով կիսաշրջափակման մեջ` ընդամենը 4 անցակետ ունի, եւ հնարավոր էր ժամանակին փակել սահմանը, որպեսզի վիրուսը երկիր չներթափանցի: Քայքայված ավիացիայի պարագայում օդանավակայանում շատ քիչ օդանավեր էին իջնում, եւ ունենք ընդամենը մեկ գնացքի գիծ` Երեւան-Թբիլիսի, այսինքն` այդ ամենը վերահսկելը բավականին հեշտ գործ էր, եթե դրան սթափ վերաբերվեին ու չասեին` «լուրջ հիվանդություն չէ», «ում շունն է», «արաղով, պինցետով» կհեռացնենք, «դրա դեմ որեւէ բան անել պետք չէ» եւ այլն: Եթե այդ հիմարությունների եւ անլուրջ արտահայտությունների շարքը չլիներ, ապա այդ 4 անցակետը փակելը եւ Իտալիայից եկած մարդկանց 14 օրով կարանտինի տեղավորելը, պարտադիր պայման էր` այն դեպքում, երբ մեր իշխանությունները ասում էին, որ նրանք չեն կարող մի ինքնաթիռ տեղավորել, որպեսզի ստուգեն նրանց առողջական վիճակը:
– Այն ժամանակ, երբ բոլորը հորդորում էին շտապ քայլեր ձեռնարկել, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լուռ էր: Եվ միայն հիմա, երբ արդեն Փաշինյանը զգուշավոր լավատեսությամբ հայտնում է, որ դրական դինամիկա կա վիրուսի դեմ պայքարում, հանկարծ Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հայտարարությամբ եւ միասնության կոչեր հնչեցնում: Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված:
– Իշխանությունների վարած անպատասխանատու գործողությունների հետեւանքով երկրում ստեղծվել է ծայրահեղ բարդ տնտեսական եւ սոցիալական իրավիճակ: Սոցիալական շատ խմբեր գտնվում են անօգնական, անպաշտպան վիճակում, եւ բոլոր կոչերը` նրանց ինչ-որ ձեւով աջակցելու, հանդիպում են «ձե՞ռ եք առնում» բացականչությունների: Բացի այս, Արցախում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ բարեբախտաբար, ընտրության առաջին փուլի վտանգները հաղթահարվեցին, սակայն չեմ կարծում, որ մոտակա օրերի ընթացքում այն ուժերը, որոնք ունեն խնդիր` Արցախում իրականացնել ինչ-ինչ խառնակչություններ, նրանք այն չեն իրականացնելու: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ապա նա մի կողմից` հասկանում է, որ Նիկոլենց վիճակը շատ լուրջ է, եւ երկրորդ` Արցախում գոնե այն ուժերը, որոնց նա է ներկայացնում, առաջին փուլում կրեցին պարտություն, եւ որպեսզի փրկի իր թիմը կործանումից` ընդգծեց, որ Փաշինյանն այլեւս դերակատարություն չունի, դերակատարություն ունեն երկու հոգի` Ավինյանը եւ Արսեն Թորոսյանը: Դրանով նա կարծես թե ցույց տվեց, թե ում վրա է իր ընտրությունն արել այն արեւմտասորոսական թիմը, որը ներկայացնում է Տեր-Պետրոսյանը:
ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ԾԻԾԱՂԵԼԻ ԵՆ, ԵՐԲ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՏՆՎԵԼ ԲԱՆՏՈՒՄ
– Կարծում եք, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվո՞ւմ է իր քաղաքական հոգեզավակ Փաշինյանից:
– Շատ հետաքրքիր բան եղավ հանրաքվեի քարոզարշավի ժամանակ, երբ Նիկոլը վազվզում էր մետրոյից գյուղեր: Նա հայտարարեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք կեղծվել են ընտրությունները: Դրանով նա փորձեց Լ. Տեր-Պետրոսյանին, որը շատ մեծ ներգրավվածություն ունի այսօրվա իշխանության մեջ, մի փոքր տարանջատել` հիշեցնելով Տեր-Պետրոսյանին այն ճշմարտությունը, որ նա ժամանակին 1995-96 թթ.ին կեղծեց ընտրությունները եւ ինքնահռչակվեց երկրի նախագահ: Ի դեպ, այստեղ չի կարելի չհամաձայնել Փաշինյանի հետ: Բայց, հասկանալի է, որ սա Տեր-Պետրոսյանը Փաշինյանին չէր ներելու, հասկանալի էր նաեւ, որ Տեր-Պետրոսյանի թիկունքում կանգնած ուժերը չէին ներելու Արցախում իրենց պարտությունը: Եվ այն, ինչի մասին բավականին բաց խոսվում է, որ Ավինյանը գալիս է փոխարինելու Փաշինյանին` իրեն ապահովագրելով` բացահայտեց Տեր-Պետրոսյանը:
– Իսկ ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանն անհանգստացած 2016 թ. ապրիլի ռազմական գործողությունները քննող ԱԺ հանձնաժողովի գործունեությամբ: Նա հորդորում է սառեցնել հանձնաժողովի գործունեությունն այն ժամանակ, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել այդ հանձնաժողովի նիստին:
– Եթե մենք սկսենք բացահայտել, թե ինչով էին զբաղված ապրիլյան օրերին այն ուժերը, որոնք այսօր իշխանության են, ապա նրանց համար շատ վատ հետեւանքներ կունենա: Հավանաբար, նրանց հաշվարկն այն էր, որ երկրի երրորդ նախագահը կհրաժարվի այնտեղ գնալուց` ինչ-ինչ հարցադրումներ կամ թեմաներ բացելուց: Բայց երբ իրենց հաշվարկը չիրականացավ, եւ Սերժ Սարգսյանն ասաց, որ պատրաստ է գնալ մի պայմանով, որ իր ասածները կտեսագրվեն, եւ նա կունենա դրանց մի պատճենը, հանձնաժողովը խուճապի մատնվեց, անմիջապես խուճապի մատնվեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ասաց, որ դրա ժամանակը չէ: Ընդհանրապես` այդ հանձնաժողովը ստեղծված էր քաղաքական հետապնդում իրականացնելու եւ զինվորականների հանդեպ ճնշումներ գործադրելու համար: Այն պետք է լիներ քաղաքական հետապնդումների գործիք: Սակայն եկեք հիշենք, թե ինչով էին զբաղվում Տեր-Պետրոսյանը, իր թիմն ու շրջապատը: Ինչպիսի կոչերով էին հանդես գալիս Ապրիլյան պատերազմից ընդամենը կարճ ժամանակ հետո` համապետական ընտրությունների ժամանակ: Կան փաստեր, որ օրինակ լիբերալ-սորոսական ուժերին մոտ կանգնած բազմաթիվ ԶԼՄ-ներ տարածում էին այնպիսի տրամադրություններ, որոնք քայքայում էին հայկական բանակի մարտունակությունը: Անգամ ուղիղ կոչեր են հնչել, որպեսզի հայ զինվորնները կռվեն ոչ թե ադրբեջանցիների, այլ սեփական իշխանությունների դեմ: Եվ կարծում եմ` ձեռնտու չի լինի թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե՛ Նիկոլ Փաշինյանին ու իրենց շրջապատներին, թե՛ բոլոր սորոսական ուժերին, որպեսզի բացահայտվի, թե նրանցից յուրաքանչյուրի դերը 2016-2017 թթ.-ին: Եվ վերջապես` Լ. Տեր-Պետրոսյանի համերաշխության կոչերը ծիծաղելի են, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտում է: Համերաշխության կոչերը պետք է սկսվեին նրանից, որպեսզի դադարեցվեին քաղաքական հետապնդումները Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, քաղաքական այն գործիչների հանդեպ, ովքեր ունեն հայրենասիրական մոտեցում եւ երկրի համար անհանգստացած են: Հանկարծ որեւէ մեկը թող սա չխառնի օրենքով սահմանված պատասխանատվության մասին: Եթե կան այդպիսիք, ովքեր կոռուպցիայի մեջ են խառնված, պետական բյուջեին են վնաս տվել, սա այլ է, բայց հարցը դրան անգամ չհասավ: Մենք միայն տեսնում ենք քաղաքական հետապնդումներ` ԶԼՄ-ների, կուսակցությունների, դատավորների, Սահմանադրական դատարանի հանդեպ: Եվ եթե Տեր-Պետրոսյանն այդքան մտահոգված է միասնությամբ, ապա պետք է կոչ անի առաջին հերթին իշխանությանը, որպեսզի դադարեցնեն քաղաքական հետապնդումները, ստեղծեն ազգային միասնության մթնոլորտ, ինչի մասին բազմիցս ասել ենք եւ նախազգուշացրել, թե ինչով է հղի այսպիսի տարանջատումը երկրի ներսում, մանավանդ ներկայիս աշխարհացունց գործընթացների ժամանակաշրջանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

