Դուրս բերվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի հրաշագործ Աջը (Տեսանյութ)
Արխիվ 16-20Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների եւ Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի եւ ժողովրդի համար:
Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, որով արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հայոց աշխարհն ու մեր ժողովրդին՝ հայցելով բազմաչարչար Հայրապետի բարեխոսությամբ Երկնավոր Տիրոջ զորակցությունն ու օգնությունը՝ աշխարհին եւ մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը՝ վերջում վերստին Լուսավորչի Սուրբ Աջով եւ «Պահպանիչ» աղոթքով օրհնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին։
Հիշեցնենք, որ Սբ Գրիգոր Ա. Լուսավորիչ Հայոց Հայրապետի վախճանից (325-328 թթ.) հետո տեղի է ունեցել նրա անշնչացած մարմնի՝ ոսկորների կամ նշխարների գյուտը: Եվ նշխարներն ամփոփվել են Թորդան գյուղում, սակայն այդ ժամանակ ոչ բոլոր ոսկորներն են դրվել տապանի մեջ. մի մասը եւ աջ ձեռքը փոխադրվել են Վաղարշապատ՝ Սբ Էջմիածնի Մայր Տաճար եւ զետեղվել հատուկ մասունքարանի մեջ՝ որպես «հաւատացելոց բարեպաշտութեան առարկայ»: Այնուհետեւ Սբ Գրիգոր Ա. Լուսավորչի հրաշագործ մասունքներից աջ ձեռքն ամփոփվել է մետաղաշեն աջաձեւ մասունքարանի մեջ եւ Հայոց Եկեղեցու ու Ազգի կողմից ճանաչվել Մայր Աթոռի եւ Հայոց Կաթողիկոսի ծայրագույն հոգեւոր իշխանության խորհրդանշանը՝ «իբրեւ կնիք եւ երաշխաւորութիւն օրինաւոր եւ ճշմարիտ Հայրապետութեան»: Աջը նաեւ Հայոց Եկեղեցում կատարվող մյուռոնօրհնության հիմնական երեք սրբություններից մեկն է: Լուսավորչի Աջը մշտապես երկյուղածությամբ ու մեծ զգուշավորությամբ պահվել է Հայոց Կաթողիկոսների մոտ:
1657 թ., Տ. Տ. Հակոբ Դ. Ջուղայեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Սբ Էջմիածնի միաբան Տ. Ստեփանոս վարդապետ Լեհացու նվիրատվությամբ, Սբ Գրիգոր Լուսավորչի աջ ձեռքի համար պատրաստվել է նոր մասունքարան:
Այս նոր աջաձեւ մասանց պահարանն ամբողջապես շինված է արծաթից եւ ոսկեջրված, տեղ-տեղ արծնապատված է, ընդելուզված՝ բնական քարերով: Բազուկի հատվածին, երկու կողմից, դրվագված են Սբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների տեսարանները, իսկ արմունկի մասում՝ դիմահայաց պատկերված է օրհնող Սբ Գրիգորը՝ հայրապետական հանդերձանքով (այս պատկերը նույնական է Սբ Էջմիածնի Մայր Տաճարի արեւմտյան կենտրոնական զանգակատան վրայի Լուսավորչի հարթաքանդակին):
Հետագայում Լուսավորչի Աջին ուխտավոր հայորդյաց կողմից ընծայաբերվել են ոսկյա ականակուռ ապարանջան եւ մատանիներ: Աջին մատանի է ընծայել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը: Սբ Գրիգոր Ա. Լուսավորիչ Հայոց Կաթողիկոսը համաքրիստոնեական տոնելի սուրբ է, նրա հրաշագործ մասունքներից առկա են նաեւ քրիստոնեական տարբեր եկեղեցիներում:

