«ԴՐՍՈՒՄ ԴԻՄԱԿ ՀԱԳՆԵԼՈՒ ԻՄԱՍՏ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՉԿԱ»
Արխիվ 16-20«ՀՀ-ն գտնվում է համաճարակային շրջանում, կա համաճարակ ամբողջ աշխարհում: Ոչ մի երկիր այս պահին չի խուսափել համաճարակից, հատկապես այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ պանդեմիա է ամբողջ աշխարհում: Այնպես որ, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակ է, ինչպես ամբողջ աշխարհում»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությանը, ասաց առողջապահության նախկին նախարար ԱՐԱՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Ապա անդրադառնալով կորոնավիրուսին եւ կառավարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներին` նախկին նախարարը նկատեց.
- Կորոնավիրուսը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակ է, որի կանխարգելումը բավականին բարդ է: Ինչի մասին վկայում է ողջ աշխարհում այս վարակի տարածումը եւ պանդեմիայի արձանագրումը: Ինչ վերաբերում է կառավարության ձեռնարկած քայլերին, ապա պետք է ասել, որ դրանք լրիվ ադեկվատ են ստեղծված իրավիճակին: Դրանք հստակ են եւ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ, գործիքակազմով են իրականացվում: Եվ ստեղծված համապատասխան արտակարգ իրավիճակին բնորոշ կառույցները, այդ թվում՝ պարետատունը, աշխատում է համահունչ: Իհարկե, նաեւ տարբեր կարծիքներ կան, թե այս կամ այն միջոցառումը նաեւ արտակարգ դրությունը կարելի էր ավելի վաղ անել, կամ որ հակահամաճարակային մասով ուշացրել ենք անհրաժեշտ քայլերը: Սակայն, ըստ իս, դրանք ոչ պրոֆեսիոնալ ձեւակերպումներ են: Որովհետեւ, տեսեք. շատերը ասում են ինչո՞ւ հենց Չինաստանում դեպքերը արձանագրվեցին, մենք որոշում չկայացրինք՝ ասենք հունվարից սկսած փակել բոլոր սահմանները: Այն պարզ պատճառով, որ չկա որեւէ չափորոշիչ, թե երբ կարող ես ձեռնարկել համապատասխան կտրուկ միջոցառումներ, որպեսզի համաճարակը չտարածվի: Ես գտնում եմ, որ ժամանակային առումով կառավարության քայլերը եղել են հավասարակշռված: Ժամկետների խնդիրը, թե երբ են իրականացվում հակահամաճարակային միջոցառումներ, հիմնված են միջազգային փորձի վրա: Մեր վիճակը, կարելի է ասել, այն առումով է դրական, որ մեզ մոտ համաճարակը ավելի ուշ ներթափանցեց, ինչը հնարավորություն ստեղծեց՝ վիրուսի բացասական կողմերի դեմ գործառույթներն իրականացնել` հիմնվելով այլոց փորձի վրա:
- Պարոն Մկրտչյան, որպես բժիշկ, նախկին նախարար, կասե՞ք, որքանով կանխարգելիչ նշանակություն կարող են ունանալ դիմակները եւ ձեռնոցները ստեղծված իրավիճակում:
- Դիմակներ կրելը եւ ձեռնոցներ կրելը առողջապահական հիմնարկներում իրականացվող միջոցառումների, հիվանդներին խնամելու պարգաներ են: Արդարացված է դիմակների կրումը այն ժամանակ, երբ տանը հիվանդ կա, բայց անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ բժշկական դիմակները մաքսիմում ապահով են երկու ժամ, ոչ ավել: Երկրորդ, դրսում դիմակ հագնելու իմաստ առհասարակ չկա: Դրա փոխարեն պետք է պարզապես պահպանել հեռավորությունը քաղաքացիների միջեւ` առնվազն 1-1.5 մետրից շփվել: Ա՛յ, երբ մտնում ենք մարդաշատ վայր, այդտեղ դիմակ կրելը որոշակի իմաստ ունի: Ձեռնոց կրելը առհասարակ տրամաբանությունից զուրկ է, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ձեռնոց կրում, եւ ո՞վ է այդ ցուցումը տվել: Ձեռնոցները տվյալ դեպքում փոխարինում են մաշկին, մինչդեռ կորոնավիրուսի հարուցիչը մաշկով չի անցնում: Ասում են՝ կրում ենք, որ ձեռքերին չկպնի, լավ, բայց նույն ձեռնոցով դուք կպնում եք տարբեր տեղերի, հետո ոնց էլ չլինի՝ դեմքին, որովհետեւ մարդը բնազդաբար ձեռքը տանում է դեպի դեմքը, աչքերը: Իսկ հարուցիչը կարող է անցնել աչքեր եւ ամենակարեւորը՝ բերանի խոռոչ: Այսինքն, եթե մենք մաշկը փոխարինում ենք ձեռնոցով, ուրեմն այդ ձեռնոցը նույնպես պետք է ախտահանենք, ինչպես ձեռքերը: Ձեռնոցների եւ դիմակների փոխարեն պետք է հաճախ լվանալ ձեռքերը, իսկ փողոցում, մարդաշատ վայրերում առնվազն քսան րոպեն մեկ ախտահանել ձեռքերը՝ ախտահանիչ նյութերով: Դա կլինի բժշկական սպիրտ, ալոկոգել, թե այլ ախտահանիչ նյութ:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

