ՍԵՎԱՆԻՑ ՋՐԱ՞Ռ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
Արխիվ 16-20«Իրավունք» թերթի խմբագրությունը ահազանգ է ստացել Կոտայքի մարզի բնակիչներից: Մտահոգությունը, թերեւս, իրոք տեղին է: Այսպես, մեզ դիմած քաղաքացիները զարմանք են հայտնում, որ որոշակի ժամանակ է, ինչ Սեւանի հաշվին սնուցվող ջրանցքով պարբերաբար ջուր է հոսում: «Այս ի՞նչ է, լճից ջո՞ւր են թողնում: Բայց ինչո՞ւ, եթե ոռոգման սեզոնը չէ: Իսկ հետո, երբ կգա ոռոգելու ժամանակը, կպարզվի, որ ջուր չկա, տարեկան նորման լրացրել են»,- իր մտահոգությամբ կիսվեց մեզ դիմած քաղաքացիներից մեկը՝ նաեւ շեշելով, որ ջուրը հոսում է հատկապես երկեկոյան ժամերին. «Ի՞նչ է, ուզում են, որ մարդ չտեսնի՞»:
Ավելին, ըստ մեր հիշատակած զրուցակիցների, իրենք այն կարծիքին են, որ տարվա այս եղանակին, քանի որ ոռոգման խնդիր չկա, շատ հնարավոր է, որ ջրառը ծառայում է էլեկտրաէներգիայի արտադրության համար՝ Սեւան-Հրազդան հէկ-երի կասկադում: Այսպիսով, իրո՞ք տարվա այս սեզոնին Սեւանից ջուր է բաց թողնվում: Եթե այո, ի՞նչ նպատակով եւ ինչո՞ւ երեկոյան ժամերին` բոլորից թաքուն: Այս հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից, որտեղից մեզ տեղեկացրին, թե ոչ մի ջրառ էլ չկա: Այդ դեպքում որտեղի՞ց է ջրանցք այդքան ջուր լցվում: Ի դեպ, նման պատասխանը սպասելի էր: Ուստիեւ, կխնդրենք մեզ դիմած քաղաքացիներին՝ հետագայում էլ, ջրանցքում ջուր տեսնելով, դա նաեւ ֆիքսեն տեսախցիկներով: Դե, արդեն երեւի ջրառը կկանգնի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

