Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել
Արխիվ 16-20Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը: Այս մասին ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 17-ին չէր կայացել Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Նիստի ընթացքում պետք է քննվեր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև՝ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյան միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՝ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

