ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ. էՍՊԵՍ ԷԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՅՍ ՕՐԵՐԻՆ
Արխիվ 16-20Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից դեռեւս նախորդ շաբաթ երկու գրավոր հարցում էինք ուղարկել: Մեկով փորձել էինք պարզել հետեւյալը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի եւ H1N1 վիրուսի հետ համեմատություններ անելիս ասաց, որ Հայաստանում. «Այդ վիրուսից 2016-ին արձանագրվել է 30 մահ, իսկ 2009-ին լրիվ վիճակագրություն չի արձանագրվել, բայց մասնագետները նշում են, որ այդ վիրուսից Հայաստանում մահացել է շուրջ 50 քաղաքացի»: Ուստիեւ, նախարարությունից խնդրել էինք մեզ տրամադրել վերոնշյալ վիրուսից մահացած անձանց ցանկը, որին որ տիրապետում էր վարչապետը` նշված հայտարարությունը անելիս: Եվ, երկրորդ, նախարարից փորձել էինք պարզել, թե ո՞ր դեպքում են երկրում հայտարարում համաճարակ, հնարավո՞ր է, կորոնավիրուսով պայմանավորված, երկրում համաճարակ հայտարարվի: Երկու հարցերի ողջամիտ ժամկետներն էլ ավարտվել են, բայց ոչ պաշտոնական, ոչ բանավոր պատասխան մեզ ստանալ չի հաջողվում: Փորձեցինք դիմել պարետատուն` մասնավորապես պարետի խոսնակ Վահան Հունանյանին, բայց նա կամ զանգերին չի պատասխանում կամ առաջին զանգից անջատում է: Կառավարությանը դիմեցինք, սակայն այնտեղից մեզ հորդորեցին կրկին փորձել` ասելով, որ զբաղված են: Կրկին փորձեցինք, էլի չպատասխանեցին:Այսպիսով ֆիքսենք. հայաստանյան պաշտոնական կառույցները պարզապես խուսափում են պարզաբանել՝ Հայաստանում համաճարակ կա՞, թե՝ ոչ: Թե ինչու, կարելի է ենթադրել. որքան փորձեցինք, չկարողացանք որեւէ պաշտոնական հաղորդագրություն գտնել, որ համաճարակ հայտարարվել է: Իսկ եթե չի հայտարարվել, դա նշանակում է, որ ներկայիս արտակարգ դրությունը չի համապատասխանում գործող օրենսդրությանը (եթե համապատասխանում է, թող հիմքերը ներկայացնեն): Իսկ դա էլ նշանակում է, որ այն բոլոր տնտեսական խնդիրները, որոնց բախվում ենք այսօր, այդ կասկածելի որոշման արդյունքում են, այսինքն՝ նույնքան կասկածելի օրինականություն ունեն: Սա ֆիքսենք, սրա ժամանակը դեռ գալու է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

