ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ Է ԱՆԶՈՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Արխիվ 16-20Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից դեռեւս նախորդ շաբաթ երկու գրավոր հարցում էինք ուղարկել: Մեկով փորձել էինք պարզել հետեւյալը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի եւ H1N1 վիրուսի հետ համեմատություններ անելիս ասաց, որ Հայաստանում. «Այդ վիրուսից 2016-ին արձանագրվել է 30 մահ, իսկ 2009-ին լրիվ վիճակագրություն չի արձանագրվել, բայց մասնագետները նշում են, որ այդ վիրուսից Հայաստանում մահացել է շուրջ 50 քաղաքացի»: Ուստիեւ, նախարարությունից խնդրել էինք մեզ տրամադրել վերոնշյալ վիրուսից մահացած անձանց ցանկը, որին որ տիրապետում էր վարչապետը` նշված հայտարարությունը անելիս: Եվ, երկրորդ, նախարարից փորձել էինք պարզել, թե ո՞ր դեպքում են երկրում հայտարարում համաճարակ, կորոնավիրուսով պայմանավորված երկրում պաշտոնապես համաճարակ հայտարարվա՞ծ է, թե՝ ոչ: Երկու հարցերի օրենքով սահմանված ու ամեն մի ողջամիտ ժամկետը վաղուց է ավարտվել, բայց ոչ պաշտոնական, ոչ բանավոր պատասխան մեզ ստանալ չի հաջողվում: Ճարահատյալ փորձեցինք կապվել կառավարության լրատվականի հետ, որպեսզի հասկանանք՝ արդյոք արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների հարցումներին պետական կառույցների կողմից պատասխանել պարտադրող օրենքները չեղյա՞լ են համարվել: Եթե ոչ, ինչո՞ւ է կառավարության ենթակա կառույցը՝ ԱՆ-ն, ցուցադրաբար անտեսում օրենքը: Մեզ պատասխանեցին, որ երկու հարցերով էլ կկապվեն Առողջապահության նախարարության հետ եւ նրանց կտեղեկացնեն, որպեսզի կապվեն մեզ հետ՝ հարցերի պատասխանների ճակատագիրը ներկայացնելու համար: Բայց մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, մեզ այդպես էլ որեւէ մեկը չզանգահարեց: Իսկ մեր հեռախոսազանգերին, ինչպես որ ավելի վաղ էինք ասել, նախարարի խոսնակը կտրականապես չի պատասխանում: Նկատենք, որ հարցերից մեկը հասցեագրված է անձամբ գլխավոր խմբագրի անունից, բայց փաստորեն դա էլ նրանց չի խանգարում: Չնայած, եթե սորոսականի համարում ունեցող առողջապահության նախարարը հրապարակավ հայտարարում է, որ դատարանների որոշումներն անգամ չի պատրաստվում կատարել, լրատվության մասին օրենքը կամ կառավարության միջնորդությունն այդ ի՞նչ մեծ բան է, որ նախարարությունը կատարի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

