Փորձի պակաս կա. Արկադի Խարատրյան
Արխիվ 16-20Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների խրոնոլոգիայի` Հայաստանում վիրուսը տարածվեց հարսանեկան արարողությունից եւ արտադրամասից, սակայն արտադրամասներն ու ռեստորանային համալիրները փակելու մասին հայտարարությունը եղավ ընդամենը օրեր առաջ: Թե արդյոք, եթե առաջինը հենց դրանք փակեին, այսօր ավելի բարվոք վիճակ չէինք ունենա, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԿԱԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ:
– Դժվար է միանշանակ մեկնաբանել, թե գործողություններն ուշացած էին, կամ` ոչ: Այդ դատողությունները կարող են լինել միշտ: Բայց պետք է հասկանալ նաեւ, որ նման իրավիճակում հայտնվելու փորձի պակաս կա: Իսկապես, կողքից դատողություններ անելը շատ ավելի հեշտ է եւ դժվար, որովհետեւ բավարար տեղեկատվություն չունես, թե վարակը որտեղից է տարածվել եւ այլն: Ամբողջ տնտեսությունը չենք կարող պարալիզացնել եւ հիմա էլ չենք կարող հայտարարել, որ որեւէ մեկը աշխատանքի չպետք է գնա, որեւէ մեկը ոչինչ չպետք է անի եւ այլն: Կարող են գտնվել մարդիկ, որ կասեն` եթե ԱԺ-ն ու կառավարությունն էլ, սուպերմարկետներն էլ փակեինք, վարակը չէր տարածվի, որովհետեւ ցանկացած կուտակում կամ վայր, որտեղ այցելում են մարդիկ, պոտենցիալ կարող է վարակի տարածման միջավայր ստեղծվել այդտեղ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

