Մհեր Եղիազարյանի մահվան հետ կապված արդեն տարուց ավել է, որ դատաբժշկական փորձաքննություն են անցկացնում
Արխիվ 16-20Անցած տարվա հունվարի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում մահացավ կալանավոր Մհեր Եղիազարյանը: Այդ փաստը մեծ աղմուկ առաջ բերեց: Բանն այն է, որ մինչ այդ, Մհերը, բողոքելով իրեն ներկայացված մեղադրանքի եւ կալանքի դեմ, 44 օր շարունակ հացադուլի մեջ էր: Ճիշտ է, նա մահվանից օրեր առաջ դադարեցրել էր հացադուլը, սակայն մեծ երեւակայություն պետք չէ` հասկանալու համար, որ Մհերի մահվան հարցում հսկայական էր պետության եւ պատկան չինովնիկների մեղավորությունը:
Բնական է, պետական պատկան կառույցները սկսեցին կոկորդիլոսի (հայտնի մարզպետի հետ չշփոթել) արդյունքներ թափել, թե իրենց մեղք չունեն, եւ որ արագ կպարզեն մահվան հանգամանքներն ու կապացուցեն: Միաժամանակ պաշտոնապես տեղեկացվեց, որ նախաքննություն են սկսել եւ «նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»: Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու փաստը հատուկ հիշեցրինք՝ հաշվի առնելով հետեւյալը: Այսպես, մեկ տարուց ավել է, որ Մհեր Եղիազարյանի գործով նախաքննության մասին ձայն ու ծպտուն չկա: Եվ ահա անցած ամսվա վերջերին գրավոր հարցումով դիմեցինք Քննչական կոմիտե՝ այդ պահին արդեն 14 ամսից ավել շարունակվող նախաքննության արդյունքների մասին պարզաբանում ստանալու համար: Սակայն գրավոր պատասխանը, որը ստացանք Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունից, մեղմ կլիներ ցնցող համարելը: Այսպես, արդարադատության առաջին դասի խորհրդական Ս.Մաթեւոսյաի ստորագրությամբ այդ պատասխանում ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված Ձեր 23.03.2020թ. գրության կապակցությամբ հայտնում եմ, Մհեր Երամիշի Եղիազարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. հունվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 12101919 քրեական գործը: Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական ու դատավարական գործողություներ: 2019թ. ապրիլի 15-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»:
Այս գրությունից առնվազն մի քանի ուշագրավ հարց է ծագում: Հիշեցնենք, պաշտոնական ատյանները դեռ անցած հունվարի 26-ին էին հայտարարել նախաքննության, եւ, ինչպես հատուկ ընդգծեցինք, դատաբժշկական փորձաքննության նշանակման մասին: Իսկ ահա վերոհիշյալ գրությունը ցույց է տալիս, որ քրգործ հարուցվել է հունվարի 29-ին՝ մահվանից երեք օր անց: Ի՞նչ է դա թույլ տալիս ենթադրել. մահվանից անմիջապես հետո անցկացվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն այնպիսին են եղել, որ Մհերի մահվան փաստում հանցագործության հիմնավորումներ են ի հայտ եկել, եւ գործ է հարուցվել: Ու անմիջապես էլ այդ գործը հայտնվել է տեղապտույտի մեջ. միայն հարուցելուց 2.5 ամիս անց՝ ապրիլի 15-ին է նշանակվել «հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն»: Դրանից հետո էլ արդեն մեկ տարի է անցել, սակայն հաշված ժամեր պահանջող այդ «հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության» եզրակացությունը չկա ու չկա: Իհարկե ասել, թե արդեն տարուց ավել մի հասարակ փորձաքննություն չեն կարողանում անցկացնել, ծիծաղելի կլիներ: Ու երբ այդքան ժամանակ ձգձգում են, ապա դա մեկ տրամաբանական եզրակացության է տանում՝ գործը բացելու ցանկություն պարզապես չկա: Կարճ ասած, ստիպված են լինելու խոստովանել, որ ճիշտ էր հանրային շրջանառության մեջ գտնվող նախնական վարկածը՝ Մհերի մահը պետական կոնկրետ չինովնիկների խղճին է, եթե միայն նրանք խիղճ ասածն ունեն: Իսկ եթե երկար քչփորես, ով իմանա, թե ուր կհասնես: Ու մնում է իրավապահ համակարգին խայտառակող ամեն մի նման պատասխան տալ՝ տարուց ավել փորձաքննություն են անցկացնում, ու դեռ եզրակացություն չկա:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

