«Երբ ունեինք ընդամենը մեկ վարակված` հոգեբանորեն շատ ավելի վիրուսադիմակայուն էինք» (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Հայաստանը շարունակում է ապրել խստացված արտակարգ դրության պայմաններում` մխիթարվելով լավ լուրերով ու տագնապելով վատերից: Ստեղծված իրավիճակի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ:

«ԽՈՒՃԱՊԻ ՎԻՐՈՒՍԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

– Տիկին Ծատուրյան, գաղտնիք չէ, որ արտակարգ դրության թիվ մեկ հակառակորդը խուճապն է: Հանրությունը կարողացա՞վ այն հաղթահարել:

– Ըստ իս, այն պայմանավորված էր նաեւ հիվանդների թվերի աճով, եւ այն կնվազի, երբ հասնենք մի կետի, որտեղ կանգ կառնի հիվանդների թվի աճը: Այսօր, այսպես կոչված, խուճապի վիրուսը շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը, որովհետեւ մարդիկ «վարակվում են» ոչ ստուգված, կեղծ ինֆորմացիաներով, որոնք կան ամբողջ համացանցում, Ֆեյսբուքում եւ որոշ լրատվական կայքերում: Ամեն մեկը ժողովրդական բանահյուսների պես, իր լսածը բերնեբերան անցկացնելով, կարծես, էպոս է զարգացնում: Այսինքն` գործում է «փչացած հեռախոսի» մեթոդը, երբ ինֆորմացիան շատ փոքր է լինում եւ իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց մինչեւ հասնում է մեզ, բավական մեծանում է, եւ որքան էլ հավատալու չէ, միեւնույնն է, քանի որ տոտալ խուճապի ենք մատնված, ասում ենք` դե որ ասում են, ուրեմն` ամեն ինչ էլ կարող է լինել: Թե՛ հոգեբանորեն, թե՛ առողջության համար այդ կարգի երեւույթները` ջղայնությունը, զայրույթը, ամոթի, մեղավորության զգացումը, խուճապային վիճակները կտրուկ իմունիտետ իջեցնող են: Իսկ այդ դեպքում, եթե այս վիրուսով էլ մարդ չհիվանդանա, ապա ինչ-որ մի հիվանդություն անպայման կստանա: Նկատե՞լ եք, որ հիմա երբ ինչ-որ մեկը փռշտում է կամ հազում, ցնցվում ենք: Միանգամից ամեն մեկի մոտ առաջանում է կասկածամտություն, թեպետ, առանց այն էլ, լինելով հին ազգ, ունեինք մեր էթնոհոգեբանական խնդիրները եւ կասկածամտությունը:

– Կարծում եք, որ խուճապն ավելի շուտ կարող է վնասել առողջությանը, քան վիրո՞ւսը:

– Վիրուսն ինքն իրենով ոչինչ է, պետք է համապատասխան միջավայր ունենա, որ բազմանա: Նույնն էլ խուճապն է. այն իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց երբ ազդեցություն է ունենում մեր մոտեցումների, մեր հոգեբանորեն եւ ֆիզիկապես շատ հոգնած վիճակի վրա, հատկապես, որ մեզնից շատերը մրջյունի նման աշխատում են,  պարզ է, որ դառնում է շատ ավելի ծանր եւ վտանգավոր, քան վիրուսը: Եվ այստեղ, էլի եմ կրկնում, իր հետեւանքն է թողնում ինֆորմացիոն վիրուսը: Մեզ անհրաժեշտ են դրական լուրեր:

«ՁԵՌՔ ԼՎԱՆԱԼԸ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՐ ԱՅՆ ՊԱՀԻՑ, ԵՐԲ ՍԿՍԵԼ Է ՔԱՅԼԵԼ»

– Առաջարկում եք խուճապը հաղթահարել` լրահոսը պոզիտիվ լուրերով լցնելո՞վ:

– Շատ են պետք դրական լուրեր: Օրինակ` շատ ավելի դյուրին է այս ամենին դիմակայել, երբ հումորային նկարներ են տեղադրում սոցցանցերում: Երբ ունեինք ընդամենը մեկ վարակված, հոգեբանորեն շատ ավելի վիրուսադիմակայուն էինք, համացանց էինք գցում դիմակներ` պատրաստված լավաշից, ինչ-որ կատակներ էինք անում, փոքրիկ անեկդոտներ էինք պատմում, հետո մի պահ այս ամենը կանգնեց, որովհետեւ խուճապը մեծացավ:

– Չե՞ք կարծում, որ նաեւ հենց այդ անլրջությունն էր հետեւանքը, որ իրավիճակն ավելի սթափ չգնահատվեց, եւ ժամանակին քայլեր չարվեցին:

– Այն մարդը, որը լավաշից սարքած դիմակը գցում է Ֆեյսբուք, պատասխանատվությունն իրենը չէ, այլ համապատասխան մարմիններինն է: Նա` որպես իր ժողովրդի զավակ, փորձել է իրավիճակը թեթեւացնել, իսկ մնացած գործողությունները պետք է կատարվեին պետական մակարդակով ու թեպետ փոքր-ինչ ուշացան, բայց կարծես հիմա տեղ են հասել: Մյուս կողմից էլ` լրջությունն արդյո՞ք խուճապը չէ, իսկապե՞ս ամեն ինչ այդքան լուրջ է, ինչպես ներկայացնում է աշխարհը, թե՞ ինչ-որ խմբերի, անձանց, գերպետությունների, չգիտեմ էլ ում ձեռք է տալիս խուճապի մատնելը: Միեւնույն ժամանակ, ազգաբնակչության որոշ մասն այսօր ասում է` ոչ մի վիրուսի չեմ հավատում, ամեն ինչ սուտ է եւ էլեմենտար ձեռք չի լվանում: Բայց չէ՞ որ ձեռք լվանալը մարդ պետք է սովորեր այն պահից, երբ սկսել է քայլել: Մեզ մոտ տարրական հիգիենայի խնդիրները լավ չեն կատարում:

«ՀԱՄԲՈՒՐՎԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԷՐ ՇԱՏԱՑԵԼ, ՈՒ ԴՐԱ ՄԵՋ ԷԼ ԻՆՉ-ՈՐ ՍՈՒՏ ԲԱՆ ԿԱՐ»»

– Ըստ Ձեզ, եթե այս վիրուսը տարածվեր, օրինակ` 10 տարի առաջ, դրան հոգեբանորեն ավելի հե՞շտ կլիներ դիմակայել:

– Մենք ունեցել ենք թռչնի, խոզի գրիպ, H1N1, բայց արի ու տես, որ խուճապն այսօր շատ ավելի վարակիչ է, քան վիրուսը, ուրեմն` ինչ-որ մեկին ձեռք է տալիս այն, ինչը չի եղել տարիներ առաջ: 1918-20 թվականների իսպանական գրիպի պանդեմիան` իսպանկան,  տարավ ահռելի թվով մարդկանց կյանքեր: Պատմության մեջ էլ այդ թիվը շատ մոտավոր է, որովհետեւ չկային այդ ժամանակ համապատասխան տեխնոլոգիաներ` հաշվելու համար, եւ ինֆորմիացիոն դաշտն էլ այդքան չէր: Իսկ 10-15 տարի առաջ, թեպետ արդեն կային բազմաթիվ ինֆորմացիոն հոսքեր, Ֆեյսբուք եւ այլն, բայց էլի այսպես չէր: Ուրեմն` այս անգամ սա ինչ-որ բոլորովին այլ ակցիա է: Բայց սա չի նշանակում, որ պետք է ձեռք չլվանանք, դիմակ չկրենք, ձեռնոցով ման չգանք եւ գնանք մարդկանց քիթները մտենք ու համբուրվենք: Անգամ մտածում եմ, որ երեւի այս վիրուսը պետք էր, որովհետեւ վերջին տարիներին գրկախառնվելը, համբուրվելն այնքա՜ն էր շատացել, ու դրա մեջ էլ ինչ-որ սուտ բան կար: Նկատի ունեմ` զուտ շփման առումով, իսկ հիմա մենք երկար-բարակ պետք է մտածենք, թե ում հետ փաթաթվենք, համբուրվենք, իսկ ում հետ` ոչ:

– Ժամանակին ասում էին, որ աշխարհին ջերմությունն է պակասում, հիմա էլ, փաստորեն, այդ ջերմությունից հորդորում եք զե՞րծ մնալ:

– Այդ ջերմության արտահայտչամիջոցը պետք է ճիշտ ընտրել: Մենք չենք կարող ասել, թե մարդիկ միջնադարում իրար չէին սիրում, բայց այդ հազար տեսակի համբույրները կամ ինչ-որ շատ մոտիկ գրկախառնվելը չկար: Կա անձնական տարածք, որը միայն շատ մտերիմը կարող է խախտել: Մեզ հիմա առաջարկվում է պահպանել այդ սոցիալական հեռավորությունը, եւ սա սիրո հետ կապ չունի: Ի վերջո, Քրիստոսին էլ Հուդան համբուրեց, եւ բոլորս գիտենք, թե դրանից ինչ դուրս եկավ: Այնպես որ, համբուրվելը չէ, որ պետք է արտահայտի մարդկանց սերը: Շատ հաճախ այն հակառակն է լինում եւ համբույրն ուղեկցվում է խաբեությամբ:

– Ապրիլյան պատերազմի ժամանակ հանրությունը շատ արագ կոնսոլիդացվեց, այս առումով հիմա ամեն ինչ շատ հեղհեղուկ է: Ինչո՞ւ:

– Ապրլյան պատերազմի ժամանակ կոնկրետ վտանգ կար եւ կոնկրետ թշնամի:

– Հիմա էլ կա կոնկրետ թշնամի` վիրուսն է...

– Ճիշտ է, բայց այնուամենայնիվ, այդքան կոնկրետ չէ: Մեկն ասում է` դե լավ սարքած է, ինչ-որ երկրի էր սա պետք, մյուսն ասում է` ոչ: Դրա համար չենք կարող սա համեմատել 2016 թվի ապրիլյան պատերազմի հետ: Ամեն դեպքում, այսօր էլ շատ մարդիկ իրար օգնում են, որովհետեւ այս արհավիրքն ամբողջ աշխարհն է պատել: Մենք պետք է այսօր էլ իրար նկատմամբ շատ ավելի հանդուրժող ու բարի լինենք: Գուցե դրա համար այս վիրուսը եկավ, որ դառնանք ավելի բարի ու հանդուրժող իրար նկատմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին