Քաղաքացիների անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերը ողջունելի են, բայց պետք է լինեն հաշվարկված և նվազագույնը՝ իրավաբանորեն գրագետ․ Արման Աբովյան
Արխիվ 16-20ՀՀ քաղաքացիների առողջությունը պաշտպանելու համար յուրաքանչյուր քայլ և յուրաքանչյուր մեթոդ` խստացում պետք է լինի և դա արդարացված է։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմաբկցության քարտուղար Արման Աբովյանը։
Նա ընդգծեց, որ խստացումն ու պատասխանտվության ենթարկելը պարտադիր է, սակայն այսօր հրատապ կերպով քննարկվող օրենքը պետք է լինի ավելի հստակ ու հասկանալի ՀՀ քաղաքացիների համար։
«Մենք արդեն իսկ աշխատում եք որոշակի առաջարկների շուրջ, դրանք կներկայացնենք։ Սակայն կրկին կրկնեմ, յուրաքանչյուր քայլ, որը բերելու է ՀՀ քաղաքացիների անվտանգության բարձրացմանը, միանշանակ ողջունելի է, սակայն բոլոր քայլերը պետք է լինեն հաշվարկված և նվազագույնը՝ իրավաբանորեն գրագետ»,-ամփոփելով խոսքը ասաց ԲՀԿ քարտուղարը։
Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ » օրենսգրքի 182-ի 3-րդ հոդվածում լրացնել 10-րդ մաս, ըստ որի` արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով։
Նախագծով սահմանվում է նաև, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահամանփակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։
«Առաջարկում ենք նաև լրացում կատարել քրեական օրենսգրքում, լրացվում է 277.1 հոդվածը, ըստ որի արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»,- այսօր նիստի ժամանակ ասել է Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

