Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››. ՀՀ նախկին վարչապետ
Արխիվ 16-20Վարչապետը երեկոյան հրապարակեց օրվա ընթացքում կորոնովիրուսով ախտորոշված քաղաքացիների թվաքանակի աճի վերաբերյալ նոր տվյալներ՝ 35 մարդ մարտի 28-ի առավոտյան ժամը` 10.00-ից հետո ընկած ժամանակահատվածում: Ընդ որում բնութագրական է այդ վիճակագրության ներկայացման ձեւակերպումը՝ ‹‹կորոնովիրուսով վարակվածների թիվը գնալով աճում է, բայց իրավիճակը դեռեւս կառավարելի է››: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշում է. «Եթե փորձենք վերծանել այդ ձեւակերպումը, ապա Վարչապետը, ըստ էության, խոստովանում է, որ համաճարակի տարածման կանխարգելման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները չեն տալիս սպասելի արդյունքները (աճում է ոչ միայն վարակվածների թիվը, այլեւ ընդլայնվում է տարածման աշխարհագրությունը): Իրերի ընթացքի նման ներկայացումը միանգամայն հասկանալի է, քանի որ դեռեւս առավորտյան ժամը՝ 10.00-ի դրությամբ վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատ աճել էր 43-ով, իսկ միայն այսօրվա ցերեկային ժամերի ընթացքում նրանց թիվը ավելացավ եւս 35-ով: Ըստ էության, վարակվածներրի թիվը միայն վերջին մեկ եւ կես օրվա ընթացքում ավելացել է 78-ով՝ 329-ից հասնելով 407-ի կամ շուրջ 24%: Սա իհարկե մտահոգիչ է եւ դրա մասին է վկայում նաեւ Վարչապետի՝ ‹‹վարակվածների թիվը գնալով աճում է›› ձեւակերպումը»:
Խ. Հարությունյանի գնահատմամբ՝ իրերի նման վիճակը ակնհայտորեն արդյունք է նրան, որ Կառավարությունը, եւ առաջին հերթին Վարչապետն ու առողջապահության նախարարը, տեղեկացված լինելով Չինաստանում եւ Իրանում համաճարակի մահաբեր հետեւանքների մասին, համաճարակի բռնկման սկզբի օրերից լուրջ չվերաբերվեցին այդ խնդրին եւ, նախապատվությունը տալով սեփական քաղաքական հետաքրքրություններին, չձեռնարկեցին համաճարակի սպառնալի հետեւանքների կանխման համար համապատասխան կազմակերպական միջոցառումներ. «Արդյունքում պահը բաց թողնվեց եւ այսօր մենք, ըստ էության, փորձում ենք հասնել վիրուսի հետեւից՝ փոխանակ կանխելու այն: Կարծում եմ՝ տարբեր երկրներում այս կարճ ժամանակահատվածում մշակվել եւ հաջողությամբ կիրառվել են հանրային առողջապահության եւ էքստրեմալ պայմաններում հանրային կյանքի կազմակերպման արդյունավետ մոդելներ եւ հարկավոր է դուրս գալ ‹‹ամենակարող հեղափոխականի›› կերպարից եւ դիմել մեր գործընկերներին, մասնավորապես Չինաստանին եւ Ռուսաստանին, թե՛ բժշկական սարքերով, թեսթերով, դեղամիջոցներով եւ պիտույքներով, թե՛ փորձառու համաճարակաբաններով աջակցելու եւ թե՛ կազմակերպչական միջոցառումների իրականացման փորձի փոխանցման խնդրանքով: Օգտակար կլինի նաեւ համաճարակի դեմ պայքարի գերմանական փորձը եւս: Հիմա դեռ կարող ենք սանձել ‹‹հրեշին››, հակառակ պարագայում Վարչապետի՝ ‹‹իրավիճակը դեռեւս կառավարելի է›› ձեւակերպումը կիմաստազրկվի: Այս պայմաններում առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերում նաեւ մեր քաղաքացիների կողմից ինքնամեկուսացման ռեժիմի խստագույնս պահպանելու, անձնական հիգիենայի պահանջների ապահովման եւ պարետի սահմանած կանոնների անվերապահ հետեւելու հարցը: Ոչ մի միջոցառում չի կարող արդյունավետ լինել, եթե մեր քաղաքացին չգիտակցի իր սոցիալական պատասխանատվությունը թե՛ հարազատների եւ թե՛ հանրության անդամների առջեւ: Ինչ վերաբերվում է համաճարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման վերաբերյալ Կառավարության նախաձեռնություններին, ապա դրանք առանձին եւ խորքային քննարկման կարիք ունեն եւ պահանջում են առանձին անդրադարձ»:

