Չեմ կարծում, որ այս վիրուսն ինչ-որ մեկի բիոլոգիական զենքն է. Լեոնիդ Ներսիսյան
Արխիվ 16-20Երբ մարտի մեկին հայտնի դարձավ, որ աշխարհում թիվ մեկ խնդիրը դարձած վիրուսը ներթափանցել է Հայաստան, հայաստանյան իշխանությունները համառորեն շարունակեցին իրենց նախաձեռնած հանրաքվեի քարոզարշավը մինչեւ մարտի 16-ը: Իսկ այդ ընթացքում տարբեր հարթակներից ոչ թե համախմբման եւ զգոնության կոչեր էին հնչում, այլ ճիշտ հակառակը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Արդի» հետազոտական կենտրոնի պաշտպանական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, ռուսաստանցի ռազմական փորձագետ ԼԵՈՆԻԴ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:
«ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆ» ՉԷՐ, ԱՅԼ` ՊԱՀԵՍՏԱՄԱՍ
– Պարոն Ներսիսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ մարտի 11-ին Սյունիքում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել, զենք է առել, եւ այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես` ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է: Ինչպես գիտեք, Հայաստանը զենք գնում է Ռուսաստանից: Որքանո՞վ է հնարավոր, որ ՌԴ-ն Հայաստանին վաճառեր, այսպես ասած, «մետաղի ջարդոն»:
– Բավականին բարդ է մեկնաբանել այդ հայտարարությունը, որովհետեւ պաշտպանական զինտեխնիկայի տրամադրումը միշտ էլ եղել է փակ տեղեկատվություն: Եվ մենք հստակ չգիտենք, ո՛չ տրամադրվող զենքի թիվն ու տեսակները, ո՛չ էլ նրանց համար վճարված գումարը, թե ինչ ձեւով է արվել կամ առհասարակ` վճարե՞լ են դրա համար, թե` ոչ: Շատ դժվար է առանց հույժ գաղտնի փաստաթղթերին հասանելիություն ունենալու` առանց իմացության մեկնաբանել այս թեման: Ամեն դեպքում, որքանով ես եմ տեղյակ, ՌԴ պաշտպանության նախարարությունից տրամադրվել են Տ 72 զրահամեքենաներ, որոնցից մի քանիսը ոչ այնքան լավ վիճակում էին գտնվում, բայց դրանք նախատեսված էին որպես պահեստամաս` արդեն ունեցած զրահամեքենաների համար: Եվ ասել, որ դրանք լիովին անօգուտ էին, նույնպես չի կարելի: Ինչ վերաբերում է այդ ամենի գնին, այն անվարձահատույց է փոխանցվել, գուցե այն որոշակի բարտեր էր, քանի որ Հայաստանում է գտնվում 102-րդ ռազմաբազան, եւ Հայաստանը 50 տոկոսով ապահովում է այդ բազային մատուցված ծառայությունները:
– Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ, որպես պահեստամաս օգտագործելու համար տրամադրված զրահամեքենանե՞րը:
– Ես միայն կարող եմ ասել, որ եղել են զրահամեքենաներ, որոնք դեռ այն ժամանակ չեն ընդունվել Զինված ուժերի կողմից, որովհետեւ համապատասխան վիճակում չէին գտնվում: Բայց ասել, որ այն անպիտան էր, չի կարելի, քանի որ այդ զրահամեքենաները մասերի էր բաժանվում եւ որպես պահեստամաս էր օգտագործվում` արդեն իսկ հաշվարկում եղած զրահամեքենաների համար: Բնականաբար, ոչ բոլոր տրամադրված զինտեխնիկան է եղել նման վիճակում: Այդ մասին լսել եմ մի քանի աղբյուրներից, բայց չեմ կարող ո՛չ թիվը մեկնաբանել, ո՛չ հարցը, որովհետեւ պրոֆեսիոնալ տեսանկյունից անհնարին է անել` առանց թույլտվության ունենալու ուսումնասիրել գաղտնի փաստաթղթերը:
«ԵԹԵ ԱՎՏՈՄԱՏԸ 1973 ԹՎԻ Է, ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է ԵՂԵԼ»
– Փաշինյանը նաեւ քննադատություն էր հնչեցրել, թե Ապրիլյան պատերազմից հետո` երբ գնացել է սահման, այն ավտոմատը, որն իրեն տվել են, 1973 թվի էր` իրենից երկու տարով մեծ էր: Իսկ հիմա գործարանային «յուղը վրեն» ավտոմատներով են զինվորները կանգնում սահմանին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետին:
– Կարող եմ հստակ ասել, որ, իսկապես, 2016 թվականից Հայոց բանակում շատ ակտիվացել է վերազինման գործընթացը: Եվ հրաձգային զենք-զինամթերք եւս գնվել են լրջագույն քանակով: Սա հորինված չէ: Մյուս կողմից պետք է հասկանալ, որ 2016 թվականի ապրիլին եղել է որոշակի մոբիլիզացիայի մակարդակ, հատկապես Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, եւ աշխարհազորայիններին տրամադրվել է զենք պահեստներից, որոնք կարող էին եւ լինել ոչ ամենանորը: Միեւնույն ժամանակ, պետք է ասեմ, որ եթե ավտոմատը 1973 թվականի է, բոլորովին չի նշանակում, որ անպայման մինչ այդ օգտագործված է եղել: Այն կարող էր այդ պահին լինել բոլորովին նոր: Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունն այնքան մեծ զենք-զինամթերքի քանակ ունի պահեստավորած, որը թողարկվել է Խորհրդային Միության ժամանակաշրջանում, որ նրանք կարող են մինչ օրս տրամադրել 1973 թվականի ավտոմատներ, որոնցից երբեւէ կրակ չի արձակվել: Այդպես էլ կարող է լինել: Այնուամենայնիվ, պետք է ասել, որ զինամթերքի թարմացումը սկսվել է դեռ նախկին իշխանության օրոք` Ապրիլյան պատերազմից հետո: Իսկ այդ գործընթացն այսօր էլ ակտիվ շարունակվում է: Դրա համար, կարծում եմ` ասվածի մեջ ճշմարտության մաս կա: Ինչ վերաբերում է հրաձգային զինտեխնիկային, կարող եմ հաստատել, որ անգամ ամենանոր AK12-ը Հայաստանին տրամադրվել է:
– Աշխարհում ստեղծված իրավիճակով պայմանավորված` հանուն անվտանգության կամ երբեմն-երբեմն հնչող կասկածների փարատման, չե՞ք կարծում, որ ժամանակն է լրջագույն ուսումնասիրել, թե ի՞նչ է կատարվում ամերիկյան բիոլաբորատորիաներում, որոնցից կա նաեւ Հայաստանում:
– Անկեղծ ասած, Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաները բավականին բաց վիճակում են գտնվում, եւ այնտեղ մեկ անգամ չէ, որ ռուսական զինվորականներն այցելել են եւ ուսումնասիրել: Հիմա ընդհանրապես այնտեղ չկան օտարերկրյա աշխատակիցներ, որովհետեւ այն արգելված է օրենքով: Դրա համար ասել, որ այնտեղ կարող է ֆանտաստիկ գաղտնի ինչ-որ բան կատարվել, մի քիչ տարօրինակ է պատկերացնել: Եվ ընդհանրապես` աբսուրդ է ասել, որ այս վիրուսը կարող է ունենալ ամերիկյան արմատներ, քանի որ ԱՄՆ-ն շուտով կարող է դառնալ այդ վիրուսով ամենաշատ վարակվածների քանակով երկիրը, որն այժմ արդեն իսկ բախվում է շատ մեծ դժվարությունների հետ: Ինչների՞ն էր պետք դա անել, եթե այն ամենաշատը հարվածեց հենց ԱՄՆ-ին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն շուտով կհասնի Իտալիային թե՛ վարակվածների, թե՛ մահերի քանակով:
– Այսինքն` վիրուսի շուրջ աշխարհում ստեղծված իրավիճակում քաղաքականություն, կոնկրետ շահեր չե՞ք տեսնում:
– Չեմ կարծում, որ այս վիրուսը ինչ-որ մեկի բիոլոգիական զենքն է, որովհետեւ այն արդեն վարակել է ու վնասել այն երկրներին, որոնք կարող էին թաքնված լինել դրա հետեւում` սկսած Չինաստանից, Եվրոպայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Այսքանից հետո` ուղղակի, ոչինչ փնտրելու կարիք չկա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

