«ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ԿՌԻՎ ԵՄ ՏՎԵԼ»
Արխիվ 16-20Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իրենց մասնակցությունն են ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ե՛ւ հայրական, ե՛ւ մայրական կողմի պապերը:
–Ես հպարտ թոռնիկ եմ, որովհետեւ երկու պապերս էլ մասնակցել են Մեծ հայրենական պատերազմին, երկուսն էլ Բեռլինում են եղել: Շատ հիշողություններ, ցավոք, չունեմ: Մայրական պապս` ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մահացել է շատ վաղուց` 1952 թվականին, պատերազմից վերադարձել է վիրավորված` մարմնի մեջ բազմաթիվ բեկորներ: Պատմում են, որ ասում էր. «Հետո ի՞նչ, հաշմանդամ դառանք, զատո գերմանացիների հետ դեմ առ դեմ կռիվ եմ տվել»:
Գեւորգ պապս հուղարկավորված է Նոր Նորքի գերեզմանատանը:
Հայրական պապս` ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, եւս պատերազմել է Բեռլինում, վիրավորվել է, մահացել է 1994 թվականին: Պապս պատմում էր, որ թուրքերի դաժանությունը չի հասնի գերմանացիների դաժանություններին:
Արմենակ պապս հուղարկավորված է Լոռվա Դեբեդ գյուղում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

