ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱ°Ծ Է ՀԱՄԱՃԱՐԱԿ. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԱՆԱԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ
Արխիվ 16-20Արդեն մի քանի օր է, ինչ Առողջապահության նախարարությունից փորձում ենք պարզել մեկ պարզ հարցի պատասխան՝ ո՞ր դեպքում է երկրում հայտարավում համաճարակ, եւ արդյո՞ք ներկայումս Հայաստանում պաշտոնապես համաճարակ հայտարարված է: Բայց նախարար Արսեն Թորոսյանի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ շատ ավելի բարդ է կապվել, քան կառավարության պաշտոնյայի հետ: Խոսնակը, ով բյուրջեից է վարձատրվում եւ կոչված է հենց լրագրողների հարցերին պատասխանելու համար, լրագրողների (երեւի իր համար ոչ ցանկալի) հեռախոսազանգերին պատասխանել այդպես էլ չսովորեց: Նույն հարցը այսօր առցանց եղանակով փորձեցինք ուղարկել արտակարգ դրություն հայտարարելուց հետո ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին, որտեղ նախատեսված էր նախարար Արսեն Թորոսյանի մամլո ասուլիսը: Նկատենք, որ մեր հարցը, որն ի դեպ ընդունվել էր կենտրոնի կողմից, առաջիններից մեկն էր: Սակայն ո՛չ հարցը, ո՛չ էլ, բնականաբար, պատասխանը չհնչեց: Մի քանի տես ու ծանոթի հարցի պատասխանեցին, ու վերջ, «ժամանակ չկա» ասելով՝ հեռացան: Ճարահատյալ փորձեցինք կապվել պարետատան լրատվական բաժնի հետ: Ի վերջո, այս կառույցն է արտակարգ դրության «տերը», եւ ինքն էլ պետք է բացատրի՝ ինչու է այս վիճակը, որ խոսքի սահմանափակում են մտցնում, իսկ դրանից լրատվամիջոցների հետ աշխատելու օպերատիվությունը մնում է նույն խայտառակ վիճակում: Այսինքն` լրատվամիջոցին պարզելու հնարավորություն չեն տալիս, հետո էլ մեղադրում, թե «խուճապ եք առաջացնում»: Պարետի գրասենյակից, սակայն, մեզ պատասխանեցին, որ հարցը տրվել նախարարի խոսնակին, ով ասուլիսի ընթացքում պետք է հնչեցներ նաեւ մեր հարցը: Բայց թե ինչու չի հնչեցվել, պարետատան լրատվականից Անին, խուսափեց պատասխանից՝ ասելով, որ կապվենք նախարարի խոսնակի հետ եւ իրենից պարզենք: Իսկ նախարարի խոսնակի հետ կապվելը, ինչպես նշել էինք, ընդամենը ժամանակի վատնում է, քանի որ վերջինս մեր բազում զանգերը անպատասխան թողեց: Այսպիսով, Հայաստանում հայտարավա՞ծ է համաճարակ: Եթե այո, ե՞րբ եւ ի՞նչ մասնագիտական ցուցանիշներից ելնելով: Հարցը ստիպված ենք հրապարակավ ուղղել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, արտակարգ դրության պարետին եւ վարչապետին. ով կցանկանա` թող բացատրի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

