Անվճար տրանսպորտ, աշխատավարձի 100% փոխհատուցում, աջակցություն բիզնեսին, բայց այս ամենը Ֆրանսիայում
Արխիվ 16-20Աշխարհի տարբեր երկրների կառավարությունները, ունենալով ավելի մեծ թվով կորոնավիրուսի վարակակիրներ ու մահեր, այդուհանդերձ շարունակում են անել հնարավորն ու անհնարը` իրենց քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու եւ համավարակի պատճառով առկա վնասները չեզոքացնելու համար: «Իրավունքի» հետ զրույցում Փարիզում հայերենով ու ֆրանսերենով հեռարձակվող «ԱՅԲ Fm 99.5» ռադիոկայանի լրագրող, հաղորդավար ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ֆրանսիական իրականությունից: Նախ` Ֆրանսիայում բնակվողների համար ամենաուրախալին այն է, որ մի քանի օր առաջ այլ երկրներից ստացել են մեծ քանակությամբ դիմակներ, ինչպես նաեւ շնչառական ապարատներ` կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Ֆրանսիայում արտակարգ դրությունը կպահպանվի մինչեւ ապրիլի 15-ը, թեպետ հնարավոր է, որ այն երկարաձգվի:
- Սուպերմարկետները, դեղատները եւ բանկերն այս պահին աշխատում են, բայց ոչ լիարժեք ժամանակացույցով: Բաց են մինչեւ ժամը` 19:00-ին: Ֆրանսիայի կառավարությունը` նախագահի գլխավորությամբ, փոքր եւ միջին ձեռնարկություններին, ովքեր փակված են, այս պահին չեն աշխատում, տալիս է մոտ 1500 եվրոյի չափով աջակցություն: Այն աշխատողները, ովքեր աշխատանքի չեն գնում, նրանց աշխատավարձի 84 տոկոսն է ապահովում պետությունը: Այսինքն` եթե ստանում են 1200 եվրո աշխատավարձ, այդ գումարի 84 տոկոսն են հատկացնում: Իսկ աշխատավարձի 100 տոկոսը ստանում են նրանք, ովքեր 1200 եվրոյից ցածր աշխատավարձ են ստանում: Ֆրանսիան օրենքով սահմանել են տուգանքներ, որը գործելու է մինչեւ արտակարգ դրության ավարտը: Օրական մոտ 500 մարդ ստանում է տուգանք` 135 եվրոյի չափով: Երեք օրվա մեջ այն չվճարելու դեպքում` տուգանքը բարձրանում է 375 եվրոյի: Իսկ 15 օրվա ընթացքում, երբ տվյալ մարդը տուգանքը չի վճարում, 3750 եվրո վճարելու է եւ սպասում է նրան նվազագույնը 6-ամսյա ազատազրկում: Ուսումնական հաստատությունները փակ են անորոշ ժամանակով, բոլորը գտնվում են տանը: Սակայն տրանսպորտը գործում է, բայց ոչ թե ինչպես նախկինում` առավոտից մինչեւ ուշ երեկո, այլ միայն հատուկ ժամերի, ընդ որում` անվճար, որպեսզի խուսափեն վարորդի հետ շփումից: Օրը մեկ անգամ տնից դուրս գալու եւ, իհարկե, աշխատանքի գնալու իրավունք կա, հատուկ ձեւաթուղթ ես լրացնում, թե ուր ես տեղաշարժվում, ինչի համար եւ ներկայացնում ես անձը հաստատող փաստաթուղթ ոստիկանության աշխատողին: Չի թույլատրվում շատ տեղաշարժվել, քանի որ ըստ հասցեի պետք է տեղաշարժվենք` մաքսիմում մի քանի կմ հեռավորության վրա: Ցավոք, բարեկամներին ու ազգականներին չենք կարողանում այս օրերին տեսնել, բոլորը գտնվում են տանը եւ փորձում են կարանտինի շրջանը հաղթահարել: Ֆրանսիայի առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է, որ թվերի նվազում լինի, եւ սայլը տեղից կամաց-կամաց շարժվում է: Մի որոշ ժամանակ անց կրկին Ֆրանսիա ինքնաթիռ կժամանի` բերելով մեծաքանակ դիմակներ, ձեռնոցներ, շնչառական ապարատներ, որոնք նախապես պատվիրված էին Ֆրանսիայի կառավարության կողմից: Այս պահի դրությամբ Ֆրանսիայի ամբողջ տարածքում կա վարակված 40 հազարից ավել հիվանդ, որոնց մեծ մասը գտնվում են հիվանդանոցներում, մի մասը` տանը` բժիշկների հսկողության ներքո: Օրական վարակվածների թիվն ավելանում է մոտ 3400-4500-ով: Այնքան շատ են հիվանդները, որ հիվանդանոցներում ազատ մահճակալ չկա, վերակենդանացման բաժանմունքներում` նույնպես: Դրա համար հիվանդների մի մասը գտնվում են տանը, որոնք պարբերաբար կապի մեջ են բժիշկների հետ: Ապրիլի 3-ին Ֆրանսիայում ունեցել ենք 558 մահ, ապրիլի 4-ին` 778, ապրիլի 5-ին` 509, ապրիլի 6-ին` արդեն 477: Կարծես թե, գնալով նվազում են թվերը, եւ կորոնավիրուսը սկսում է նահանջել, ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարության կողմից տրված տեղեկատվական բազայից: Հիվանդները, ովքեր մահանում էին, ունեին բազմաթիվ խրոնիկական հիվանդություններ, այսինքն` դրա համար էլ չէին կարողանում դիմագրավել կորոնավիրուսին, եւ շատերը մահանում էին: Տոկոսային հարաբերությամբ` մահացածների 40-50 տոկոսը մեծահասակներ են` 70-ից բարձր տարիք ունեցողներ, 15-20 տոկոսը` 40-ից ցածր մարդիկ, մահացել է նաեւ փոքրիկ մի երեխա եւ 16 տարեկան աշակերտ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

