ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ.ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է
Արխիվ 16-20ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ.
Սկսելով կարդալ այս հոդվածը` ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարակավ հանդես չի գալիս հայկական հեռուստատեսային ալիքներով, ո՞րն է լռության պատճառը: Խոստովանեմ, որ նման հարցը միանգամայն տեղին կլինի, բայց, ավաղ, իմ «լռությունն» իմ ընտրությունը չէ: Ասել, թե մինչեւ 2018թ. ապրիլ-մայիս պետական հեղաշրջումն էլ ես հայրենական հեռուստաալիքների հաճախակի հյուրն էի, խիստ չափազանցություն կլինի. ի դեպ, դրա պատասխանատվությունը հայտնի հաստատության վրա դնելը, որը գտնվում է Ամերիկյան 1 հասցեում, նույնպես չէր համապատասխանի իրականությանը: Հանուն արդարության նշենք, որ պետական հեղաշրջումից 3-4 տարի առաջ Արեւմուտքի ստրատեգների կողմից հայոց պետականության քանդման նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան դրվել էր խնդիր` դիմազրկել Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը, որպեսզի հետագայում մեծ ջանքեր չպահանջվեն այն «սեւերի» ու «սպիտակների» բաժանելիս: Իսկ այն, որ իշխանական լիազորություններով օժտված եւ հիմա «սեւերի» կարգի մեջ մտցված քաղաքական գործիչները չեն կռահել Հայաստանի չարակամների այս նենգ մտահղացումը, դա նույնպես անվիճելի փաստ է: Ցավոք, «այլախոհների», որոնց թվին են պատկանում Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքի համոզված կողմնակիցները, տեղեկատվական մեկուսացման քաղաքականությունը դեռեւս շարունակվում է. սա նույնպես անվերապահ ճշմարտություն է: Ըստ երեւույթին, «սպիտակների» անդրօվկիանոսյան ուղեվարները իրենց հաշիվ տալիս են, որ դեռեւս մինչեւ վերջ կատարված չեն նրանց առաջադրած խնդիրները, դիցուք` Ռուսաստանի հարավային մատույցներում իրավիճակի ապակայունացումը եւ այլ հարցեր, ինչի մասին կներկայացվի հոդվածում: Փառք Աստծո, որ դեռ կա Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների հետ տագնապներով եւ մտորումներով կիսվելու հնարավորություն Ռուսաստանյան տեղեկատվական «REGNUM» գործակալության կայքում, «Իրավունք» մեդիահոլդինգի պարբերականներում եւ Shame.am ինտերնետ-պորտալում:
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթով ես, երբեմն մեծ ջանքերի գնով, փորձում եմ ուշադիր ծանոթանալ ադրբեջանական մամուլի հրապարակումներին: Չեմ թաքցնում, որ այդ զբաղմունքը հաճելիներից չէ, ընդ որում` բնավ ոչ միայն Ափշերոնյան սուլթանության զանգվածային լրատվամիջոցների ամբողջովին կողմնակալ լինելու պատճառով, որոնք ժամանակ առ ժամանակ ցույց են տալիս հնարագիտության հրաշքներ, մեր իրական կյանքի փաստերի նենգափոխումներ: Ոչ, ոչ միայն այդ պատճառով, այլ նաև որովհետև դրանցում հատուկ տեղ է հատկացվում բացահայտ ստի արծարծմանը: Միևնույն ժամանակ, ես գիտակցում եմ, որ չարդարացված ինքնահանգստացման դրսևորում կլիներ քամահրական վերաբերմունքը թվում է, թե առանձին, բայց և բավական վտանգավոր հրապարակումներին, որոնք, եթե դիտարկենք իրենց միագումարության մեջ, քեզ դարձնում են մանրակրկիտ մտածված տեղեկատվական պատերազմի ականատեսը: Դրանցում երևում է տեղեկատվական պատերազմի վարման բավական պրոֆեսիոնալ տեխնոլոգիա հայկական երկու պետությունների` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ: Ասել, թե դա ադրբեջանցի ստրատեգների տեղեկատվական պատերազմի ինքնատիպ նոու-հաու է` չափազանցություն կլիներ: Իրենց ընթերցողների, լինեն նրանք Ադրբեջանում, թե արտասահմանում, գիտակցության մանիպուլացման ամբողջ տեխնիկան հանգեցվում է ժողովրդական լայն զանգվածներին հիմարացնելու ոչ անհայտ չարագործ Յոզեֆ Գեբելսի կանխադրույթներին, դիցուք. «Քարոզչությունը կորցնում է ուժը, հենց որ ակնհայտ է դառնում... Որքան հրեշավոր է սուտը, այնքան ավելի շատ է ամբոխը հավատում դրան»:
Որպեսզի չհոգնեցնեմ հարգելի ընթերցողներին իմ տեսական մտահանգումներով, անցնեմ հարցի բուն էությանը: Եվ այսպես, ս.թ. հուլիսի 3-ին ադրբեջանական Contact.Az ինտերնետ-պորտալը, հղում կատարելով Թուրան տեղեկատվական գործակալությանը, հրապարակեց հոդված ինտրիգ պարունակող վերնագրով` «Սենսացիա՞, թե՞ փաստ: Սթոլթենբերգին Փաշինյանի նամակի մասին»: Վերնագիրը կարդալով` առաջինը, որ մտաբերեցի, Ավքսենթի Ցագարելու «Խանումա» վոդևիլից հայտնի երկխոսությունն էր, որը գրվել է 1882թ.: Հիշենք «Խանումա» ներկայացումից երկխոսությունը Հակոբի` հարուստ վաճառական Միկիչի կատարածուի և իշխան Վանոյի միջև, որը փայլուն բեմադրվել է 1972թ. Պիտերի Դրամատիկական մեծ թատրոնում Գեորգի Տովստոնոգովի կողմից: Եվ այսպես, Հակոբը գովաբանում է. «Ուզում ես լողանալ` այ քեզ Քուռը, այ քեզ քո տունը, ուզում ես խմել` այ քեզ Քուռը, այ քեզ քո տունը, ուզում ես խեղդվել` այ քեզ Քուռը, այ քեզ քո տունը»: Սրան հետևում է առարկությունը. «Մի րոպե, մի րոպե, մի րոպե: Բա որ ջրհեղեղ լինի՞»: Հետևում է Հակոբի պատասխանը. «Է-է, լսիր: Քուռն ո՜ւր, քո տունն` ո՜ւր»: Այս երկխոսությունն ավելի քան պերճախոս արտացոլում է Ափշերոնյան սուլթանության արդի քարոզչության իսկական էությունը: Ուրեմն, ինչի՞ մասին է մեզ տեղեկացնում Contact.Az-ը (http://www.contact.az/ext/news/2019/7/free/politics%20news/ru/82091.htm). «Ռուսաստանյան gosnews.ru պարբերականը հրապարակել է փաստաթուղթ (ինչից են վերցրել, որ այս նյութը փաստաթուղթ է` անհասկանալի է-Ա.Գ.)` պնդելով, որ դա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակն է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին: «Փաշինյանն անսպասելի քայլ է մտածել. հանձնել Արցախն Ադրբեջանին, ինչի մասին էլ տեղեկացնում է Սթոլթենբերգին նամակում (ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանական ագիտպրոպը բնավ կասկածի տակ չի դնում նամակի գոյությունը-Ա.Գ.): Այսպիսի խորամանկ միջոցով Փաշինյանը ծրագրում է կանխել դավադրությունը` Լեռնային Ղարաբաղի դավադիրներին այնպիսի կյանք սարքելով, որ նրանք Հայաստանի ղեկավարությունը տապալելու հավես չունենան»,- պնդում է մոսկովյան պարբերականը»: Ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանական տեղեկատվական գործակալությունը ընթերցողների ենթագիտակցության մեջ ներարկում է տեղեկատվություն դավադրության մասին` որպես կասկածի չենթարկվող իրողություն, ի դեպ` ներկայացնելով որպես անվիճելի պնդում նաև այն, որ «դավադիրները Լեռնային Ղարաբաղից» են: Ճիշտ, չէ՞, որ Հայաստանի «ժողվարչապետի» հանդեպ «հոգատարության» դրսևորումը հոգեցունց է: Այնուհետև Contact.Az-ը, հղում կատարելով հայկական ԶԼՄ-ներին, գրում է. «Պայքարը կոռուպցիայի դեմ հիշեցնում էր հաշիվների մաքրում երկրի նախկին ղեկավարության հետ: Այս ֆոնին ի հայտ ելան լուրեր Ղարաբաղի զինվորականների կողմից Փաշինյանին տապալելու պատրաստ լինելու մասին: Մոսկովյան պարբերականի վարկածով` հեղափոխությունից խուսափելու համար Փաշինյանը մտածել է հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին (հեղինակները ցանկանում են ցանկալին մատուցել իրականության տեղ, քանի որ հենց անվտանգության գոտու հողերի հանձնումն է հղի հեղափոխությամբ-Ա.Գ.), ինչի մասին էլ տեղեկացնում է Սթոլթենբերգի նամակում»: Հետո ավելի հետաքրքիր է. «Այս նյութը, ամենայն հավանականությամբ, ֆեյք է: Բայց կարևոր է, որ այն տարածվում է Ռուսաստանից, որտեղ չեն թաքցնում իրենց դժգոհությունը Փաշինյանից և ջանում են խափանել բնակչության կողմից նրան ցուցաբերվող աջակցությունը»: Այստեղ ադրբեջանցի ստրատեգները, ուղիղ ասենք, կարող են ստեղծել լուրջ մրցակցություն «Խանումայի» գործող անձ` կատարածու Հակոբին, այսինքն` ադրբեջանական ագիտպրոպը այս դեպքում լրիվ է խճճվել: Մի կողմից` ազերիների պնդմամբ, մոսկովյան պարբերականը մի տեսակ չպարտադրելով զգուշացնում է Ն.Փաշինյանին իբր պատրաստվող դավադրության մասին Լեռնային Ղարաբաղի կողմից և միաժամանակ ավելի մեծ համոզչության համար նշում է, որ «դա (ֆեյք) է, որը տարածվում է Ռուսաստանից»: Այնուհետև, որպեսզի լիովին ցրի Ն.Փաշինյանի իսկական մտադրությունների մասին կասկածները, ադրբեջանական ագիտպրոպը խիստ մեծահոգաբար հուշում է Ռուսաստանին` հղում կատարելով այդ նույն հոդվածին, որ Փաշինյանը կատարել է հիմնական խնդիրը, որը դրվել է նրա առջև դեռևս մեկ տարի առաջ կուրատորների կողմից, որոնք նրան բերեցին Հայաստանի ղեկավարություն: Խոսքը ՆԱՏՕ Հայաստանի մտնելու ճանապարհին «պատնեշները վերացնելու մասին է, ինչը կապահովի նրան աջակցություն Արևմուտքի կողմից»: Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ այս պնդումը նույնքան պարզունակ է, որքան և նենգ: Քանիցս գրել եմ, որ անդրսահմանային կուրատորները Ն.Փաշինյանին բերեցին իշխանության` Ռուսաստանի հարավային մատույցներում իրավիճակն ապակայունացնելու նպատակով, Հայաստանի և Արցախի միջև լարվածության մթնոլորտի թեժացման, Արցախի Հանրապետության զինված ուժերի ղեկավարությունից Ղարաբաղյան ազգային-ազատագրական պատերազմում թրծված մարտական գեներալներին հեռացնելու միջոցով: Մի խոսքով` Արդբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Ընդ որում, առաջնահերթ նպատակների շարքում, որոնք իրենց առջև դնում են ադրբեջանական բազեները, Ափշերոնյան սուլթանության կողմից Արցախի անվտանգության գոտու յուրացումն է, որը ներկայում վերահսկվում է Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից և 105 կիլոմետրանոց սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Կարծում եմ, որ իմաստ չունի նորից բացատրել ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի ծայրահեղ հետաքրքրվածությունը միջնորդավորված և ուղղակի վերահսկողությամբ ղարաբաղա-իրանական սահմանի այս հատվածի հանդեպ:
Բավական հատկանշական է, որ մոսկովյան gosnews.ru պարբերականում ադրբեջանական կողմին շատ դուր եկած հոդվածի հրապարակման օրը (տպավորություն է ստեղծվում, որ նրանք հոդվածի յուրաքանչյուր տող ընկալում են որպես իրենց սեփական զավակ) մոսկովյան մեկ այլ` «Մոսկվա-Բաքու» պարբերականում ս.թ. հուլիսի 1-ին հրապարակվեց հարցազրույց. «Սերգեյ Մարկով. Հայաստանի վարչապետը վախենում է պայմանավորվածությունների գնալ Ադրբեջանի հետ»: Հատկանշական է, որ այս հարցազրույցը տվել է Ս.Մարկովը, որին այսօր, անշուշտ, պատկանում է առաջնության դափնին ադրբեջանական շահերը լոբբինգի ենթարկելու գործում: Նա, որ ադրբեջանական պրոպագանդիստ է, հանկարծ նուրբ զգացումներ, հոգատարություն է ցուցաբերում պստիկ եղբոր` Նիկոլ Վովաևիչի հանդեպ: «Մոսկվա-Բաքվի» թղթակցի հարցին, թե` «Սերգեյ Ալեքսանդրովիչ, կալանված անձանց փոխանակումը դարձավ հումանիտար քայլերի իրականացման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների արդյո՞ւնքը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը», հետևեց պատասխանը. «Կալանված անձանց փոխանակումը Ադրբեջանի և Հայաստանի միջև ցույց տվեց խաղաղության հանդեպ երկու պետությունների ղեկավարության կամքը: Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, որոնցում այսօր գտնվում են բանակցությունները, այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, խաղաղություն է ուզում, բայց ներքաղաքական վիճակը երկրում թույլ չի տալիս նրան գնալ կոնկրետ խաղաղ քայլերի: Հայաստանի վարչապետը վախենում է գնալ պայմանավորվածությունների Ադրբեջանի հետ ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ կարծում է, որ փոխզիջումն ադրբեջանական կողմի հետ կարող է հանգեցնել նրա դեմ դավադրության և նրա տապալման»: Կարդալով այս տողերը` ակամա հիշեցի հատված ս.թ. մայիսի 20-ին «ժողվարչապետի» դիմումից, երբ նա ասաց. «Ուսումնասիրելով բոլոր փաստերը` ես այդ ամենի հետևում տեսնում եմ դավադրություն նոր պատերազմ սանձազերծելու և, հնարավոր է, անգամ որոշ տարածքներ հանձնելու` պատասխանատվությունը դնելով երկրի կառավարության վրա: Այդ գործունեության մեջ տեսնում եմ պետական դավաճանության նշաններ»: Դե, ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանի այսպիսի խոստովանություններից հետո չասի աջակցության խոսքեր մարգարե Սերգեյ Մարկովը, որն ադրբեջանական ինտերնետ-պորտալի միջոցով կիսվում է միայն իրեն և Նիկոլ Փաշինյանին հայտնի տեղեկատվությամբ դավադրության մասին և դա անում է բարի նպատակներով, որպեսզի Ափշերոնյան սուլթանության հպատակները սիրով ու հարգանքով համակվեն խաղաղարար Նիկոլ Վովաևիչի հանդեպ: Համակվեն հարգանքով, ինչպես դա եղավ նրա հոգևոր հոր` Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում, որին հիմա էլ ոչ առանց գովասանքի մեջբերում են երախտապարտ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները: Ընդ որում` նրանք անթաքույց ուրախությամբ փաստում են իրենց հոգևոր մերձությունը: Այսպես, ս.թ. հուլիսի 3-ին Aze.Az ինտերնետ-պորտալը հրապարակեց հոդված` «Ղարաբաղի անջատողականների միջև ընթանում է պայքար իշխանության համար» վերնագրով: Վերլուծելով այդ հոդվածը` տպավորություն է ստեղծվում, որ վերջապես իրականացել է դեռևս մինչև վերջերս հայկական հինգերորդ շարասյան, թվում է, թե ուտոպիական երազանքը` ունենալ իրենց քարոզչական խոսափողը ոչ միայն Հայաստանում, հայկական Սփյուռքում, այլև... Ադրբեջանում: Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, Ադրբեջանում: Տեսեք, թե ինչ է գրում այդ ադրբեջանական ինտերնետ-պորտալը. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ ձևավորվել է ՀՀՇ-ում և եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցը, գիտեն բոլորը, իսկ այն, որ նա կատարում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) բոլոր դիրեկտիվները, հայտնի դարձավ միայն հիմա: Նրանց ԶԼՄ-ները գրում են (ոչ առանց գոհունակության նշում է Aze.Az-ը-Ա.Գ.), որ մարտի 1-ի հանցագործությունների հետաքննությունը ենթարկված է գրավոր դիրեկտիվներին, որոնք կազմվել են փաստահավաք խմբի տվյալների հիման վրա` Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի գլխավորությամբ... Այս ուղղությամբ երկրորդ քայլը դարձավ քառօրյա պատերազմի հետաքննության պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը` Տեր-Պետրոսյանի հավատարիմ զինակից Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ: Ընդ որում` հանձնաժողովի գլխավոր խնդիրը գեներալիտետի վարկաբեկումն ու հեռացումն է, որը, փորձագետների կարծիքով, կհանգեցնի բանակի թուլացմանը» (կարդալով այս տողերն ադրբեջանական ինտերնետ-պարբերականում` գալիս ես միանշանակ եզրահանգման, որ այս տեղեկատվության հիմնական սպառողը Ադրբեջանի զինված ուժերն են, քանի որ նման բարբաջանքը չի կարող չբարձրացնել նրանց մարտական ոգին-Ա.Գ.): Բավական հատկանշական է, որ այս հոդվածի ենթավերնագրերից մեկը` «Լրջանալու պահը» (Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածի վերնագիրն է` «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը», 1997թ. նոյեմբերի 1, որը հանգեցրեց նրա հրաժարականին): Ահա թե ինչ է գրված այդ ենթավերնագրի ներքո. «Միևնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանը պետք է ապացուցի, անգամ Փաշինյանի ձեռքով, որ 1997-ին իրավացին ինքն էր, ոչ թե այն նույն «հայտնի ուժերը», այսինքն` «ղարաբաղյան կլանը», որոնք ստիպեցին նրան հրաժարական տալ պատերազմին վերջ տալու և խաղաղ ու բարգավաճ պետության կառուցումն սկսելու ծրագրերին նրա համաձայն չլինելու պատճառով» (հավանաբար, այս խոսքերի հեղինակներին հայտնի է այն մասին, որ Տեր-Պետրոսյանը պարտավոր էր ինչ-որ մեկին ապացուցել իր ճշմարտացիությունը և հավատարմությունն իր պարտվողական քաղաքականությանը, ընդ որում` չգիտես ինչու, համեստորեն լռության է մատնվում այն, որ «խաղաղ ու բարգավաճ պետության» կառուցման տակ հասկացվում է Հայաստանն առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության-Ա.Գ.): Կարծում եմ, իմաստ չունի այլ գոհարներ էլ մեջբերել հոդվածի հեղինակների մտքի թռիչքներից, ի դեպ, ինչպես նաև մեջբերումներ կատարել նման այլ հրապարակումներից: Կարևորն այստեղ ընդգծելն է, որ այս հրապարակումներն իրենց ամբողջության մեջ հետապնդում են միանգամայն որոշակի նպատակ. մի կողմից` վարկաբեկել ազնիվ գաղափարը, որը դրված է ղարաբաղյան ազատագրական պատերազմի հիմքում, այն է` Արցախի հայ բնակչության փրկությունը ցեղասպանությունից, մյուս կողմից` այդ պայքարի հերոսներին ներկայացնել օդիոզ, կոռումպացված անձինք: Ընթերցողը կարող է տարակուսած հարցնել այն մասին, որ իմ շարադրածում չկա երկրորդ եզրահանգման հաստատումը: Այո, ես միտումնավոր չներկայացրի նրանց ցինիկ եզրակացությունները Արցախի գործող և նախկին առաջնորդների հասցեին, որպեսզի չտիրաժավորեմ նրանց զրպարտությունն ու սուտը: Վերադառնալով «Նոր հեղափոխությունն անխուսափելի է» հոդվածին, որը հրապարակվել է gosnews.ru կայքում, կցանկանայի նշել, որ տագնապահույզ է, որ հոդվածը հրապարակվել է ռուսական ինտերնետ-պորտալում: Եթե դա ֆեյք է, ապա առաջին հրապարակումներն այս հաշվով ափշերոնյան ագիտպրոպի կողմից հիմք են տալիս ենթադրելու, որ առաջիկա օրերին Հայաստանում Սորոսի կողմից շռայլորեն վարձատրվող տասնյակ ինտերնետ-պարբերականներ կսկսեն հերթական հակառուսական հիստերիան: Հակառուսական հրապարակումների առաջին ծիծեռնակները երկար սպասել չտվեցին: Այսպես, ս.թ. հուլիսի 3-ին Հայաստանում հակառուսական քարոզչության խոսափողներից մեկը` «Ժամանակ» թերթը, հրապարակեց հոդված` «Ինչ մանդատ է ծածանվում Արցախի վրա. լյուստրացիայի անհրաժեշտություն» վերնագրով, որում, ըստ էության, խոսվում է Մոսկվայի կողմից Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության գործոնը Հայաստանի անվտանգության համակարգը մասնատելու համար օգտագործելու մասին: Ինչպես ասում են, հասանք այնպիսի մարազմի, երբ Հայաստանի անվտանգության ապահովման հուսալի, փորձառու երաշխավոր Ռուսաստանին մեղադրում են Հայաստանի անվտանգության համակարգի մասնատման մեջ, այսինքն` մեղադրում են մի ինչ-որ ինքնաոչնչացման մեջ տարածաշրջանային մակարդակով: Սրանով թերթը չի սահմանափակվել: Արդեն հուլիսի 4-ին հրապարակվել է հոդված` «Հեղափոխությունը սպառնալիք է Պուտինի ռեժիմի համար. Քոչարյանի միջոցով Կրեմլը ազդանշան է տվել Հայաստանին» վերնագրով: Այս հոդվածի բովանդակությունը խտացված է վերնագրում: Չարժե կասկածել, որ սպասվող տեղեկատվական վակխանալիայում կենտրոնական տեղ են զբաղեցնելու կոնսպիրոլոգիական պնդումներն իբր «ժողվարչապետի» դեմ հյուսվող դավադրության մասին` նրա կամքը կոռուպցիայի դեմ, ղարաբաղյան կլանի դեմ, «ծախու դատավորների» դեմ պայքարում սասանելու նպատակով: Ընդ որում` բնական է, որ իշխանական գրչակներն այս ամենի հետևում կտեսնեն «Կրեմլի դավերը»: Ավելին, նոր եռանդով կշարունակվի իշխանությունների քաղաքականությունը, որոնք հետապնդում են ամեն գնով Արցախի Հանրապետության ղեկավարությանը վարկաբեկելու նպատակ, էլ չեմ ասում նոր նսեմ փորձերի մասին` այս ամենը շաղկապել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայտնի դատաստանի հետ:
Որպեսզի ընթերցողը երկար չմտորի, թե Ադրբեջանի ինչին են պետք նման` հազիվ թաքցվող, սրտցավ ապրումակցումները Հայաստանի «ժողվարչապետի» ճակատագրի, ուղղակի ակնարկները միայն իրենց հայտնի սադրիչ գործողությունների (ռուսական կողմից) մասին Նիկոլ Վովաևիչի հանդեպ, հուշենք, թե որտեղ փնտրեն այս երևույթի արմատները: Այս հարցերի միջնորդավորված պատասխանը հնչել է ս.թ. հուլիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոնի` Անկախության օրվա առիթով: Այսպես, ակնհայտ է, որ ափշերոնյան սուլթանը իր շնորհավորանքները հանգեցրել է երկու հիմնական հարցի` առաջին. Միացյալ Նահանգների աջակցության կարևորությունը ադրբեջանական նախագծերի համար, որոնք ծառայում են էներգառեսուրսների աղբյուրների դիվերսիֆիկացմանն ու փոխադրմանը, երկրորդ. «հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության» կարգավորումը: Ինչ վերաբերում է Ի.Ալիևի շնորհավորանքի առաջին մասին, ապա դրա ենթատեքստը միանշանակ է` Ադրբեջանի համար կարևոր է էներգետիկ նախագծերի պաշտպանությունը ռուսական կողմի «ապակառուցողական ոտնձգություններից»: Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով` պարզության համար մեջբերում կատարենք ափշերոնյան սուլթանից. «Միևնույն ժամանակ, հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը մնում է ամենացավոտ խնդիրը, որին բախվել է մեր ժողովուրդը: Մեր երկրի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները, որոնք բուն ադրբեջանական հողեր են, օկուպացվել են, ավելի քան միլիոն մեր հայրենակիցներ արտաքսվել են հայրենի օջախներից: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և արդարացիորեն` միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին համապատասխան` մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում (ինչ վերաբերում է Հելսինկյան եզրափակիչ ակտի մյուս 9 սկզբունքներին, ապա դրանք հաշիվ չեն-Ա.Գ.): Մենք այս գործում մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհի, հետևողական և վճռական դիրքորոշման և անձամբ Ձեր, պարոն նախագահ, ջանքերի հետ»: Որպեսզի ավելի օբյեկտիվ լինեն ԱՄՆ-ի հետ կապվող հույսերը, Իլհամ Ալիևը կարող էր համարձակորեն ավելացնել, որ Ադրբեջանն իր կողմից ամեն բան անում է` արդարացնելու համար ԱՄՆ-ի վրա դրվող հույսերը, այն է. առաջատար ադրբեջանական ինտերնետ-պորտալներում հետևողականորեն հրապարակվում են բացահայտ հակառուսական հոդվածներ (կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, գոնե ոչ անհայտ Minval.az ինտերնետ-պարբերականից), բավական հմտորեն աջակցում են Հայաստանի «ժողվարչապետին», որն իրեն շրջապատել է սորոսյան ռուսատյաց լափակերներով, ավելին` ամեն բան անում է խափանելու համար Արցախի Հանրապետության ազգ-բանակի մարտական ոգին` դատաստան սարքելով ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, որը Ռուսաստանի ղեկավարության կողմից ընկալվում է որպես ռուս-հայկական ռազմավարական դաշինքի համոզված կողմնակից: Մի խոսքով` ադրբեջանական ագիտպրոպը գործում է Ջոն Բոլթոնի պատգամներով: Դրա բոլոր կրքոտատիպ ջանքերը` դուր գալ քեռի Սեմին, չափից շատ են` չես վերահաշվի: Միևնույն ժամանակ, հանուն արդարության նշենք, որ նույնքան գովասանական խոսքերով, իհարկե` չվկայակոչելով Ռուսաստանի կողմից այլընտրանքային էներգետիկ նախագծերի աջակցությունը, այլ ուրիշ «ծանրակշիռ» փաստարկներ նշելով, Իլհամ Ալիևը կշնորհավորեր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Եվ բնավ պատահական չէ, որ, կարդալով ափշերոնյան սուլթանի շնորհավորական նամակի տողերը Դոնալդ Թրամփին` մտաբերում եմ նրա ներբողները Ռուսաստանի նախագահի հասցեին, հետն էլ` պատմական անալոգները Բենեվենտի իշխան Շառլ Մորիս դը Թալեյրանի կյանքից: Հիշենք որոշ բավական բնութագրական դրվագներ Բենեվենտի իշխանի կյանքից, որոնք բնորոշ են նաև Ափշերոնի մեր հերոսին: Այսպես, Թալեյրանը Փարիզում էր, երբ Ֆրանսիայի թագավոր Կառլոս X-ը հրապարակեց փաստորեն սահմանադրությունը ոչնչացնող կարգադրությունները 1830թ. հուլիսի 25-ին: 1830թ. հուլիսի 27-ին բռնկվեց հեղափոխությունը և երեք օրում իսպառ ոչնչացրեց Կառլոս X-ի գահը: Թալեյրանի անձնական քարտուղար Կոլմաշը այդ օրերին նրա մոտ էր` Բենեվենտի իշխանի մոտ: Ամեն րոպե նորանոր տեղեկություններ էին ստացվում հեղափոխության և զորքերի միջև պայքարից: Լսելով կրակոցների որոտն ու ահազանգերը, որոնք լսվում էին բոլոր զանգակատներից, Թալեյրանն ասաց Կոլմաշին. «Լսեք, ահազանգ են խփում: Մենք հաղթում ենք»: Կոլմաշը զմայլված հարցրեց. «Մե՞նք: Ո՞վ է հաղթում, իշխա՛ն»:
«Կամաց,- հետևեց Թալեյրանի պատասխանը,- այլևս ոչ մի խոսք. ես ձեզ վաղը կասեմ դա»: Թալեյրանին բնորոշ այս խոսակցությունը տեղի է ունեցել 1830թ. հուլիսի 28-ին: Մյուս օրը հեղափոխությունը հաղթեց: Եվ ահա, հարգելի ընթերցող, չեմ կասկածում, որ եթե Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի Արցախի Հանրապետության դեմ և ամենակարճ ժամանակում համոզվի, որ տանուլ է տալիս, այդ ժամանակ Իլհամ Ալիևը իր դեմքը փրկելու և վերջնական պարտությունը կանխելու նպատակով, ինչպես եղել է նախկինում, բոլոր հույսերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կկապեր ոչ թե ԱՄՆ նախագահի, այլ արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ:
ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. Գաղտնիք չէ, որ պետությունների կործանման արդի տեխնոլոգիաներում հատուկ տեղ է հատկացվում տեղեկատվական պատերազմին, որը ներգործում է մարդկանց զանգվածների գիտակցության վրա և հանդիսանում է պայքարի մի մասը հանուն գործող իշխանության պահպանման կամ տապալման: Մեր դեպքում գործ ունենք Հայաստանի գործող իշխանությունների և անձամբ «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ձախողումների մանրակրկիտ մտածված տեղեկատվական համահարթեցման տեխնոլոգիայի հետ: Ընդ որում` վերջինի տիկնիկավարները պրոֆեսիոնալ մակարդակով գործնականում իրականացնում են տեղեկատվությամբ մանիպուլացումը` օգտագործելով ճշմարիտ տեղեկատվությունն այնպես, որպեսզի դրանից արվեն ոչ ճիշտ եզրակացություններ: Հայաստանի կեղծ հեղափոխականների տեղեկատվական պատերազմի զինանոցում հատուկ տեղ է զբաղեցնում ապատեղեկատվության տարածումը կամ էլ նախապես սուտ տեղեկատվության ստեղծումը: Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ կոնկրետ օրինակների: Այսպես, ս.թ. ապրիլի 12-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատմեց այն հաջողությունների մասին, որոնք, իբր, ձեռք են բերվել հանրապետությունում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից 10 ամիս անց: «Աշխարհի բոլոր երկրներում հեղափոխությունից հետո տնտեսությունում նկատվում է ռեցեսիա: Սակայն Հայաստանում հեղափոխությունից հետո նկատվեց տնտեսական աճ: Այս տասն ամիսներին բացվել են 51 հազար աշխատատեղեր, ինչը կազմում է ամբողջ աշխատանքի շուկայի 10 տոկոսը»,- ինչպես փոխանցել է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը` ասել է «ժողվարչապետը»: Այս հայտարարությունից ընդամենը հինգ օր հետո, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր պատգամավորներից մեկը մեղադրեց նրան` Նիկոլ Վովաևիչին, մեղմ ասած, ապատեղեկատվություն հնչեցնելու մեջ: Ընդ որում` ընդդիմադիր պատգամավորը բերեց կոնկրետ պաշտոնական վիճակագրություն Զինծառայողների ապահովագրման ֆոնդին կատարված վճարումների մասին, որոնք Փաշինյանի նշած ժամկետում աճել են ընդամենը 5 մլն 26 հազար դրամով, ինչը հաստատումն է այն բանի, որ նոր ստեղծվել կամ «ստվերից» դուրս են եկել լավագույն դեպքում 5026 աշխատողներ, այսինքն` 10 անգամ պակաս Նիկոլ Վովաևիչի հնչեցրած թվից: Ստի մեջ մերկացված «ժողվարչապետը», ինչպես ժողովուրդն է ասում, իրեն գցեց «պեչենու բաղերը»: Զուտ մանիպուլյատիվ և ապատեղեկատվական քիչ թեզեր չհնչեցին նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ՀՀ վարչապետի պաշտոնում նրա ընտրվելու մեկամյակի առիթով, ս.թ. մայիսի 8-ին` լինեն դրանք վարկային պայմանագրերի, քրեակատարողական հաստատությունների բեռնաթափման, թե Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում փաստաթղթերի ոչնչացման մասին: Իհարկե, կարելի էր կոնկրետ օրինակներով ավելի մանրամասն կանգ առնել այս հարցերի վրա, որպեսզի ցայտուն ցույց տանք, որ մանիպուլյացիաները և ապատեղեկատվության տարածումը կազմում են Նիկոլ Վովաևիչի գործունեության բովանդակությունը: Բայց դա այլ վերլուծության թեմա է: Այստեղ կարևոր է նշել, որ մանիպուլյացիաները և ապատեղեկատվությունը տնտեսության և սոցիալական հարաբերությունների ոլորտում, անշուշտ, պատիվ չեն բերում կառավարությանը, սակայն երբ մանիպուլյացիաներն ու ապատեղեկատվությունը սպառնում են պետության ազգային անվտանգությանը, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, այդ ժամանակ դրանք կրում են հանցավոր բնույթ: Այսպես, ս..թ հունիսի 5-ին Ն.Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ` իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն: Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում` ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է` «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում»: Պարզ է, թե ում նկատի ուներ «ժողվարչապետը»: Արձագանքը հետևեց անհապաղ: Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, արժանապատվորեն ասաց. «Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես` ս.թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, և եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»: Տեսեք, հարգելի ընթերցող, թե որքան անհամարժեք է Հայաստանի «ժողվարչապետն» իր զբաղեցրած պաշտոնին, որ այդպես էլ չկարողացավ ազատվել կանխակալ թերթի ձախողակ թղթակցի ախտանշանից, որը մասնագիտացել է զրպարտության ու ապատեղեկատվության մեջ: Եթե դրան ավելացնենք նրա անթաքույց ցանկությունը` ամեն գնով լուծել քաղաքական ընդդիմախոսների հարցերը, ապա բարդ իրավիճակում, որն ստեղծվել է Անդրկովկասում, Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ, ես ստիպված եմ հերթական անգամ փաստել. Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի վտանգավոր սպառնալիք է դառնում Հայաստանի ազգային անվտանգությանը: Այդ սպառնալիքին դիմակայել, չեզոքացնել այն` նշանակում է փրկել և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը: Մեր փրկության բանալին հայ հասարակության բոլոր առողջ ուժերի միավորումն է, Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Սերժ Ազատի Սարգսյանի, Արցախի ազգային-ազատագրական պատերազմի հերոսների, Արցախի զինված ուժերի կադրային հրամանատարների ջանքերի համախմբումը, որոնք Հայաստանի իշխանությունների կողմից ենթարկվում են նպատակաուղղված վարկաբեկման: Եվ իհարկե, բացառիկ հրատապ է հայկական երկու պետությունների բոլոր առողջ ուժերի միավորումը, որոնք անկախ են արտաքին ազդեցությունից, նստած չեն հալևոր Ջորջ Սորոսի ֆինանսական ասեղի վրա, չեն հանդիսանում տոտալիտար կրոնական այնպիսի աղանդների անդամներ, ինչպիսին է «Կյանքի խոսքը», էլ չեմ ասում այն մասին, որ չեն հանդիսանում ժամանակակից սոդոմականներ, ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստներ, լինեն դրանք կառավարությունում, ՀՀ Ազգային ժողովում, թե մեկ այլ տեղ: Համոզված եմ, որ նման միավորումը ոչ միայն հնարավոր է, այլև կենսականորեն պահանջված: Այստեղ շատ կարևոր է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների ջանքերի համախմբումը, երկու առաջնորդներ, որոնց կյանքի իմաստը, համարձակվում եմ վստահ լինել, նրանում է, որ ապահովեն Արցախի Հանրապետության անվտանգությունը: Եվ հենց այդ պատճառով նրանք, որ ղարաբաղյան ազգային-ազատագրական պատերազմի առաջին իսկ օրերից, նրա ամենաթեժ պահին` 1992-94թթ., ինչպես եղել են բարիկադի մի կողմում, այնպես էլ մեր օրերում ճակատագրով նրանց համար նախատեսված է լինել միասին, այլապես կջնջվեն Արցախի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման նրանց համատեղ հերոսական պայքարի տարիները: Ընդ որում` պակաս կարևոր չէ, որ նրանց միավորումը և համատեղ պայքարը ազգային անվտանգության սպառնալիքների կանխման գործում կծածկեն, զրոյի կհանգեցնեն աշխատանքի բոլոր թերություններն ու բացթողումները, որոնք, ավաղ, եղել են և այժմ էլ մեղսագրվում են նրանց:
Հ.Գ.-Ասել, թե 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո մեր առօրյայում լուսավոր օրեր չեն եղել, չափազանցություն կլիներ: Ոչ, բնավ ոչ: Այսպես, ս.թ. մայիսի 28-ին Մոսկվայում տեղի ունեցավ, ըստ իս, եզակի մշակութային իրադարձություն. երևանցի տաղանդավոր տասնմեկամյա ջութակահար Ալեքսանդր Խաչատրյանի ելույթը «Նովայա Ռոսիա» պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի հիմնադիրն ու գլխավոր դիրիժորն է Յուրի Բաշմետը: Երաժշտական այդ տոնակատարության ծրագրում էր Պ.Ի. Չայկովսկու Ջութակի կոնցերտը նվագախմբի հետ: Մասնագետներն ու երաժշտասերները համերգից հետո միահամուռ էին իրենց կարծիքի մեջ, որ մինչ այդ Պյոտր Իլյիչ Չայկովսկու` կատարման համար այս բարդագույն ստեղծագործությունն այդ տարիքում հնարավոր չէր թվացել, ընդ որում, ինչպես նրանք նշում էին, երաժշտության աշխարհում նման նախադեպեր չափազանց քիչ են եղել: Բավական բնութագրական է, որ հայաստանցի տաղանդաշատ պատանու բեմելը հնարավոր դարձավ շնորհիվ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի աջակցության: Իսկ բացասական առումով հարկ է նշել մեկ այլ հանգամանք. Հայաստանի նոր կեղծ հեղափոխական իշխանություններն այդպես էլ հարկ չհամարեցին ուշադիր գտնվել և այցելել մեր երկրների մշակութային կյանքի համար այսքան վառ իրադարձությանը: Չէ՞ որ նրանց պատկերացմամբ` դա սոսկ սովորական համերգ էր, «ավաղ», զրկված հեղափոխական պաթետիկայից, դատարանների շենքերը փակելու կոչերից ու այլ մարազմատիկ ցնդաբանությունից: Օգտվելով ընձեռված հնարավորությունից, իսկ հույս ունեմ, որ այն կլինի, կցանկանայի շնորհավորել Ալեքսանդր Խաչատրյանին հեղինակավոր «Նովայա Ռոսիա» պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ փայլուն համերգի առիթով, կրկնում եմ, որի գեղարվեստական ղեկավարը Յուրի Բաշմետն է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև Ալիկի մանկավարժին` հանձին Հայաստանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանի, որը Մոսկվայի համերգին ընդառաջ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Ալիկի ռեպետիցիայի հնարավորություն ստեղծեց: Խորապես խորհրդանշական է, որ Ալիկին աջակցել է մաեստրո Էդուարդ Թոփչյանը, որն ինքն էլ, լինելով, անշուշտ, տաղանդավոր երաժիշտ, տասնհինգ տարեկանում իր ընկերների խմբի հետ ստեղծեց «Սերենադա» կամերային նվագախումբը և դարձավ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր: Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել հայտնի դերասան և էստրադային երգիչ Արայիկ Առնոյի Բաբաջանյանին, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուրեն Հախնազարյանին, որոնք համերգին իրենց ներկայությամբ սատարեցին բազմախոստում պատանի ջութակահար Ալեքսանդր Խաչատրյանին, նրանց պատմական հայրենիքի` Հայաստանի Հանրապետության արժանավոր երիտասարդ ներկայացուցչին: Ավարտելով հոդվածը` կցանկանայի հատուկ նշել, որ Արցախի ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը խաղաղության պահպանման գրավականն է Անդրկովկասում: Եվ դա չափազանցություն չէ:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ