ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎՈՐԻ
Արխիվ 16-20ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունների ձգձգման, ԲԴԽ նախագահի` Փաստաբանների պալատի նախագահին ուղարկած միջնորդության, ՄԻԵԴ բողոքների եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ: Փաստաբանն, անդրադառնալով դատական նիստերի հետաձգման վերաբերյալ հարցին, ասաց.
-Այն բանից հետո, երբ դատական նիստից երկու օր անց հայտնի դարձավ, որ դատավոր Աննա Դանիբեկյանին վիրահատել են, այլեւս չենք քննարկում արհեստական ձգձգման վարկածը կամ հատուկ այդ նիստը ձախողելու մտադրությունը: Վատն այն է, որ մինչ այդ որեւէ մեկը չէր փորձում մեզ հստակ ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում: Ընդամենը ասում էին, որ դատավորը վատառողջ է եւ այսօր չի կարող ներկայանալ: Երբ իմացանք, որ դատավորի առողջական խնդիրները լուրջ են` նա վիրահատվել է, մենք դիմեցինք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ պահանջելով, որպեսզի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը փոխանցվի մեկ այլ դատավորի: Մինչ այս պահը որեւէ նորություն չկա (հարցազրույցը երեկ կեսօրին էր: Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին ուղղված դիմումը մերժվել է- Ի.Ա.):
- Պարոն Ալումյան, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ փաստաբաններին հեռախոսազանգի միջոցով նախապես տեղյակ է պահել, որ դատական նիստը տեղի չի ունենալու: Ավելին, նշելով, որ արտակարգ դրության պայմաններում այն՝ հեռախոսազանգն էլ կարող է դիտվել` որպես պատշաճ ծանուցում:
- Ես չգիտեմ պարոն Վարդազարյանը ինչ օրինակներ ունի իր սեփական պրակտիկայից: Բայց, օրինակ, եթե ես լինեի հիվանդ ու փորձեի այդ պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգել եւ այդ ամենը հեռախոսազանգով դատարանին ասեի, 99 տոկոս դեպքերում դատարանը կպահանջեր՝ գոնե գրավոր դիմում ուղարկել: Եվ դա նորմալ է: Ավելին ասեմ, դատական նիստը, ինչպես գիտեք, երեքշաբթի օրն էր հրավիրված: Դրան նախորդող ուրբաթ օրը մենք փորձել ենք ճշտել՝ նիստ լինելո՞ւ է, թե՝ ոչ: Մեզ հավաստիացրել են, որ լինելու է: Երկուշաբթի օրվա վերջին՝ 17:45 րոպեին, ես միջնորդությունը մուտքագրում եմ, որը պետք է հաջորդ օրը քննարկվի, եւ էլի ինձ ոչ ոք չի ասում, որ դատական նիստը կարող է տեղի չունենալ: Երեքշաբթի օրն առավոտյան մեզ զանգահարում են եւ հայտնում, որ նիստը տեղի չի ունենալու: Մենք գալիս ենք դատարան, որպեսզի հասկանանք, թե ինչն է պատճառը, եւ որքանով այն կարող է երկարաձգվել: Մեզ այդպես էլ դատարանի դահլիճում չասացին, թե ինչ խնդիր է, որպեսզի մենք կարողանանք կողմնորոշվել: Մի՞թե դրա համար երկու օր էր պետք, որպեսզի իրենք հասկանան, որ պետք է ստույգ պատճառը ասեն:
- Սակայն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին` Ձեր, Միհրան Պողոսյանի եւ Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ: Մասնավորապես, որ Միհրան Պողոսյանը նստել է դատավորի աթոռին, իսկ Հովհաննես Խուդոյանը` մեղադրողի աթոռին: Դուք էլ հարվածել եք սեղանին, որը եւս համարում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Ձեր գնահատականը:
-Տրամաբանությունից զուրկ եւ օրենքին հակասող փաստարկներ պարունակող դիմում է այն իրենից ներկայացնում: Ափսոսում եմ, որ ԲԴԽ նախագահի ստորագրությամբ կարող է այդ աստիճանի անորակ փաստաթուղթ լույս աշխարհ գալ: Ցավում եմ նաեւ իրավագիտակցության անկում ապրող մակարդակի համար, եւ որ կարող է ԲԴԽ նախագահի կողմից շրջանառության մեջ դրվել մի փաստաթուղթ, որը տարրական տրամաբանությունից զուրկ է: Տեսեք, ասում է՝ Միհրան Պողոսյանը նստել է դատավորի աթոռին եւ դրանով անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ: Նախ այդպիսի օրենք, իրավական ակտ նա չի կարող գտնել: Երկրորդ` թարմացնեմ ոմանց հիշողությունները: Օրինակ` երբ ՀՀ-ից որեւիցեւ մի պատվիրակություն է գնում ՄԻԵԴ կոնֆերանսների, շատ փաստաբաններ, դատավորներ սիրում են ՄԻԵԴ դատավորներից մեկի աթոռին նստել, նկարվել, ապա տեղադրել համացանցում: Բայց ես դեռ չեմ լսել, որ ՄԻԵԴ-ը դա ընկալի` որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Ես չգիտեմ, միգուցե պարոն Վարդազարյանի համար դատավոր Աննա Դանիբեկյանի բազկաթոռն ինչ-ինչ պատճառներով անհամեմատ ավելի պաշտպանվա՞ծ է, քան ՄԻԵԴ դատավորների աթոռները, դա ինքը պետք է բացատրի: Ես այդ մտքի թռիչքը չունեմ:
- Բայց երեւի ամենամեծ «մեղավորը» Դուք եք, որ «հանդգնել» եք հարվածել սեղանին:
- Այո, որպեսզի մեկնումեկը գա եւ մեզ բացատրի ինչ է տեղի ունենում, դատական նիստերի դահլիճում իրենց ուշադրությունը գրավելու բոլոր տարբերակները փորձելուց հետո մի քանի անգամ սեղանին ձեռքով հարվածել եմ: Եվ միայն դրանից հետո եկան եւ մեզ բացատրեցին. եթե դա էլ չանեի, երեւի մենք մինչ հիմա այդ դահլիճում գտնվեինք՝ անորոշության մեջ:
- Եթե մեկ այլ գործով, որը չառնչվեր Ռոբերտ Քոչարյանին, կարծում եք նույն իրավիճակում ԲԴԽ նախագահը նույնկերպ կվարվե՞ր:
- Ես կարծում, որ բոլոր դեպքերում արձագանք կլիներ, եթե դա հրապարակայնացվեր: Որովհետեւ տեսեք, նախկին դատավոր, ներկայումս ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, երբ փաստաբանների դեմ է ինչ-որ մի քայլ անում, իրեն ավելի ապահով է զգում: Բայց երբ ամենակոպիտ, ամենագռեհիկ ձեւով դատարաններին վիրավորում է արդարադատության նախարարը, Ռուբեն Վարդազարյանը չի համարձակվում գոնե մի թեթեւ վերաբերմունք դրսեւորել, որովհետեւ կարող է դրանով հանկարծ զայրացնել վարչապետին: Ինքը դատական համակարգի հետ կապված վիրավորվում է այն ժամանակ, երբ փաստաբաններն են ինչ-որ մի բան անում: ԲԴԽ նախագահը լռեց, երբ դատավոր Ալեքսանդր Ազարյանը պարոն Թավադյանի խափանման միջոցը փոխեց, եւ ՀՔԾ-ն գռեհիկ, անհասկանալի ձեւով սկսեց մեկնաբանել այդ որոշումը: Բա դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն էլ ո՞նց է լինում: Ինչո՞ւ, երբ դատավոր Ազարյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերվեց, ծպտուն անգամ չհանեցիք, պարո՛ն Վարդազարյան: Վախենո՞ւմ եք: Բա մեզանից չե՞ք վախենում: Բա որ վաղը, ասենք, Հովհաննես Խուդոյանին նշանակեն արդարադատության նախարար, սկսելու եք վախենալ, չէ՞: Դե հիմիկվանից ուրեմն վախեցեք, եթե Ձեզ համար վախի չափանիշը դա է:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

