Վրաստանում վնասվել են Հայաստանի ինտերնետ հասանելիություն ապահովող հիմնական և պահուստային կապուղիները
Արխիվ 16-20Ucom-ը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ այսօր ժամը 13:00 սահմաններում Վրաստանում` Գորի-Զեստաֆոնի բնակավայրերի միջակայքում, տեղի է ունեցել կապուղիների վթար, որի հետևանքով վնասվել է Հայաստանի ինտերնետ հասանելիության զգալի մասը ապահովող հիմնական մայր կապուղին:
«Վթարը Հայաստանի օգտատերերի համար գրեթե աննկատ է եղել, քանի որ պահուստային կապուղիներով անմիջապես հնարավոր է եղել կարգավորել իրավիճակը: Սակայն 17:15-ի սահմաններում Թբիլիսիում տեղի է ունեցել նույն պահուստային ինտերնետ կապուղու վթար, որի պատճառով, փաստորեն, Հայաստանի ինտերնետ հասանելիությունը Վրաստանի վրայով մեծ մասով ընդհատվել է:
Շուրջ մեկ ժամվա համատեղ աշխատանքից հետո հայ և վրացի մասնագետներին հաջողվել է վերականգնել ռեզերվային կապուղին և Հայաստանը այժմ սնվում է ինտերնետի այս ռեզերվային աղբյուրից:

