ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԵՆԶՈՒՐԱՆ ԶԲԱՂՎԱԾ Է ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՎ
Արխիվ 16-20Երեկ տարօրինակ բան տեղի ունեցավ, երբ «Իրավունքի» խմբագրություն այցելած ոստիկանները փոխանցեցին նամակ, որտեղ ասվում է, որ «Իրավունքում» հրապարակված` «Կորոնավիրուսը լուրջ ցնցումներ է առաջ բերել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում» հոդվածն իր մեջ խուճապ առաջացնելու վտանգ է պարունակում: Դա առավել զարմանալի է, երբ, օրինակ` Արսեն Թորոսյանը հայտարարում է, թե. «Բռնկումները շարունակվում են Եվրոպայում», «Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել»: Կամ էլ Նիկոլը հայտարարում է, որ. «Աշխարհում համատարած դատարկ ցուցափեղկերն են»:
Ստացվում է, որ գրել այն մասին, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կորոնավիրուսը ցնցումներ է առաջացնում, համահունչ է ՀՀ պաշտոնատար անձանց կողմից տրված պաշտոնական տեղեկատվությանը: Ինչը եւ պահանջվում է հատուկ դրության որոշմանը կից հրապարակված պահանջներով: Ավելին, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում տեղի ունեցող ցնցումների մասին խոսում են հետեւյալ պաշտոնատար անձինք` Թրամփը, Մերկելը, Մակրոնը, որոնք հանդիսանում են այդ պետությունների բարձրագույն պետական պաշտոնատար անձինք, որոնց վրա չի տարածվում ՀՀ կառավարության կողմից սահմանված սահմանափակումները: «Կորոնավիրուսը դրամատիկ կերպով այժմ փոխում է մեր երկրում կյանքի ընթացքը: Մեր պատկերացումները նորմալի, հանրային կյանքի եւ սոցիալական համակեցության մասին, ինչպես երբեք նախկինում, ենթարկվել են լրջագույն փորձության»,- ասել է Գերմանիայի կանցլերը: Իսկ ահա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսը համեմատել է պատերազմական վիճակի հետ, իրեն համարելով «ռազմական ժամանակի նախագահ»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությամբ էլ՝ կորոնավիրուսի տարածումից ստեղծված իրավիճակն աննախադեպ ճգնաժամ է. «Սա աննախադեպ ճգնաժամ է, բայց մենք առաջ էլ ենք հաղթահարել ճգնաժամերը, միասին մենք կդիմանանք նաեւ կորոնավիրուսի հետ ճգնաժամին»: Ու այսքանից հետո «Իրավունքի» գրած «լուրջ ցնցումնե՞րն» են համարում խուճապի վտանգ պարունակող: Նշենք նաեւ, որ ՀՀ-ում հեռարձակվող ամերիկյան CNN եւ ռուսական ալիքները առավոտից իրիկուն ցուցադրում են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կորոնավիրուսի առաջ բերած ցնցումները: Հետեւապես, հարց է ծագում` այդ ո՞ր կետով է «Իրավունքի» վերոհիշյալ հոդվածը հակասում կառավարության կողմից ԶԼՄ-ների վրա մտցրած սահմանափակումներին: Առաջին հայացքից հարցի պատասխանը գտնելը գրեթե անհնար է: Սակայն նշենք, որ հոդվածում կա մի շատ կարեւոր դրվագ, որը վերաբերում է Պենտագոնի ֆինանսավորմամբ կենսաբանական լաբորատորիաների հանդեպ տարբեր պաշտոնատար անձնաց եւ լրատվական միջոցների կասկածներին, որ հենց այդ ամերիկյան լաբորատորիաներն են ինչ-որ չափով մասնակից այս վարակի ստեղծմանը: Հավանաբար, հենց այս թեման է, որ մեր պաշտոնյաների մոտ առաջացրել է խուճապ, սակայն այս դեպքում խուճապն առաջացել է ոչ թե հասարակության մեջ, այլ հենց ամերիկացիների թելադրանքի ներքո` մեր իշխանությունների մեջ: Երեւի նաեւ հաշվի առնելով, որ բիոլաբորատորիաների ներկայացրած այդ մեղադրանքները գալիս են նաեւ Ռուսաստանից: Ահա եւ գաղտնիքի բացահայտումը: Մի խոսքով, կարելի է եզրակացնել, որ կառավարության ցենզուրան այսօր զբաղված է ամերիկացիներին որեւէ թթու խոսք չասելու խնդրի ապահովմամբ: Դե, ինչպես ասում են հայտնի ասացվածքում` «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

