Մրգաշատ համայնքի ղեկավար. «Մենք փրկվեցինք…» (Տեսանյութ)
Արխիվ 16-20Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում 2016թ. հիմնանորոգվել է 7,8 կմ երկարությամբ Արմավիր-Նորապատ-Մրգաշատ-Արեւիկ-Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհային հատվածը:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ձեւավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքներն ամփոփեց հենց տեղում:
«Արմավիրի մարզում 2015-2016 թթ. իրականացվել է խոշոր ներդրումային ծրագիր, հիմնանորոգվել է հինգ համայնքներով անցնող ճանապարհ: Կատարված աշխատանքը, որը կազմել է շուրջ երկու միլիարդ դրամ, նախատեսված էր իրականացնել երկու տարում: Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի եւ համաֆինանսավորվում՝ ՀՀ կառավարության կողմից», - նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Ճանապարհն ընդհանուր առմամբ շուրջ 19 կմ է: Այն սկսվում է Արմավիր քաղաքով անցնող Մ-5 միջպետական ավտոճանապարհից, անցնում Նորապատ, Մրգաշատ համայնքներով եւ Արեւիկ գյուղի վերջնամասում միանում 2015 թ. նույն ծրագրով վերականգնված 11կմ երկարությամբ Արեւիկ – Եղեգնուտ - Երասխահուն ճանապարհահատվածին՝ հասնելով մինչեւ Մ-3 միջպետական ավտոճանապարհին:
Անդրադառնալով ճանապարհահատվածի նախկին վիճակին եւ կատարված աշխատանքներին` Է. Սարգսյանն ասաց, որ ճանապարհը գրեթե անանցանելի էր, ասֆալտապատ պաստառ չկար, սակայն այսօր արդեն ունենք գեղեցիկ ճանապարհ. «Իսկ որակի մասին ընդհանրապես խոսք չկա` այն համապատասխանում է բոլոր չափորոշիչներին: Իրականացվել է շատ խիստ հսկողություն ամբողջ ընթացքում, եւ այսօր արդյունքը տեսանելի է: Նշված հինգ համայնքների բնակչության համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը հնարավոր դարձավ մեր երկրի Նախագահի եւ կառավարության շնորհիվ»:
Կատարվել է հողային պաստառի վերականգնում, ասֆալտապատում, նշագծում, անվտանգության նկատառումներից ելնելով` տեղադրվել են ազդանշանային սյուներ, ջրահեռացման մետաղյա խողովակներ եւ արգելափակոցներ, ճանապարհային երթեւեկության նշաններ, բետոնյա վաքեր:
Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների որակին տեղում հետեւել է գերմանական «Կոքս Քոնսալթ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի ղեկավար Կնուտ Մյուլլերը, ում կարծիքով աշխատանքը լավ է կատարված. «Ամենակարեւորը` շատ ուրախ եմ տեղացիների `գյուղաբնակների համար, որ վերջապես ունեն ճանապարհ եւ այդ առումով կբարելավվի իրենց կյանքի որակը: Սա կարելի է ասել թիմային աշխատանք էր, որի արդյունքում, փառք Աստծո, ունենք հիմնանորոգված ճանապարհ: Շինարարական աշխատանքների ամբողջական վերահսկողությունը կատարվել է մեր կողմից` սկսած ամենասկզբից` հողային, շինարարական աշխատանքներից, մինչեւ ճանապարհի կառուցում եւ կատարված աշխատանքների որակի վերահսկողություն»:
Գերմանացի մասնագետը վստահեցնում է, որ իրենց նպատակն է ոչ միայն սխալներ գտնել, այլ նաեւ հոգ տանել կատարված աշխատանքի որակի համար եւ փոխզիջումային տարբերակ գտնել միասին հասկանալու խնդիրներն ու տալու լավագույն արդյունք` համագործակցելով շինարարի հետ: Նա հուսով է, որ այս համագործակցությունը կկրի շարունակական բնույթ. «Մենք մեր կողմից պատրաստ ենք դրան: Վստահ եմ՝ մեր մյուս գործընկերներն էլ պատրաստ են, եւ ծրագիրը անպայման կշարունակվի»:
Հիմնանորոգված ճանապարհահատվածի մասին իրենց տեսակետներն արտահայտեցին նաեւ տեղի համայնքապետերը:
Ըստ Արեւիկ համայնքի ղեկավար ԳԱՌՆԻԿ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ՝ այսօր գյուղը բավականին գեղեցկացել է. «Փոշուց մաքրվել է, դպրոց տանող ճանապարհը սարքվել է, ամեն ինչ շատ լավ է, ժողովուրդն էլ շատ շնորհակալ է: Շատ գոհ ենք ամեն ինչից, կատարողներին, ֆինանսավորողներին, բոլորին շնորհակալ ենք»:
Մրգաշատ համայնքի ղեկավար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ խոսքով` իրենց երազանքը կատարվեց ` ճանապարհների խնդիրը լուծվեց. «Մեր ամբողջ համայնքի անունից շնորհակալությունս եմ հայտնում տրանսպորտի եւ կապի նախարարությանը, «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկին, Համաշխարհային բանկին, շինարարներին: Մենք փրկվեցինք, ամբողջ բանջարեղենը, մանավանդ՝ պոմիդորը, մինչեւ հասցնում էինք շուկա, փչանում էր, իսկ հիմա 5 րոպե է պետք, որ ավտոն հասնի շուկա: Աստված տա, որ մեր երկրի հնարավորություններն այնքան շատ լինեն, որ այս նույն ծրագրով բոլոր համայնքներում էլ ճանապարհներ հիմնանորոգվեն: Նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ տնավարի, ի սրտե գործ արեցին»:
Նորապատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վլադիկ Կարապետյանը հատկապես կարեւորեց, որ վերականգնվել են դպրոց տանող եւ միջհամայնքային ճանապարհները. «Նման աշխատանքը համայնքի բնակչության կողմից մեծ գնահատականի է արժանանում, կցանկանայինք, որ ընդհանրապես նման ձեւով լուծվեն բարձրացվող բոլոր հարցերը»:
Աշխատանքներից գոհ էին անգամ գյուղերի ամենաընդդիմադիրները...
«Կարեւորն այն է, որ գյուղացիների հոգսը թեթեւացել է, ծախսը քչացել է, ավտոները չեն ջարդվում, աշխատանքներն էլ նորմալ կատարվել են: Օր ու գիշեր աշխատել են, գոհ ենք կատարված աշխատանքից: Դպրոց տանող ճանապարհները, մայթերը սարքել են, նորմալ է` երեխաները դպրոց գնում են մայթերով», - մեզ հետ զրույցում նշեց Մրգաշատ համայնքի բնակիչ ԹԱԹՈՒԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ:
Իսկ Արեւիկ համայնքից մի վարորդ այսպես ասաց. «էսքան էլ որ արվել է, նորմալ եմ գնահատում, երկար սպասումներից հետո սայլը տեղից շարժվեց»:
Նույն համայնքի բնակիչ ՄԱՐՏԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ նախեւառաջ ընդգծեց. «Մեծ քանակով խաղող արտահանող գյուղ է մեր գյուղը, բայց մենք չէինք կարող ոչ մի բան անել, հին Չարդախլուի ճամփեքն էր դարձել մեր գյուղի ճանապարհները, նույնիսկ ծնունդ էր լինում, հղի կնոջը մարդ ռիսկ չէր անում, որ հիվանդանոց տանի: Հիմա շատ լավ է, փոշուց կտրվել ենք: Շնորհակալ ենք»:
Ավելացնենք նաեւ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ձեւավորված շինարարական աշխատանքները շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինությունե ՊՈԱԿ-ի, «Տրանսպորտի ԾԻԳե պետական հիմնարկի, Արմավիրի մարզպետարանի, քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ, շահագրգիռ համայնքների ղեկավարներ: