ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումն այս տարի կանցկացվի Երևանում

05.05.2018 22:53 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումն այս տարի կանցկացվի Երևանում

Մայիսի 15-21-ը Երևանում տեղի կունենա ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը, կկայանա Թատերական միությունների միջազգային համադաշնության` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ:

«Ինչպիսի՞ պահանջի արդյունքում է «Ոսկե ծիրան» լվացքատունը որոշել Երևանում ադրբեջանական ֆիլմ ցուցադրել». Հովհաննես Գալստյան

 Երևանյան Ֆորումին մասնակցելու համար Հայաստան կժամանեն Լատվիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Մոլդովայից, Բելառուսից, Տաջիկստանից և Լիտվայից:
Թատերական ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝  նախ մասնակիցների համար վարպետության դասեր, լաբորատորիաներ և որքշոփ կանցկացնեն թատերական ոլորտի ականավոր գործիչները: Իսկ երիտասարդ բեմանկարիչների վարպետության դասերը կղեկավարի ռուս թատերական նկարիչ Յուրի Խարիկովը: Երիտասարդ բեմադրիչների արվեստանոցի և դրամատուրգների սեմինարների ղեկավարը` թատերական ռեժիսոր, Վ. Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովն է, թատերական քննադատների Կլոր սեղանները կղեկավարեն թատերական տեսաբաններ Մարիա Խալիզևան, Ալլա Շենդերովան: 
Ֆորումի երկրորդ ճյուղը  երիտասարդ բեմադրիչների և ներկայացումների հեղինակավոր մրցույթն է, որի ընթացքում ծրագրված է, որ  յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում` փորձագիտական խորհրդի կողմից ընտրված և նախորդ 2 տարիների ընթացքում բեմադրված աշխատանքներ: Ներկայացումները կցուցադրվեն երևանյան առաջատար թատրոնների բեմերում: Ֆորումի ընթացքում աշխատելու են փորձագետներ, որոնք կորոշեն լավագույն ներկայացումը: Հաղթող ճանաչված ներկայացումը իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին: 
Փորձագետների կազմում են` ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը (Ռուսաստան), թատերական քննադատ Ելենա Դյակովան (Ռուսաստան), կոմպոզիտոր, ռեժիսոր Արտյոմ Կիմը (Ուզբեկստան), թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Ֆեկլիստովը (Ռուսաստան), թատերագետ Սոնա Մելոյանը (Հայաստան): Փորձագետների խմբի նախագահն է ռեժիսոր, երաժիշտ, թատրոնի և կինոյի դերասան, «Ռեժիսուրայի և Դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» Ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովը (Ռուսաստան): 

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անց է կացվել 2012թ.-ին Քիշնևում (Մոլդովա), երկրորդը` 2015թ.-ին Մինսկում (Բելառուս): 
Ֆորումի կազմակերպիչների նպատակը ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների և թատերական քննադատների) միջև ստեղծագործական շփումների ամրապնդումն է, ինչն, անկասկած, խթան է համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ ստեղծելու, սերտ գործակցելու համար: 
Այս մեծածավալ թատերական նախագիծը կոչված է նաև մարզային և քաղաքային իշխանությունների, հասարակական և ստեղծագործական կազմակերպությունների ուշադրությունը սևեռելու դեպի թատրոնի ապագան որոշող մատաղ սերունդը:
Ֆորումը հնարավորություն է տալիս երիտասարդ թատերական գործիչներին կիսվել իրենց մասնագիտական փորձով, քննարկել ծառացած խնդիրները, որոնց հետ առնչվում են ստեղծագործական ուղին սկսող պրոֆեսիոնալները: Բացի այդ, սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու համախոհ մարդկանց, գործակցության եզրեր հաստատելու և համատեղ նախագծեր իրականացնելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА