«Ես չեմ ծնվել աշխարհի երեսին օնլայն ապրելու համար». Տիգրան Ներսիսյան
Արխիվ 16-20Համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով գրեթե երկու շաբաթ է Հայաստանում եւս մշակութային հաստատություններն անցել են վիրտուալ հարթակ: ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ համար եթե օնլայն հարթակում ներկայացումները դառնան մշտական, ապա իր մասնագիտությունը կհամարի ավարտված: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստը շեշտեց, որ իր համար մասնագիտական տոնը` Թատրոնի միջազգային օրը, այս տարի առաջին անգամ անցել է անշուք ու տխուր, նախ` այդ օրը բեմում չի եղել եւ հետո ստիպված վիրտուալ շնորհավորանքներ է ուղղել գործընկերներին:
- Այդ օրը` ինչպես միշտ, ես եւ կինս` Նելլին, նախ իրար շնորհավորեցինք, եւ հետո` ինչպես միշտ, շնորհավորեցինք մեր գործընկերներին ու թատերական ոլորտի ներկայացուցիչներին, բայց` վիրտուալ: Նախկինում այդ օրը թատրոնում էինք լինում, գրկախառնվում, շնորհավորում էինք, իրար աչքերի մեջ էինք նայում, իրար սրտի բաբախյուններն էինք զգում, բայց այս անգամ այդ ամենը վիրտուալ կատարվեց: Համենայնդեպս, ինձ համար տխուր անցավ, որովհետեւ երբեւէ նման բան չէր եղել: Դե, իսկ մեր մասնագիտական մրցանակաբաշխությունը` «Արտավազդը» հետաձգվեց անժամկետ... Այդ օրը այս տարի տխուր էր, քանի որ այդ շնչառությունը չկար:
- Իսկ ինչպե՞ս եք տանն անցկացնում արտակարգ դրության օրերը:
- Պիտի ասեմ, որ ինձ համար սա անտանելի ու սարսափելի բան է, որովհետեւ ես չեմ կարող մի տեղ երկար մնալ: Ակտիվ մարդ եմ, պետք է անընդհատ աշխատանքի մեջ լինեմ: Երբ ամռանը հանգստանալու ենք գնում, ես ամենաշատը տասը օր եմ դիմանում, դրանից ավել չեմ կարողանում հանգստանալ: Բայց հիմա այս դեպքում անորոշ է, սա չես համեմատի արձակուրդի հետ, սահմանափակված ես: Էլ չեմ ասում, որ բոլոր նախատեսված ծրագրերը, անելիքները բոլոր ասպարեզներում` թատրոն, նկարահանումներ, ամեն ինչը դադարի մեջ է, եւ չգիտես թե որքան ժամանակ սա կտեւի: Այդ անորոշությունն էլ մարդկանց մոտ խուճապ է առաջացնում, ուզում են ինֆորմացիա իմանան, թե ինչ է կատարվում, ինչ է սպասվում:
«ՄԵՐ ՍԵՐՆԴԻՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԸ ՉԻ ԱՀԱԲԵԿՈՒՄ»
- Պարոն Ներսիսյան, պատմության ընթացքում տեղի ունեցած համաճարակների ժամանակ համաշխարհային դեմքերը տանը փակված ստեղծել են իրենց գլուխգործոցները, կամ սկսել են նոր զբաղմունք գտնել կամ բացահայտել իրենց համար: Այս մի քանի օրերին Դուք նման նախասիրություններ չբացահայտեցի՞ք Ձեզ համար:
- Իհարկե, չեմ պատրաստվում մասնագիտությունս փոխել, պարզապես անում եմ այն, ինչ ընդհանրապես նույնիսկ սովորական կյանքի պայմաններում արել եմ կամ` երբ ազատ եմ եղել` կարդում եմ, ինչ-որ բաներ եմ գրում, զուտ ինձ համար, ոչ թե` պոեզիայի, ինչ-որ մտքեր եմ շարադրում կյանքից, այսօրվա կատարվելիք իրավիճակներից: Տան հետ կապված կիսատ մնացած գործեր կան, որոնք ավարտին եմ հասցնում: Բայց առաջին հերթին այս օրերին պարտադիր ուզում եմ տեղեկացված լինեմ, համաշխարհային լուրերին եմ հետեւում: Եվ հետո, մեր սերնդին այս վիճակն առանձնապես չի ահաբեկում, որովհետեւ մենք շատ բան ենք տեսել այս 30 տարվա ընթացքում` 90-ականներ, երկրաշարժ... Այս օրերին էլ մտովի անցնում եմ այդ օրերով, մեր կյանքն անցնում էր մթության մեջ, մոմի լույս տակ, բայց հույսը կար, ուրախությունը կար, այսինքն` մարդիկ չէին հուսահատվում այդ դժվարություններից: Հիշում եմ, թե ինչպես էի նստած երեխայիս համար բարձրաձայն կարդում Թումանյանի «Գիքորը», մայրս էլ` կողքիս նստած, հետո` լոտո էինք խաղում: Իմիջիայլոց, միշտ լոտոն սիրել եմ, հավաքվում էինք մեր տանը ու խաղում:
- Այսօր ժամանակակից տեխնոլոգիաները թույլ չե՞ն տալիս, որ կրկին ընտանիքով գիրք կարդաք, կամ` լոտո ու այլ խաղեր խաղաք:
- Չէ, պարզապես, նախ` ես խաղերից հեռու մարդ եմ, եւ հետո տանը ամեն մեկն առանձնացած է իրենց զբաղմունքներով, իրենց հետաքրքրություններով: Բայց երկրաշարժի օրերին, 90-ականների պատերազմի ժամանակահատվածում հիշում եմ, որ հոգեբանական առումով այսպես ընկճված չէին մարդիկ: Փառք Աստծո, որ այսօրվա երիտասարդները չեն տեսել այդ տարիների դժվարությունները, բայց նրանց համար այս վիճակը սթրես է: Ես հիշում եմ` ամեն առավոտ` ժամը 7-ին, վեր էի կենում գնում էի խանութ, որպեսզի կտրոնով հաց կարողանամ գնեմ, իսկ մայրս էլ` նավթի հերթ էր կանգնում, ու ոչ մի խուճապ չկար: Այսօրվա նման հիշում եմ, ախր, ապրել ենք այդ ամենը. մարդիկ հանգիստ հերթ էին կանգնում` իրար հարգելով:
- Գուցե, այդ տարիների հիշողությունից ելնելով, մարդիկ խուճապի մատնվեցին ու սկսեցին սուպերմարկետները «թալանել»:
- Կարծում եմ` դա բնազդային բան էր, մարդիկ անհանգստացած էին` վախեցած, որ կարող է վաղը մթերք չլինի: Բայց նկատեցի՞ք` աշխարհում ինչ էր կատարվում, մեզ մոտ ավելի լավ վիճակ էր: Տեսա՞ք Լոս Անջելեսում խանութներում ինչեր էին անում հացի համար, մեզ մոտ առանձնահատուկ խուճապ չեղավ: Պարզապես, մարդիկ մի քանի օրվա գնումներ էին անում: Իհարկե, կային չափազանցված բաներ` նույն այդ զուգարանի թղթերի ահռելի քանակությամբ գնելը, աբսուրդի էր հասնում: Եվ հետո, մարդիկ բոլորը ադեկվատ չեն, եւ, փառք Աստծո, որ նրանց տոկոսը քիչ է:

«90-ԱԿԱՆՆԵՐԻՆ ԹԱՏՐՈՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷՐ, ԱՅՍՕՐ` ԱՐԳԵԼՎԱԾ Է»
- Պարոն Ներսիսյան, երբեւէ հայաստանյան թատրոններն այսքան երկար փակված եղե՞լ էին, որքան գիտեմ, նույնիսկ Արցախյան պատերազմի տարիներին թատրոնի դռները չեն փակվել:
- Ժամանակի առումով չեմ կարող ասել` շատ թե քիչ, բայց 90-ականներին, այո, եղել են օրեր, որ թատրոնը փակ է եղել: Հարցն այն է, որ 90-ականներին թատրոնն օրինական փակված չէր, այսօր օրինական արգելված է: Այն ժամանակ թատրոնը չէր կարող լիարժեք գործել եւ չէր աշխատում: Իսկ այսօր հակառակն է` ամեն հնարավարություն կա, սակայն չեն խաղում, արգելված է: Սա համատարած է` միայն թատրոնով չի սահմանափակվում: Անկախության ժամանակահատվածից մինչեւ այսօր շատ դժվարություններ է տեսել մեր մշակույթը, շատ բաների միջով է անցել: Սրանք փորձություններ են, որ անընդհատ մեզ տրվում են: Այս ամենի մեջ լավն այն է, որ մենք կոփված ենք, կկարողանանք սա էլ հաղթահարել, պարզապես այս մի դեպքն ավելի համաշխարհային բնույթ է կրում: Ես անընդհատ հետեւում եմ համաշխարհային վերլուծաբանների, մասնագետների կարծիքներին ու հոդվածներին , որպեսզի իրազեկվեմ, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչի համար է սա արվում: Կարծես թե, իմ սուբյեկտիվ կարծիքով, արհեստական, ուռճացված բան կա այս ամենի մեջ: Ինչ-որ բաներ կան, որ հետո կիմանանք, երբ այս ամեն անցնի, որ այսինչ բանը սրա համար է արվել: Այն, ինչ այսօր կատարվում է` պատերազմներ, աշխարհաքաղաքական հարցեր, տնտեսական, ֆինանսական մուտքեր այս ամենը սարսափելի է, ու հասկանում ես, որ հնարավոր է` սա արվել է ինչ-որ նպատակների համար եւ արվում է ինչ-որ բանի հասնելու համար:
- Վերջին կես ամսում այսօր ամեն ինչ տեղափոխվել է վիրտուալ դաշտ, նույնիսկ թատրոններն են անցել առցանց ռեժիմի:
- Ինձ համար սա սարսափելի է, ես չեմ ծնվել այս աշխարհի երեսին վիրտուալ, օնլայն ապրելու համար: Ծնվել եմ նորմալ, մարդավարի ապրելու համար, այն, ինչ մարդուն տրված է: Իհարկե լավ է, որ այդ նոր տեխնոլոգիաները կան, բայց ամեն ինչը գեղեցիկ է չափի մեջ: Եթե վաղը ես պիտի սիրեմ, ապրեմ, հարազատներիս ու ընկերներիս հետ շփվեմ վիրտուալ, նրանց աչքերի մեջ չնայելով, պարզապես դա ինձ համար կլինի վախճանի նման, որովհետեւ ես այդտեղ ոչ մի լավ բան չեմ տեսնում: Շատ ենք խոսում, որ բոլորն իրենց համակարգիչների, իսկ երեխաները` սմարթֆոնների մեջ են ու իրար երեսի չեն նայում: Հիշե՛ք, թե ինչպես է անցել մեր մանկությունը, ամբողջ օրը բակում խաղում էինք «7 քար», «Բռնոցի-պպզոցի», «Հալամուլա», իսկ այսօր բոլոր խաղերը վիրտուալ են, օնլայն: Ինձ համար աշխարհի վերջը կլինի, որ իմ մասնագիտությունն էլ վիրտուալ շարունակի իր գործը: Բայց դեռեւս թատրոնները ստիպված են անցել վիրտուալ հարթակի, սա ժամանկավոր է, բայց, եթե հանկարծ սա լինի տեւական, կամ ասեն` վերջ, սրանից հետո այդպես է լինելու, ես չեմ կարողանա ապրել, ինձ այդպես հետաքրքիր չի լինի թատրոնը: Այդպես թատրոնի էությունը, բովանդակությունը, իրական պահի շփումը, ժամանակի, հոգու, սրտի հարաբերությունը` հանդիսատեսի հետ կկորցնի իմաստը:
«ՀԱՐՑԸ ՄԻԱՅՆ ԹԱՏՐՈՆԸ ՉԷ...»
- Այսինքն` Դո՞ւք էլ մտավախություն ունեք, որ հանդիսատեսը կսովորի այդ վիրտուալին, կնստի համակարգչի առաջ ու կգերադասի այդպես ներկայացում դիտել, իսկ արտիստն էլ ծափերի պակաս կունենա՞:
- Այո, բայց սա համատարած է բոլոր ոլորտների համար, ու հարցը միայն թատրոնը չէ: Եթե, օրինակ, հայտարարվեր, որ աշխարհով մեկ սահմանափակում են թատրոնը եւ ուզում են այն լինի վիրտուալ եւ փոխում են թատրոնի ձեւը, իմ մասնագիտությունը կհամարեի ավարտված: Կգերադասեի տանը նստել, մի բան նկարել կամ գրել, կամ էլ` լոտո խաղալ: Այո, կրկնում եմ, լավ են այդ նոր տեխնոլոգիաները, բայց նայած թե ինչ նպատակների համար են օգտագործում դրանք, եթե նպատակադրված է մարդուն սարքել ռոբոտ, անսիրտ ու անհոգի չգիտեմ ինչ, դա վատ է: Կամ նպատակ է դրված, որ ասենք 2040 կամ 50 թվականին աշխարհում արդեն ոչ ոք դուրս չգա տներից ու իրենց համակարգիչների առջեւ նստած ամեն ինչ անեն, էլ ի՞նչ ասեմ, դրանից արդեն լավ սպասելիքներ պետք չեն: Իսկ լա՞վ է, որ ցույց են տալիս կադրերը, թե աշխարհն ինչպես է դատարկվել: Միշտ ասել եմ, որ աշխարհին, քաղաքներին բովանդակություն են տալիս մարդիկ, ոչ միայն գեղեցիկ շինությունները: Բոլորս էլ սիրում ենք, որ Երեւանի փողոցներում առավոտյան կամ գիշերը մարդաշատ չի լինում, հաճելի է, գեղեցիկ է, բայց գիտես, որ այդ ժամանակ ստիպողաբար մարդկանց չեն «բանտարկել»: Ամեն դեպքում գեղեցիկ է, երբ քաղաքը լեցուն է մարդկային շփումով: Քաղաքը շինությունները չեն, այլ` մարդը:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

