ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվածություն ձեռք կբերեն նավթի շուկայում իրավիճակի կարգավորման հարցով, գրում է tass.ru-ն։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմն ակնկալում է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում երկրում տնտեսական ակտիվության աշխուժացում, Թրամփը պատասխանել է․ «Մենք պատրաստվում ենք փրկել ավիաընկերությունները և ամերիկյան այլ ընկերություններ, օրինակ՝ էներգետիկ ոլորտի ընկերությունները: Մենք ունենք աներևակայելի խոշոր էներգետիկ բիզնես, որտեղ չենք ցանկանում կորցնել աշխատատեղերը։ Ես բանակցություններ եմ ունեցել ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ, և կարծում եմ՝ նրանք կպայմանավորվեն։ Կարծում եմ՝ ամեն ինչ բարեհաջող կավարտվի»,- ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը չի թաքցրել, որ ԱՄՆ-ում տնտեսական ակտիվության «հզոր և արագ աշխուժացում» է ակնկալում:
Նշենք, որ համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ նավթի շուկայի հավասարակշռության հարցում՝ ընդգծելով որ նավթի շուկայում երկարաժամկետ կայունությամբ շահագրգռված են բոլոր երկրները։
Հիշեցնենք, որ նավթի գները սկսել են նվազել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, այն հարված է հասցրել նավթի համաշխարհային պահանջարկին: Գներն անկում են գրանցել ՕՊԵԿ+ գործարքի ձախողումից հետո, երբ Ռուսաստանը չի ընդունել առաջարկվող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան ու գործընկերները հրաժարվել են երկարաձգել նավթի արդյունահանման մակարդակի կրճատումը: Արդյունքում ապրիլի 1-ից համաձայնության մասնակից կողմերը ազատվել են նավթի արդյունահանման որևէ պարտավորություններից և ծրագրում են բարձրացնել արդյունահանման մակարդակը: Ամենածայրահեղն արձագանքել է հենց Սաուդյան Արաբիան՝ խոստանալով նավթի մատակարարումն ավելացնել մեկ օրում 3 միլիոն բարելով, ինչպես նաև ռեկորդային զեղչ սահմանել վերջին տասնամյակների համար: Այսպիսով՝ թագավորությունը մտադիր է ավելացնել իր բաժինը շուկայում և դուրս թողնել մրցակիցներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին:
Դրանից հետո ՕՊԵԿ+ երկրները որոշել են արտահերթ հանդիպում անցկացնել, որի ընթացքում նախատեսվում է քննարկել նավթի արդյունահանման ծավալների կրճատումը: Ի սկզբանե հաղորդվում էր, որ այն պետք է տեղի ունենա ապրիլի 6-ին, սակայն այն կկայանա վաղը՝ ապրիլի 9-ին։ Իսկ ապրիլի 10-ին տեղի կունենա G20 երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպումը։