ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՊԵՏՔ Է ՕՊԵՐԱՏԻՎ ԿԵՐՊՈՎ ԴՆԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
Արխիվ 16-20Ինչպես հայտնի է, երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, որն իր հետ բերեց մի շարք սահմանափակումներ: Բանից պարզվեց, որ արտակարգ դրությունը, չգիտես ինչու, այս անգամ ավելի շատ ազդեց ԶԼՄ-ների վրա` սահմանափակելով խոսքի իրավունքը: Այս օրերին մի շարք լրատվականներ բարձրաձայնեցին այս հարցը հասկանալու համար, թե որն է այն սահմանը, որից այն կողմ լրատվամիջոցը կամ լրագրողը իրավունք չունի անցնելու: Մինչ այս պահը, չկա որեւէ հստակ պատասխան, փաստ, ըստ որի, խոսքի ազատության սահմանափակումը ավելի հստակ լինի: Երեկ «Իրավունք» թերթի խմբագրություն էին այցելել ՀՀ ոստիակնության կիբեռհանցագործության վարչությունից եւ պաշտոնապես ծանուցել, որ. «Իրավունք» թերթի սույն թվականի մարտի 18-ի համարի 5-րդ էջում տպագրված «Կորոնովիրուսը լուրջ ցնցումներ է առաջ բերել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում» վերտառությամբ նյութը, ինչպես նաեւ iravunk.com էլեկտրոնային լրատվական կայքում ս.թ. մարտի 18-ին ժամը 14:48-ին հրապարկված` «Ես չեմ այդ վիրուսը ստեղծել, զարմացած եմ` ինչքան չար ու անհոգի են մարդիկ. Իտալիայից եկած էջմիածնեցի կինը փակագծեր է բացում» խորագրով հրապապարակումը /հրապարակման հղումը` ------, ըստ էության, պարունակում են խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ եւ ենթակա է անհապաղ հեռացման»:
Այս հարցով դիմեցինք ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ` ստեղծված իրավիճակում իրավական գնահատականներ ստանալու համար:
– Ցանկանում եմ փաստել, որ չորրորդ իշխանությունը լուրջ դերակատարություն է ունեցել նորանկախ Հայաստանում դեռ այն ժամանակ, երբ երկրում պատերազմ էր: Իսկ հիմա նույն դերակատարումն ունի արտակարգ դրության ժամանակ: Իսկ այս պահին երկրի գլխավոր պարետը իր ուշադրության կենտրոնում պետք է պահի լրատվության աշխատանքը եւ սահմանի այն խաղի կանոնը, որով պետք է ուղղորդվեն լրատվամիջոցները, ինչը ցավոք չարվեց, եւ արդյունքում ունենում ենք դրվագներ, որ պետական լիազոր մարմինը տարբեր օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով իրեն թույլ է տալիս խոչընդոտելու ԶԼՄ-ների աշխատանքները: Նման վերացական ձեւով որոշումներ կայացնելը, թե որ դեպքում պետք է արգելել սույն հոդվածը տպագրել, իսկ որ դեպքում թույլ չտալ, դա սահմանադրության լուրջ, կոպիտ խախտում է` համաչափությունը խախտելու իմաստով: Եթե պետական լիազոր մարմինը ի լուր ամենքի հայտարարում է, որ շարունակվում են բռնկումները Եվրոպայում, Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել, աշխարհում համատարած դատարկ ցուցափեղկներ են, դա, չգիտես ինչու, իրենց թույլատրվում է որպես պաշտոնական հաղորդագրություն, բայց երբ դրա 10 տոկոսի չափով մամուլն է անդրադառնում` գրելով, որ այս հիվանդությունը ցնցումներ է բերել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, չգիտես ինչու, պետական լիազոր մարմինը գտնում է, որ դա խուճապ կարող է առաջացնել այն դեպքում, որ դա աղերս չունի Հայաստանի հետ: Ավելին, ես այսօր կարդացի մի նյութ, որտեղ առողջապահության նախարարը հայտարարում է, որ այս վիրուսից 2,5 անգամ ավելի շատ են մահանում տղամարդիկ, քան կանայք: Եթե թույլատրվում է նախարարին նման հայտարարություն, եւ եթե այս մասով չորրոդ իշխանությունը վերլուծություններ անի, պետք է գան ասեն, որ հեռացրե՞ք նյութը, քանի որ այն իր մեջ խուճա՞պ է պարունակում: Այ սա խնդիր է, որ այս պայմաններում, մեկ ժամ շուտ օպերատիվ կերպով պետք է դրվեն խաղի կանոնները, եւ հրամցվի մամուլին, որպեսզի մամուլը գտնվի իր տեղում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

