Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային
Արխիվ 16-20Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է հռոմեական ակումբի «Միասին» ակցիային, որի շրջանակում թիմն օգնություն է ցուցաբերում կորոնավիրուսի համաճարակի պատճառով սննդի կամ բժշկական պարագաների կարիք ունեցող 60-ից բարձր տարիքի մարդկանց, որոնք ունեն ակումբի խաղերի տոմսերի տարեկան անդամագրություն։
«Ռոմայի» կազմակերպած ակցիան գործում է ապրիլի 2-ից։ Իտալիայում գործում է հատուկ հեռախոսահամար, որի միջոցով նշված խմբի մարդիկ կարող են կապ հաստատել ակումբի հետ։
Ծառայություններից օգտվելու ցանկություն ունեցողները կարող են զանգահարել +39 (0) 689 38 6000 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
«Ռոմայում» նման ակցիա կազմակերպելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Իտալիայում տարեց մարդիկ վախենում են համաճարակի պատճառով դուրս գալ տնից՝ սնունդ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ ձեռք բերելու համար։
Ավելացնենք, որ Իտալիայում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 124,632, մահացել է 15,362 մարդ, 20,966 մարդ ապաքինվել է։

