ԱԺ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 16-20ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի կազմում է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ: Մինչդեռ այն իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, Քննիչ հանձնաժողովի լիազորությունները վերապահվել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, որի անդամ էր նաեւ Ս. Միքայելյանը: Բայց երբ Ս. Միքայելյանն իմացել էր, որ հանձնաժողովի անդամները, օրենքով սահմանված կարգով, փակ նիստերին մասնակցելու համար նախապես ԱԺ-ում պետական պահպանություն իրականացնող մարմնի կողմից առաջադրված թեստեր պետք է լրացնեն, անձնական բնույթի հարցաշարի պատասխանեն, հրաժարվել էր մաս կազմել այս հանձնաժողովի: Թե ինչ է թաքցնում Ս. Միքայելյանը, որ հանուն դրա պատրաստ է անգամ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններին տիրապետելու հնարավորությունից հրաժարվել, դժվար է ասել: Սակայն, այն, որ ԱԺ պաշտոնական կայքն առնվազն թյուրիմացության մեջ է գցում նման վրիպումներով, փաստ է: Իսկ եթե առաջնորդվել են, պարզապես, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով, ապա առնվազն «Իմ քայլը» խմբակցությունը պետք է թույլ չտար նման օրինախախտում եւ հեռացներ Ս. Միքայելյանին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից` նրան տեղափոխելով մեկ այլ հանձնաժողով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

