ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է... ՓԱՇԻՆՅԱՆԸ
Արխիվ 16-20Նախօրեին կայացած Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի հետ կապված ենթադրել, որ բոլորն էլ հենց այն տեսակետն էին հայտնում, որն անպայման կիրականացնեն նախագահ դառնալու դեպքում, միամտություն կլիներ: Սակայն նման բանավեճերում, որպես կանոն, թեկնածուները հնչեցնում են այնպիսի տեսակետ, որը հոգեհարազատ է ընտրողների գերակշիռ մասի ցանկություններին:
ՍՈՐՈՍԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՁԱԽՈՂՎԵՑԻ՞Ն
Հասկանալի է, ներկայացված տրամաբանությունն առավել քան գործում է` արցախյան բանավեճում թեկնածուներին տրված թերեւս ամենասպասված հարցի հետ կապված: Խոսքը արցախյան հակամարտության կարգավորման մասին թեկնածուների տեսլականի մասին է, որը, իհարկե, Արցախի բնակչության հուզող թիվ 1 թեման է: Եվ ահա, բանավեճին ներկայացած բոլոր թեկնածուների մոտ էլ, այս կամ այն երանգավորմամբ, այս մոտեցումն է՝ «Ոչ մի մետր հող չի զիջվելու», «Մենք չենք կարող եւ չենք վերադառնալու անցյալին», «Հայաստանի հետ վերամիավորում»: Կրկնենք, չկա երաշխիք, որ բոլոր թեկնածուներն էլ անկեղծ էին: Սակայն ոչ պակաս կարեւոր մեկ հանգամանք եւս հաշվի առնենք. բոլոր թեկնածուներն էլ, նման պատասխան տալով, փաստացի ցույց տվեցին, որ վստահ են, որ նման դիրքորոշում ունի արցախյան ընտրողների, այսինքն՝ ազգաբնակչության առյուծի բաժինը: Այսինքն, եթե թեկնածուներից մեկը, այնուամենայնիվ, կեղծել է իր տեսակետը, եւ հանկարծ ընտրվի, թերեւս նաեւ գիտակցում է, որ արցախյան հակամարտության հետ կապված իր անձնական (կամ պատվիրված) տեսակետն առաջ տանելու դեպքում սուր հակասության մեջ է մտնելու Արցախի բնակչության հավաքական տեսակետի, ասենք նաեւ դրանից գրեթե չտարբերվող ՀՀ-ի բնակչության եւ սփյուռքի դիրքորոշման հետ: Ուզում ենք ասել, որ բանավեճի ներկա թեկնածուներից որ մեկն էլ որ ընտրվի, իր նման հայտարարությամբ արդեն իսկ հակասության մեջ է մտնում նաեւ Մինսկի խմբի հայտնի կարգավորման ծրագրի հետ: Իհարկե, այս պահին բանակցային գործընթացը երկրոդ պլան է մղված: Սակայն կորոնավիրուսային այս վիճակն էլ հավերժ չէ...
Հետկորոնավիրուսային սպասելիքներին դեռ կվերադառնանք: Մինչ այդ չմոռանանք հիշեցնել, որ միակ թեկնածուն, ով բառացիորեն փախավ բանավեճից, բազում հրապարակային հայտարարությունների համաձայն, սորոսական դրածո Մայիլյանն էր: Ասենք, նրա բացակայությունը եւս հասկանալ կարելի էր: Մայիլյանի համար մահացու հարված էր տեղեկատվության ի հայտ գալը, որ նրան արգելված է մուտք գործել ՌԴ: Ճիշտ է, նա փորձեց առաջ գնալ տիպիկ սորոսական մեթոդներով` փորձելով մարդկանց խաբել, թե նման բան չկա: Բայց ահա «պատահաբար» հրապարակային հարթակում ի հայտ եկավ նաեւ ռուսական այդ արգելքը հաստատող փաստաթուղթը, որից հետո Մայիլյանը կարող է հուսալ միայն Արցախում գտնվող հատուկենտ սորոսականների քվեների վրա: Այս իրավիճակում հրապարակային բանավեճի վայրում կանգնելն ու սպասվող կծու հարցերին պատասխանելը շատ ավելի մեծ խայտառակություն կդառնար, քան «բանավեճից թռած» միակ թեկնածու «տիտղոսից» բխող խայտառակությունն է: Իհարկե, խնդիրը Մայիլյանի անձը չէ: Շատ ավելի կարեւոր է, որ այսպիսով ձախողված է ընտրողներին «հեղափոխական բարիքներով» խաբելու միջոցով Արցախը սկուտեղի վրա Սորոսին մատուցելու ծրագիրը: Իհարկե, դեռ կարող են անցնել «Բ» պլանին՝ ամեն մի քվեարկություն հայտարարեն անընդունելի, ձայները գլուխները գցեն, թե՝ Մայիլյանը հաղթել է, ու փորձեն ուժային ու ահաբեկչական մեթոդներով նրան ապօրինաբար նախագահ կարգել: Սակայն այս տարբերակի հավանականությունը եւս փոքր է: Ճիշտ է, արդեն Արցախում որոշ ուժային-ահաբեկչական ռեսուրսներ կենտրոնացված են, սակայն անցած երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ ժողովրդին զանգվածաբար խաբեությամբ փողոց հանելու ու իշխանափոխության հասնելու «գունավոր հեղափոխության» սխեմաներն Արցախում չեն աշխատում. մարդիկ պարզապես փողոց չեն ելնում: Քիչ հավանական է նաեւ տեղի եւ ներմուծված սորոսական ուժերով ռազմական հեղաշրջում իրականացնելու տարբերակը. հաղթական պատերազմով անցած Արցախում հիմնականում բանակից թռածների փոքրաքանակ խմբակները հաջողության շանս քիչ ունեն, եթե անգամ հույսները դնեն Մայիլյանի կողքին գտնվող Սամվել Բաբայանի վրա: Առավել եւս, որ նա էլ Մոսկվայից նախազգուշացում ստացավ՝ ՌԴ մուտքի արգելքի տեսքով, ու հիմա շատ երկար պետք է մտածի՝ նման խաղերի մեջ մտնելու համար:
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մի խոսքով, արցախյան խառնիճաղանջ նախընտրական պատկերը կարծես թե մի փոքր պարզվեց, թեեւ դրանով հանդերձ էլ, դեռ անորոշությունների պակաս չկա: Այսինքն, նախ սպասելի է, որ սորոսականների ընտրական ծրագրերը կձախողվեն: Հաջորդը, որ առաջին փուլում հաղթող ի հայտ չի գա, եւ Վիտալի Բալասանյանն ու Արայիկ Հարությունյանը կհայտնվեն երկրորդ փուլում: Սա ամենահավանական պատկերն է, որ կունենանք ապրիլի 1-ին՝ ձայների հաշվարկից հետո: Սակայն ի՞նչ իրողություններ կունենանք ապրիլի 2-ին, դա արդեն մի շարք գործոններից է կախված: Առաջինը՝ կլինի՞ սորոսականների հեղաշրջման փորձ: Լավ, ասենք սրա հավանականությունը եւս փոքր գնահատենք: Բայց հարցը՝ կլինի՞ երկրորդ փուլ, դա արդեն կորոնավիրուսը գիտի: ՀՀ-ում, չնայած արտակարգ դրությանն ու դրա խստացված ռեժիմին, գործող իշխանությունները ցույց տվեցին, որ գոնե այս պահի դրությամբ պարզապես անզոր են կանխել վիրուսի ծավալումը: Այսինքն, վիրուսն Արցախում ի հայտ գալն արդեն այսօրվա-վաղվա հարց է, եւ թեեւ մի կերպ «ձգեցին» ու հասան մարտի 31-ին, ապա «կձգե՞ն» մինչեւ երկրորդ փուլ, հավանականությունն ամեն օր փոքրանում է: Այսինքն, սա այս պահին եղած հիմնական անորոշությունն է. երկրորդ փուլի անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսը թույլ կտա՞ անցկացնել: Եթե ոչ, ապա ի՞նչ պատկեր կունենանք: Արցախյան մի շարք փորձագետների գնահատմամբ, հատկապես վերջին ժամանակներս, երբ արցախցիների համար սկսեց աչքի առաջ պարզ դառնալ սորոսականացվելու վտանգը, ընտրողները սկսեցին գնալով ակտիվացող տեմպերով նախապատվությունը տալ իր հերթին բավականին գրագետ քարոզարշավ անցկացրած Բալասանյանին: Այս պահին ձայների ի՞նչ բաշխվածություն կա, ցույց կտա մարտի 31-ը: Բայց այն, որ Բալասանյանն աճի դինամիկայի մեջ է, իսկ Հարությունյանը՝ հիմնականում կայուն, երկրորդ փուլի երկարաձգման պարագայում կաշխատի առաջինի օգտին: Արդյունքում, եթե մինչ քարոզչական փուլը, Հարությունյանը ուներ «գրեթե հաղթած» թեկնածուի համարում, քարոզչական փուլում այդ տպավորությունը որոշակիորեն ձեւափոխվեց, ապա երկարաձգված երկրորդ փուլի պարագայում ամեն ինչ կտեղափոխվի խորը անորոշության դաշտ:
ԻՆՉ Է ՍՏԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Բայց վերադառնանք ՄԽ-ին եւ արցախյան բանակցություններին: Մինչ այս ենթադրվում էր, որ Մայիլյանը, ըստ էության, այն միակ թեկնածուն է, ով ընտրվելու դեպքում պատրաստ կլիներ կիսել Փաշինյանի հետ կարգավորման պարտավորությունը, այգամ եթե այդ կարգավորումը ենթադրեր տարածքների հանձնում ու ազերիների վերադարձ արցախյան գոտի: Քիչ չի խոսվել նաեւ, որ հենց նման սպասելիքների արդյունքում է, որ Մայիլյանը ստացավ նաեւ Նիկոլի «սրտի թեկնածուի» համարում: Բայց ահա ներկայիս վիճակում, եթե իրոք ֆիքսվի Բալասանյան-Հարությունյան երկրորդ փուլ, կասկածից դուրս է, որ հենց Հարությունյանն էլ դառնալու է Փաշինյանի «սրտի միակ ու անփոխարինելի» թեկնածուն: Բայց մյուս կողմից էլ` հաշվի առնենք, որ Հարությունյանը եւս, բանավեճին մասնակցող մյուս թեկնածուների օրինակով, կանգնեց «Արցախը որեւէ զիջում անելու իրավունք չունի» տեսակետի կողմը, հերթական անգամ ի ցույց դնելով, որ չի պատրաստվում դառնալ սորոսական կատարածու: Ավելին, Հարությունյանը իշխանական համակարգի երկարամյա ներկայացուցիչ է, բնականաբար շատ լավ է տիրապետում այն տրամադրություններին, որ կա բնակչության մոտ, ու երեւի նաեւ շատերից լավ է հասկանում, որ «որոշ տարածքների զիջում» տեսակետին պաշտոնապես կողմ կանգնելն ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Այսինքն, Հարությունյանի ընտրվելու դեպքում Փաշինյանը կստանա մոտավորապես այնպիսի նախագահ, ինչպիսին Բակո Սահակյանն էր: Իսկ այդ դեպքում Փաշինյան-Արցախ հարաբերությունները եւս նույն մակարդակի վրա կմնան, որը, ինչպես ցույց է տվել այս երկու տարիների փորձը, վարչապետի համար միանգամայն անձեռնտու էր. թեկուզ այն պարզ պատճառով, որ Ստեփանակերտն այդպես էլ չհամաձայեց Նիկոլի հետ պատասխանատվություն կիսել: Իսկ ահա Բալասանյանի ընտրվելու դեպքում էլ, Փաշինյանը կստանա շատ ավելի կոշտ նախագահ: Իհարկե, կորոնավիրուսը կարող է աշխարհում խորքային փոփոխություններ առաջ բերել, խոսում են մինչեւ իսկ Եվրամիության լուծարման հավանականությունից, ԱՄՆ-ի առաջատար դիրքերի կորստից եւ այդպես շարունակ: Սակայն, այդքանով հանդերձ, կորոնավիրուսը հազիվ թե կարողանա էապես փոխել արցախյան համակարտության բնույթը, դրա շուրջ բախվող շահերը եւ տարբերի ուժերի համար փոխընդունելի դարձած կարգավորման այն գաղափարը, որը դրված է ՄԽ-ի հայտնի փաստաթղթի տակ: Ընդամենը երկու-երեք (միգուցե ավելի կարճ) ամսվա խնդիր է, որ բանակցային գործընթացը վերադառնա օրակարգ, եւ չբացառենք, որ արդեն շատ ավելի կոշտացված երանգներով: Մինչդեռ փաստն այն է, որ կորոնավիրուսից հետո, ինչպես ցույց է տալիս այս օրերի պատկերը, Հայաստանը կարող է դուրս գալ նկատելիորեն ավելի թուլացած, այսինքն՝ ճնշումների նկատմամբ դիմադրողականության էական անկմամբ: Վերջապես չմոռանանք այն նոր հակասությունների մասին, որոնք այս խառը ժամանակներում Նիկոլը հասցրեց ունենալ Մոսկվայի հետ: Ու այս վիճակում, եթե նաեւ արցախյան ընտրություններից ինչ-որ էական շահ չունենա, ապա հետեւանքները կարծես թե լիովին հասկանալի են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

