«Պարզապես Աղամյանից լավ ղեկավար չստացվեց» (Տեսանյութ)
Արխիվ 16-20Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում Հայաստանի նկարիչների միության անդամները` նախագահ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ գլխավորությամբ, ամփոփեցին միության մեկ տարվա գործունեությունը: Մինչ Ս. Սաֆարյանը հաշվետվության կարգով ներկայացնում էր տարվա ընթացքում արված աշխատանքները, լրագրողներին հետաքրքրող թեման, իհարկե, ամիսներ շարունակ շրջանառվող, միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի կառավարման տարիներին կատարված չարաշահումների թեման էր: Բայց նախքան չարաշահումներին անցնելը, Ս. Սաֆարյանը գերադասեց ամբողջությամբ անդրադառնալ իր մեկ տարվա կատարած աշխատանքներին` թվարկելով տեղի ունեցած ցուցահանդեսներից մինչեւ միության անդամների ստացած նկարչական պարագաներն ու վերանորոգումները.
«ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԵԼ Է 18 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՊԱՐՏՔ»
«Ինչպես խոստացել էինք համագումարի ժամանակ, միության 65 տարեկանից բարձր անդամների համար անվճար տրամադրվեցին ցուցասրահները, նաեւ տպագրվեցին ցուցահանդեսների գովազդային պաստառները: Ինչպես նաեւ միության երկու անդամի տրամադրել ենք բժշկական օգնություն: Միության ստեղծագործական տանը կատարվել է մասնակի վերանորոգում, հիմնովին վերանորոգվել է միության ադմինիստրատիվ 3 գրասենյակ եւ 3 սրահների հարդարում: Մարվել է նախկին նախագահության սխալ կառավարման արդյունքում գոյացած 18 մլն դրամի պարտքը, որը գոյացել էր ԱԱՀ չվճարելու պատճառով: Առաջին անգամ կատարվել է ֆինանսատնտեսական վերլուծություն, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ պատասխանատվության է կանչվել նախկին նախագահը: Այս պահին գործը նախաքննության փուլում է, եւ ինչպես գիտեք այդ ժամանակահատվածում գաղտնիության վարկածը կա, չենք կարող շատ բաներ ասել, ավարտից հետո արդեն պատկերը ամբողջովին կունենանք»,- ասաց Սաֆարյանն ու «Իրավունքի» այն հարցադրմանը, թե պարոն Աղամյանը հարցազրույցների ընթացքում ասել է, թե իրեն ոչինչ չեն տեղեկացրել իրավապահ մարմինները, ներկա նախագահը հստակեցրեց. «Գործը նախաքննության փուլում է, մեր իրավապահ մարմինները իրենց գործը շատ լավ գիտեն, մենք չենք, որ պետք է զբաղվենք այդ հարցով»:
«ԵՐԲ ԿԱՐԴՈՒՄ ԷԻՆՔ ԱՈՒԴԻՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ԱՂԱՄՅԱՆՆ ԱՅՆՏԵՂ ՆՍՏԱԾ ԷՐ»
Սակայն վարչության անդամ ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ միջամտեց. «Երբ ավարտվեց աուդիտը, մենք վարչության նիստ հրավիրեցինք, եւ երբ կարդում էինք աուդիտի արդյունքները, Աղամյանն այնտեղ նստած էր, այսինքն` նա ամեն ինչ գիտի, իրեն նամակներ են գրվել, նա բազմիցս տեղեկացել է: Սաֆարյանի թվարկած տարեկան հաշվետվությունը իրականցվեց ի հեճուկս այն բանի, որ կես տարի ղեկավարությունը զբաղված էր բացահայտելով այն բացերը, մութ գործերը, որոնք տեղի էին ունեցել մինչեւ այդ` 20 տարի: Պարտքեր էին կուտակված, հսկայական, անհասկանալի ինչ-որ գումարներ էին, գույքահարկեր: Իսկ այս տղաները, կես տարի զբաղված էին դրանք բացահայտելով եւ միաժամանակ միությունում ունենք այսքան դրական փոփոխություններ»:
«Իրավունքի» այն դիտարկմանը, թե եթե տեղյակ էին, ինչո՞ւ այդ վերը նշված չարաշահումների մասին նախկինում չէին բարձրաձայնում, տիկին Մուրադյանը հակադարձեց. «Անձամբ ես, 11 տարի առաջ, երբ 3-րդ անգամ պարոն Աղամյանը պատրաստվում էր դառնալ նախագահ, համագումարին դուրս եմ եկել ամբիոն ու ասել եմ, որ չի կարելի այսքան երկար նստել պաշտոնի: Ի սկզբանե, հենց համագումարի ժամանակ խախտում էր, որ նա չէր լքում բեմը եւ ղեկավարում էր ժողովը, ամբողջը կազմակերպում էր իր ուզած ձեւով: Այսինքն` մանիպուլյացիաներ էր անում, իսկ օրենքով նա պետք է հաշվետվություն տար եւ իջներ բեմից, բայց նա չէր լքում բեմը»:
Այստեղ արդեն Ս. Սաֆարյանը մանրամասնեց. «Աղամյանն ինչ-որ հիմնավորումներ ու իր կարծիքը արտահայտել է, եւ այդ ամբողջը մենք կցել ենք գործին, ներկայացրել ենք դատախազություն, որոնք էլ որոշում են կայացրել հետաքննություն անցկացնել»,- թեման եզրափակեց Սաֆարյանը:

«ԱՅԴ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՄԻԱՅՆ ԱՂԱՄՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ»
Սակայն, վարչության անդամ ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆՆ արձագանքեց, որ այս ամենն իր համար տխուր է. «Նա մեր արվեստագետ ընկերն է, ընդհանրապես բոլոր արվեստագետները պետք է իրար լավ վերաբերվեն: Մեր ասպարեզում կուզենայի, որ ընդհանրապես նման բաներ չլինեն: Պարզապես այդ ամենը սխալ է ընթացել, պիտի աշխատենք, որպեսզի նման բաներ չկրկնվեն: Այդ խախտումները միայն Աղամյանի ժամանակ չեն եղել: Լուրջ խախտումներ են եղել, եւ ընդհանրապես շատ մեծ դժգոհություններ են առաջացել նաեւ դրանից առաջ, իսկապես մեծ հարցեր կային: Օրինակ` Նկարիչների միության եւ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող այն շենքը, որը պետք է ունենայինք, ամեն ինչ կար, չգիտես ինչպես այն պիտի լիներ ինչ-որ պարսկական բանկ, բայց հիմա այդ տարածքն ամայի է, հիանալի գեղեցիկ շենք էր, որը չեղյալ եղավ այդ վատ գործունեության հետեւանքով: Այդ ընթացքում իհարկե, Աղամյանը փորձել է ինչ-որ բան անել, բայց չստացվեց: Ինչեւէ, որ երեւի նրա գործունեության լավ ու վատ կողմերը վերցնենք... պարզապես Աղամյանից լավ ղեկավար չստացվեց»,- ասաց Իսաբեկյանն ու անդրադառնալով միության ներկա ղեկավարության գործունեությանը` շեշտեց. «Հիանալի խումբ է հավաքվել Սուրեն Սաֆարյանի ղեկավարությամբ, այն տղաները, որոնք մասնակցում են այս աննախադեպ փոփոխություններին, պարզապես սիրում են իրենց գործը, սիրում են միությունը, եւ դրա արդյունքում տեսնում ենք այնպիսիս փոփոխություններ, որոնք բոլորիս անհնար էին թվում: Եթե նախկինում կային կայացած լավ նկարիչներ, որոնք չէին ուզում նախկին միության անդամ լինել, հիմա բոլորն են ուզում դառնալ, քանի որ տեսնում են այդ փոփոխությունները: Մեծ հույսեր ունեմ, որ այդ էնտուզիազմը չի կորչի, իսկ մեր կողմից էլ պետք է խրախուսում լինի, որովհետեւ դեռ շատ գործ կա անելու»:
«ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ»
Միության փոխնախագահ ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ էլ, կիսելով Իսաբեկյանի կարծիքը, լրացրեց. «Անելիք կա, բազում խնդիրներ ունենք մեր առջեւ, եւ օր առաջ դրանք պետք է վերացնել: Մեր մեջ պակասում էր արվեստի հանդեպ սերը, կարծում եմ` հիմա այն վերականգնելու ժամանակն է, արվեստի շուրջ բոլորս պետք է համախմբվենք: Բազում անելիքներ ու հրաշալի գաղափարներ կան, որ կարելի է եւ տեսնում ենք իրականցնելու ճանապարհներ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=101396&l=am/

