Ջարդել, ապա թալանել են NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենաներից մեկը
Արխիվ 16-20Iravunk.com-ի տեղեկություններով քիչ առաջ ջարդել, ապա թալանել են NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենաներից մեկը:
Վերոնշյալ տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ լրատվամիջոցի ղեկավարը, իսկ թե կոնկրետ ինչ վնաս են հասցրել եւ այլ մանրամասներ՝ մեր գործընկերը խոստացավ քիչ ուշ ավելի առարկայական անդրադառնալ:
Նկատենք, որ վերոնշյալ լրատվամիջոցն էր հրապարակել աղմկահարույց՝ ոստիկանական բաժանմունքում տարիներ առաջ՝ հակագազով ցուցմունք կորզելու, տղամարդու խոշտանգման տեսանյութը: Ինչից հետո հարուցվեց քրեական գործ, այս պահին կան գործով անցնող երկու մեղադրյալներ:
Բացի այդ լրագրողը պարբերաբար՝ փաստարկված եւ հիմնավորված անդրադառնում է իրավապահ համակարգի անգործությանը եւ համակարգում՝ սպայի կոչմանը ոչ հարիր աշխատելաոճ ցուցաբերած անձանց գործունեությանը:
Ուշագրավ է, որ այս ամիս նույն մեքենայի վրա երկրորդ, մեղմ ասած, հարձակումն է սա: Մարտի 6-ին կրկին լրագրողի պատկանող նույն ավտոմեքենայում անկոչ հյուր էր հայտնվել: Արդյունքում, առավոտյան պարզվել էր, որ ավտոմեքենայի սրահից անհետացել է լրագրողի անձանգրի պատճենը, եւ մի սկավառակ, իսկ մեքենայի սրահում առկա կրիչը, բաժանված էր երեք մասի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

