«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՆ» ՉԻ՞ ԸՆԴԱՌԱՋԻ
Արխիվ 16-20Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հայաստանում փակ են մի շարք աշխատավայրեր: Բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ գործատուները հրաժարվում են վճարել աշխատավարձ՝ պնդելով, որ գործունեության դադարեցման պատճառով չունեն ֆինանսական միջոցներ: Իսկ ահա «մարշուտնիներից» մեկում երեկ նման խոսակցության մեջ մտանք: Բավական տարեց մի քաղաքացի տխուր տեսքով տրտնջում էր. «Գազից են եկել, թե՝ վարձը չես մուծել: Երբեք ուշացում չեմ ունեցել, իսկ հիմա պարզապես հնարավորություն չկա: Չգիտեմ` ինչ եմ անելու»:
«Գազպրոմ Արմենիան» չի՞ պատրաստվում ընդառաջել քաղաքացիներին՝ վարձավճարների հետ կապված: Ընկերությունից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին, որ դեռ նման որոշում չունեն: Այսինքն` քաղաքացիները գումար ունեն, թե՝ ոչ, պետք է վճարեն, հակառակ դեպքում, կզրկվեն գազից: Փորձեցինք կառավարությունից պարզել՝ ի՞նչ անեն գումար չունեցող քաղաքացիները: Մեզ միայն այս տարօրինակ պատասխանը տրվեց՝ եթե նման բան լինի, ընկերությունը կտեղեկացնի: Բայց չէ՞ որ ընկերությունը միայն ամսվա ավարտից հետո կարող է տվյալներն ամփոփել, ու բավականին ժամանակ էլ կտեւի, որ չվճարածների մասին տվյալներ փոխանցի կառավարություն: Իսկ մինչ այդ ի՞նչ անեն մարդիկ, բացատրություն չկա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

