Հանե՛ք ստելու մշակույթը Մակունցի միջից
Արխիվ 16-20Ազգային ժողովն այս շաբաթ «զոռով-շառով» մի կերպ անցկացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը, որով երկիրն, ըստ էության, վերածում են էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի՝ գաղտնալսելով ամենքին ու ամենուր: Նախագիծը շտապեց ստորագրել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Իշխանությունն էլ ինքն իրեն արդարացրեց՝ դրոշակ սարքելով եվրոպական փորձը: Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ նշել էր. «Այն բոլոր երկրները, որտեղ պանդեմիայով պայմանավորված հայտարարվել է արտակարգ դրություն, պետությունը ձեռնարկում է արտակարգ միջոցներ: Այդ միջոցառումները ենթադրում են սահմանափակումներ, օրինակ՝ տեղաշարժի կամ այլ, որոնք կան նաեւ Հայաստանում՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո: Շատ երկրներում՝ Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ եւ այլն, GPS լոկացիայով տեղորոշելով մարդկանց տեղանքը, միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը»:
Իհարկե, Մակունցի վստահ տոնով արված հայտարարությունը կարելի էր «հալած յուղի» տեղ ընդունել, եթե նույն Գերմանիայի մասին լուրերը չզարմացնեին հենց այդ երկրում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք վստահեցնում էին, որ նման բան չկա: «Իրավունքը» տեղեկությունը ճշտելու համար դիմեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդարան: Մեր հարցմանն ի պատասխան առաջնորդարանի քարտուղար, Բարեշնորհ ՍԱՅԱԹ սարկավագ ԲՈՅԱՋՅԱՆԸ տեղեկացրեց հետեւյալը. «Գերմանիայում դեռ քննարկում են այդ հարցը, եւ օրենքը ընդունված չէ: Եթե անգամ ընդունվի, ընդհանուր տենդենցն այն է, որ դա պիտի լինի կամավորության սկզբունքով»:
Այսքանից հետո մեզ մնում է միայն ավելացնել, որ Մակունցը ճիշտ էր՝ մշակույթն իրոք իր մեջ է, ավելի կոնկրետ՝ ստելու մշակույթը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

