Եկեղեցու հարցում ԲՀԿ դիրքորոշումն անփոփոխ է, Բագրատյանի կարծիքը` անձնական
Արխիվ 16-20Ազգային ժողովի հայտարարությունների ժամին այս շաբաթ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշել էր Հռոմի պապին ու նրա ուղերձն` ուղղված իտալացիներին, եւ իր վրդովմունքը հայտնել. «Արդյոք հայ ժողովուրդը արժանի չէ՞, որ իր կաթողիկոսը ուղերձ հղի իր զավակներին այս ծանր ժամանակներում, արդյոք ՀՀ նախագահը չպե՞տք է ուղերձ հղի այս ծանր օրերին»: Բագրատյանը նաեւ նշել էր. «Շուտով կհանդիպենք. ցավոք, սա Ֆրանցիսկոս պապի խոսքն է, ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսի»: Փաստացի, ԲՀԿ-ական պատգամավորը եթե ոչ միտումնավոր, ապա բանից անտեղյակ էր, որ Վեհափառը մարտի 18-ը հայտարարել էր համազգային աղոթքի օր` համավարակի հաղթահարման եւ հիվանդների բժշկության համար ու ուղերձ էր հղել` հեռուստատեսության եւ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ: Սակայն, սա դեռ ամենը չէ, իր հարցազրույցներից մեկում էլ Բագրատյանը համաձայնել էր սորոսական «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի այն մտքի հետ, որ եկեղեցու արտոնությունները պետք է վերացնել ու Հայ Առաքելական եկեղեցին հարկման դաշտ բերել: Ի վերջո, այս մտքերը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության միասնակա՞ն դիրքորոշումն է, եւ արդյոք դրանց հետ համակարծիք է անձամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՑ:
– Միանշանակ կարող եմ ասել, որ պարոն Բագրատյանի վերոնշյալ տեսակետն իր անձնական կարծիքն է: Նա պատգամավոր է եւ ունի իրավունք իր առանձին կարծիքը հայտնելու: Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն` միշտ ասել ենք, ասում ենք ու կասենք, որ այն հիմնասյունն է հայ ազգի, հայ ոգու, եւ այդ իսկ պատճառով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնիսկ սահմանադրական փոփոխությունների հետ կապված` առաջարկ է ներկայացրել, որը միտված է Հայ Առաքելական եկեղեցու դերակատարման, հայկական, ավանդական, քրիստոնեական արժեքների առավել ամրապնդմանը եւ ավելացմանը: Դրա հետ մեկտեղ պարոն Ծառուկյանը միշտ հանդես է եկել շատ պարզ թեզով, որ հայ ավանդական քրիստոնեական արժեքները մեր ապրելաձեւում պետք է լինեն գերակայող: Հայ եկեղեցին եւ առհասարակ` քրիստոնեությունը եղել է, կա եւ կմնա հայոց ինքնագիտակցման ամենակարեւոր բաղադրիչներից: Եվ սա միայն խոսքեր չեն, այլ ամրագրված են մեր բոլոր ծրագրային դրույթների մեջ:
– Փաստորեն, կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի կիսում Սերգեյ Բագրատյանի վերոնշյալ տեսակետները, որոնց սլաքներն ուղղված էին Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ:
– Այստեղ կիսել-չկիսելու հարց չկա: Մենք ունենք կոնցեպտուալ տեսլական այս հարցում, որն արտահայտեցի, եւ այն այս կամ այն ձեւով չենք անձնավորում: Եթե մշուշոտ հարցեր են մնացել, բոլոր պարզաբանումների համար դիմեք պարոն Բագրատյանին: Հնարավոր է, որ նա լրիվ այլ բան է նկատի ունեցել, կամ ձեր մեջբերած հարցազրույցում իր խոսքերը կոնտեքստից են կտրել, կամ միտքը կիսատ են թողել: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումն անփոփոխ է` դարերից եկած մեր ավանդական, քրիստոնեական արժեքները մեզ համար հիմնարար են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

