«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՍ ՓԱԿ ԵՐԿՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԿԱՆԽԵԼ ՆՄԱՆ ՉԱՓԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ»,- ՆՈՐԱՅՐ ԴԱՎԻԴՅԱՆ
Արխիվ 16-20«Այն, ինչ արվում է նախարարության, կառավարության կողմից՝ կանխարգելիչ աշխատանքների առումով, վատ չէ, բայց մի փոքր անփութություն կար հենց սկզբնական շրջանում: Բոլորդ էլ հիշում եք, որ նախարարը ասում էր` դե գրիպ ա, էլի: Ես չեմ պարկերացնում, որ վարչապետը խորհրդակցած չլիներ, թե սա ինչ է իրենից ներկայացնում: Ժամանակին ինձ էլ են կանչել, հազար ու մի հարցեր են եղել, հազար պարզաբանումներ են եղել: Ամեն դեպքում, իմ կարծիքով, պարզապես պետք էր ավելի շուտ կանխարգելիչ աշխատանքներ իրականացվեին, որ սրան չհասներ»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված կանխարգելիչ միջոցառումներին, նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը: Ապա անդրադառնալով տարածված լուրերին, որ վարակը առավել վտանգավոր է ուղեկցվող հիվանդությունների դեպքում, ասաց.
- Այն, որ մահացությունը մեզ մոտ քիչ է, դա դեռ չի նշանակում, որ վիրուսը վտանգավոր չէ: Այս վիրուսը վտանգավոր է, ամբողջ աշխարհն է համաճարակի մեջ: Լսում ենք այնպիսի բաներ, որ ծիծաղելի է: Ինչպես օրինակ, թե սիրտանոթային հիվանդություններից ավելի շատ են մահանում, քան՝ գրիպից: Տվյալ պահին վիրուսը կա ամբողջ աշխարհում, այո՛, կա վտանգ, մարդիկ պետք է հասկանան, եւ լուրջ աշխատանք պետք է տարվի դրա դեմ:
- Պարոն Դավիդյան, այս պահի դրությամբ առողջապահության ոլորտի պատասխանատուների գործողությունները՝ վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ, որքանո՞վ են արդյունավետ:
- Գիտեք, չեմ ցանկանում որեւէ մեկին քննադատել, բայց ինչպե՞ս են ինֆեկցիոն հիվանդներին տուն ուղարկել, եթե իհարկե ուղարկել են: Եթե ինձ հարցնեին, ապա ես կանեի այնպես, ինչես անում են ամբողջ աշխարհում: Այսինքն, կնախատեսեի առանձնացված հիվանդանոց՝ հազարավոր տեղերով, եւ հիվանդները մի տեղ կբուժվեին: Մենք արդեն ունենք 14 վարակված բժիշկներ, ինչը բավականին տարակուսելի է:
- Պարոն Դավիդյան, ո՞րն է կորոնավիրուսի առանձնահատկությունը, որ նման արագությամբ է տարածվում:
- Կորոնավիրուսը ինկուբացիոն շրջան ունի, որը երկու շաբաթ է տեւում: Այդ ընթացքում ոչ ոք ոչինչ չգիտի, չի էլ կարող կռահել, որ հիվանդ է: Սա օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուս է: Հետո իմացեք, որ սա կարող է աչքի միջոցով էլ տարածվել: Բժշկության մեջ կա պրոֆիլակտիկա հասկացողությունը. վիրուսի կանխարգելման դեմ շատ ավելի հեշտ է պայքարելը, քան պայքարել արդեն վիրոսի տարածման դեմ: Անկեղծ ասած, ինձ դուր է գալիս, թե պարետ Ավինյանն ինչպես է աշխատում, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով` սա մի քիչ ուշացած էր: Մեզ մոտ պարետային ժամը միայն գիշերն է, իսկ ցերեկը շփումները կան, խանութներում նույնիսկ հերթեր կան: Իհարկե, վտանգ կա, եթե մարդը դրսում քայլում է, խախտում է կարանտինը: Մինչդեռ Հայաստանի պես փակ երկրում հնարավոր էր կանխել նման չափի տարածումը, եթե ժամանակին օդանավակայանում նորմալ ստուգում լիներ: Մեր բոլոր վարակները օդանավակայանով են եկել:
- Պարոն Դավիդյան, մարդիկ փողոցներում դիմակներ են կրում, ձեռնոցներ են դնում, որպեսզի պաշտպանվեն վիրուսից: Որքանո՞վ է դա արդյունավետ:
- Բացարձակապես ոչնչով, ես կրկնում եմ այդ վիրուսը աչքի միջոցով էլ կարող է փոխանցվել, որը միջազգային տվյալներով է հաստատված: Իսկ ձեռնոց, դիմակ կրելը պարզապես պաշտպանական միջոցներ են, վատ բան չէ: Սա հիգիենայի մի տեսակ է, եւ նորություն չէ, որ պետք է օրվա մեջ մի քանի անգամ լվացվել:
- Ըստ ձեզ` այս վարակը ե՞րբ կմարի:
- Տաքերն ընկնելուն պես կմարի, որքան բարձրանա ջերմաստիճանը: Եթե գոնե 20 աստիճան եւ ավել հասնի, այն կհանդարտվի: Պիկը, իմ կարծիքով, մի երկու շաբաթ կտեւի, հետո կսկսի սպառվել:
- Կորոնավիրուսը կրկնվելու հատկություն ունի՞:
- Հարցն այն է, որ դեռ չգիտենք այս վիրուսը իմունիտետ ունի՞, թե՝ ոչ: Բայց սկզբնական շրջանում, իմ կարծիքով աճի միտում կունենա:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

