Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից. «ԿԱՄՔ»
Արխիվ 16-20Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դիմել է ՀՀ եւ Արցախ ժողովրդին, Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու, ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին՝ մասնավորապես նշելով.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը գալիս է իր անհանգստությունը հայտնելու ԼՂՀ-ում 2020թ․ մարտի 31-ի ընտրությունների եւ նրանց հաջորդող դեպքերի վերաբերյալ: Արձանագրված արդյունքները, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի պահվածքը, մեղմ ասած, քաղաքական արկածախնդրություն է, եւ հակառակ է Արցախի եւ համայն հայության շահերին:
Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից եւ հրաժարվել երկրորդ փուլում իր թեկնածությունը ներկայացնելուց: Դիմում ենք նաեւ Արցախի ժողովրդին՝ ստեղծված իրավիճակում լինել զգոն, պարոն Մայիլյանի ու նրա բացահայտ եւ թաքուն գործող կողմնակիցների անհեռատես քաղաքականությունը կարող է ընդամենը համաղետի առաջ կանգնեցնել:
Դիմում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ համայն սփյուռքի բոլոր քաղաքական ուժերին, անտարբեր չմնալ այս զգայուն քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախում ընթացող խիստ վտանգավոր եւ կասկածելի գործընթացների նկատմամբ:
Արցախում տեղի ունեցող դեպքերը արցախահայության խնդիրները չեն, որովհետեւ Արցախը Հայաստան է եւ վերջ, որի համար էլ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խոստանում է անտարբեր չլինել Արցախն ու հայությունը պառակտող այս եւեւույթի նկատմամբ»:

