ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԸ ՄՏՑՎԱԾ Է ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ
Արխիվ 16-20Համավարակի առնչությամբ սահմանված արտակարգ դրության պայմաններում պարետատունը նույնիսկ անհաջող փորձեր էր ձեռնարկել փակել թերթի կրպակները ու դրանով իսկ ոչնչացնել տպագիր մամուլը: Մինչդեռ «քաղաքակիրթ Արեւմուտքում», որից այդքան սիրում են օրինակներ բերել ներկայիս իշխանավորները, ոչ միայն կրպակները շարունակում են գործել, ոչ միայն թերթ գնելու համար դուրս եկող քաղաքացին չի համարվում կարանտինի ռեժիմի խախտող, այլեւ տպագիր մամուլը ստանում է էական պետական աջակցություն:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՊՐՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՇՎԻՆ
ԱՄՆ-ում համավարակի պատճառով տպաքանակներն ընկել են 15-20 տոկոսով, քանզի խոշոր ձեռնարկությունների գրասենյակներում դադարեցվել է թերթերի բաժանորդագրությունը: Բացի այդ, թերթերը կորցրել են բազում գովազդատուների: Սակայն դաշնային եւ տեղական իշխանությունները բավականին զգալի միջոցներ են ծախսում բնակչության հետ բացատրական աշխատանք տանելու համար, պատմելով, թե ինչպես կարելի է դանդաղեցնել համաճարակի ծավալումը, ստանալ այս կամ այն օգնությունը եւ այլն: Վճարովի հիմունքներով այդ ամենը հրապարակվում է նաեւ մամուլում:
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԹԵՐԹԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔ ԵՆ
Իտալիայի կառավարությունը համարում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում տեղեկատվությունն առաջնահերթ նշանակություն ունի, եւ այդ պատճառով նրանք թերթերը պաշտոնապես ճանաչեցին առաջին անհրաժեշտության ապրանք: Թեեւ տպաքանակների որոշակի անկմանը, երկրում գործում են տասնյակ-հազարավոր կրպակներ, ուր վաճառողները դիմակով եւ ձեռնոցով իտալացիներին են փոխանցում իրենց սիրելի թերթերը: Թերթ կարդալը Իտալիայի կայուն ավանդույթներից մեկն է, ու թեեւ սրճարանում այժմ թերթ չես կարդա` սրճարանների փակ լինելու պատճառով, սակայն միեւնույնն է` մարդիկ կարդում են: Թերթի կրպակը Իտալիայում կարեւորագույն սոցիալական դեր ունի ներկայիս պայմաններում: Թերթ վաճառողը այժմ փողոցի այն քիչ մարդկանցից է, ում հետ կարելի է մի քանի խոսք փոխանակել, կատակել, քննադատել կառավարության սահմանած հերթական սահմանափակումները: Բացի այդ, կրպակում կարելի է գնել խաղալիքներ, կպչովի տիպեր, այլ մանր-մունր ապրանքներ: Թերթերի ակտիվությունը չի նվազել, նրանց մի մասը շատ տեղ է տալիս սոցիալապես պատասխանատու բիզնեսի գովազդային նյութերին, որ պատմում են վիրուսի դեմ պայքարում իրենց ներդրման մասին: Գործնականում բոլոր թերթերը հրապարակում են հանգանակության հայտարարություններ` բժիշկներին, հիվանդանոցին եւ քաղաքացիական պաշտպանության ծառայությանը օգնելու նպատակով: Կան նաեւ թերթեր, որոնք ամեն մի օրինակի հետ տալիս են ծրար մի քանի դիմակով:
ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԹԵՐԹԵՐԻ ՏՊԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԿԵԼ
Չնայած միլիոնավոր բրիտանացիների ինքնամեկուսացմանը, օրվա երկրորդ կեսին բոլոր թերթեն արդեն վաճառված են: Այդ երկրում թերթերի վաճառքով զբաղված են նաեւ փոքրիկ խանութները, ինչպես նաեւ խոշոր մթերային խանութների հատուկ բաժնները: Ընդ որում, թերթեր գնում են ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչները:
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ՄԱՄՈՒԼԻՆ
Իսպանիայի կառավարությունը, սահմանելով կարանտին, տպագիր մամուլը հատուկ հռչակել էր առաջին անհրաժեշտության ապրանք: Կրպակների 85 տոկոսը գործում է, իսկ թոշակառուների համար` կրպակ գնալ թերթ գնելու, թերեւս միակ տարբերակն է, ինչ-որ բազմազանություն մտցնել ինքնամեկուսացված կյանքի մեջ:Թերթի մատակարարները եւ լրագրողական կազմակերպությունները հատուկ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի թերթերը հասցվեն բենզալցակայաններին կից գործող փոքրի խանութները:
ԿԱՆԱԴԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԳՈՎԱԶԴ Է ՏՎԵԼ
Կանադայի իշխանությունները որոշել են տեղական տպագիր մամուլում հրապարակել կորոնավիրուսի դեմ պայքարին նվիրված գովազդային նյութեր` ընդհանուր առմամբ 30 մլն դոլարի: Դա շատ շոշափելի գումար է, քանզի կառավարությունն ընդհանրապես տարեկան բյուջեով ԶԼՄ-ներում, որ գովազդ է պատվիրում 40 մլն դոլարի, իսկ այդ 30 մլն-ն փաստորեն կարճ ժամկետում տրվող հատկացում է: Մեկնաբանելով այդ որոշումը, Նիկոլի կողմից ընկեր հռչակված Կանադայի վարչապետը հայտարարեց, որ անընդունելի է համարում ճգնաժամի պատճառով թերթեր փակվելը եւ լրագրողների գործազուրկ դառնալը: Բացի գովազդային պատվերից, լրատվամիջոցներում աշխատող մարդիկ աշխատավարձի եկամտահարկի հետաձգում են ստացել:
Պատրաստեց Ա. ԱՐԱՄՅԱՆԸ

