ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ° ԴԱՌՆԱ ԿՈՒՅՐԵՐԻ ԿՈՒՅՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԶՈՀԸ
Արխիվ 16-20Կրկին ու կրկին իմաստավորելով ս.թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները` էլ ավելի ես համոզվում, որ երկրում ոչ թե պարզապես իշխանափոխություն է եղել, այլ` պետական հեղաշրջում, որն ըստ էության հանդիսացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ Ռուսաստանի Հարավային «ստորոտում» իրավիճակի ապակայունացման մանրակրկիտ մտածված քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը: Ի՞նչ էր նախորդել դրան:
Երիտասարդական ոչ կառավարական AEGEE/European Students Forum կազմակերպության` Երևանում ս.թ. մարտի 8-12-ը կազմակերպած «Եվրոպական պլանավորման կոնֆերանս-2018»-ի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա»: Նկատենք, որ կոնֆերանսի աշխատանքին մասնակցեց մոտ 200 երիտասարդ Եվրոպայի 25 պետություններից և «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրներից: Հատկանշական է, որ կոնֆերանսի մասնակիցները բավական շահագրգիռ քննարկում էին կազմակերպել երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարի հնարավոր տարբերակների, երիտասարդությանն «Արևելյան գործընկերության» երկրներում իրականացվող բարեփոխումներին ներգրավելու և քաղաքացիական հասարակության ամրապնդման հարցերի շուրջ:
Հիշեցնենք ընթերցողներին նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովի պատասխանները Հայաստանի ԶԼՄ-ների հարցերին (2018թ. ապրիլի 8):
Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումը վերջին երկու տասնամյակներին»:
Ս.Վ. Լավրով. «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական գործընկերության հարաբերություններ են: Այս տերմիններն ամրագրված են երկկողմ պայմանագրերում, Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) փաստաթղթերում: Այդ կապերն, անխտիր, ընդգրկում են պետությունների գործունեության բոլոր ոլորտները, մեր ժողովուրդների կենսագործունեության բոլոր ոլորտները` անվտանգությունից, արտաքին քաղաքականությունից մինչև մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական շփումներ, հումանիտար կապեր, կրթություն և այլն: Հարաբերությունները 10 տարում, անշուշտ, զարգացել են մեր երկրների նախագահներ Վ.Վ. Պուտինի և Ս.Ա. Սարգսյանի միջև ուղղակի, վստահալից շփումների ազդեցության ներքո: Նրանք կանոնավորապես, տարեկան մի քանի անգամ բարձր մակարդակի հանդիպումներ են ունենում, հանդիպում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում, բազմաթիվ միջազգային համաժողովների հարթակներում»:
Այսպիսով, մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ անցած 10 տարիներին, Հայաստանի խորապես մտածված, կշռադատված և ազնիվ արտաքին քաղաքականության շնորհիվ, որն իրականացվել է ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ղեկավարությամբ, մենք վկաներն ենք եղել այն իրողության, որ Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրել է «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Ընդ որում` կարևոր է նշել, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատական են տվել Հայաստանի հետ իրենց երկրների դաշնակցությանն ու գործընկերությանը: Մենք իրավունք ունենք նաև պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններին, որ Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև չկան անհաղթահարելի հակասություններ, ավելին, կան սերտ, փոխշահավետ տնտեսական, ինչպես նաև քաղաքական համագործակցության հաստատման ոլորտներ: Ասվածին պետք է հավելել նաև բարեկամական, բարիդրացիական հարաբերություններն Իրանի և Հայաստանի միջև, որոնք բավական ընդգրկուն ձևով բնորոշել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին 2017թ. դեկտեմբերի 21-22-ին ՀՀ կատարած իր այցելության ընթացքում: Իրանի նախագահն այդ այցի ժամանակ ասել է. «Մենք` երկու երկրներս, պատկանում ենք նույն մշակույթին և քաղաքակրթությանը: Երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները միշտ ջերմ և բարեկամական են եղել»: Թերևս, իրանա-հայկական հարաբերություններին շատ խորիմաստ գնահատական է տվել նաև հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն իր «Ինչու Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու եկավ Սարգսյանը և չեկավ Ալիևը» վերնագրով հոդվածում (REGNUM, 6 օգոստոսի 2017թ.): «Եվս մեկ պարադոքս: Մինչև XIX դարի սկիզբը Անդրկովկասի տարածքը, որտեղ հետո ստեղծվեցին Ադրբեջան և Հայաստան պետությունները, մտնում էր Պարսկական կայսրության կազմի մեջ` որպես խանություններ: Բայց, թերևս, միայն հայերին է հաջողվել պահպանել իրանցիների հետ ընդհանուր պատմության պոզիտիվը, Իրանի հետ իրենց հարաբերությունները վերածել «հատուկ» հարաբերությունների... Երրորդ պարադոքսը: Քրիստոնեական Հայաստանն աջակցություն է ստանում մի կողմից` քրիստոնեական Եվրոպայում, մյուս կողմից` Իրանի միջոցով իսլամական աշխարհում, մինչդեռ Բաքուն ավելի շատ ներկայանում է որպես «իսլամական» պետություն: Հեռանկարը Հայաստանի համար միանգամայն ընդունելի և շահեկան է թվում, ինչը վաղ թե ուշ չեն կարող չընդունել Ադրբեջանում... Այնպես որ, չնայած իրանական ուղղությամբ Երևանի դիվանագիտությունն աշխատում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փչացնելու պոտենցիալ վտանգի մակարդակով, ակնհայտ է, որ Հայաստանն իր պահեստային քայլերն ունի»: Կարծում ենք, որ իրավունք ունենք պնդելու. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գիծը ըմբռնում և աջակցություն էր վայելում Ռուսաստանի, Եվրամիության և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից: Ընդ որում` հատկապես կուզենայինք նշել, որ նախագահ Ս.Սարգսյանն արտաքին քաղաքական թեմատիկայի վերաբերյալ իր բոլոր հրապարակային ելույթներում միանշանակ ընդգծում էր հայկական պետության արտաքին քաղաքականության գլխավոր վեկտորը` դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությանը, մի քանի փաստ նշեմ: Այսպես, ոչ անհայտ լրագրող Ռասիմ Աղաևը (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության նախկին գլխավոր դատախազի որդին, վերակառուցման տարիներին եղել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը) ադրբեջանական կառավարամետ տեղեկատվական Haqqin.az պորտալում 2016թ. հուլիսի 19-ին հրապարակել է հոդված` «Սերժ Սարգսյանը կսպանվի» վերնագրով: Ահա թե ինչ է այդ նողկալի վերնագրի ներքո գրել հայերի ու հայկական պետության համար «սրտցավ» այդ նորահայտ նախանձախնդիրը. «Ես արդեն կարծես թե մի անգամ գրել եմ. Սերժ Սարգսյանին` անկախ Հայաստանի երրորդ նախագահին, կամ կսպանեն, կամ կստիպեն հեռանալ, կամ ինքը կփախչի: Բայց ավելի շուտ տեղի կունենա առաջինը... «Հիմնադիր խորհրդարան» շարժումը, որի ակտիվիստները հարձակում են գործել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վրա, պատանդներ վերցնելով` միայն իշխանության անվերապահ հրաժարական ու իշխանափոխություն չէ, որ պահանջում են: Այս հուսահատ ակտը կատարվել է հանուն ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ընդգրկման Հայաստանի կազմում... Մոտ ապագայում Հայաստանին սպասվում է պետական հեղաշրջումների, քաղաքական սպանությունների, հարկադրված հրաժարականների հերթագայություն»:
Ի՞նչ է սա` միջազգայնագետ-լրագրողների հանրույթում նորահայտ Դելփյան պատգամախոսի գալո՞ւստ: Իսկ գուցե սա լոկ ադրբեջանա-թուրքական ստրատեգների վաղուց փայփայած ծրագրերի հնչեցո՞ւմ է: Այս համատեքստում բավական ոչ միանշանակ է թվում Թուրքիայի ղեկավարության արձագանքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու պաշտոնական Երևանի պատրաստակամության մասին (հայտարարությունն արվել է մայիսի 9-ին Արցախում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում): Ընդ որում` հատկանշական է, որ սկզբում Թուրքիայի նախագահի աշխատակազմի` իրեն չանվանած ներկայացուցիչն ասել էր. «Առանց ադրբեջանական տարածքների ազատագրման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող»: Բայց շատ չանցած հետևել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի բավական հետաքրքրաշարժ, ինտրիգ պարունակող հայտարարությունը: Այսպես, թուրքական Hurriet պարբերականի տեղեկացմամբ` նա ասել է. «Եթե Հայաստանը հրաժարվի ոչ ճիշտ դիրքորոշումից մեր տարածքային ամբողջականության և սահմանների առումով, եթե ցանկանա նոր էջ բացել, մենք կարող ենք փոխադարձությամբ պատասխանել: Թուրքիան մտադիր չէ թշնամանք դրսևորել որևէ մեկի, հատկապես հարևանների հանդեպ: Ուստի, եթե Հայաստանի դիրքորոշման մեջ ինչ-որ մեղմացում լինի, մենք մեր երկրի շահերից ելնելով կարող ենք գնահատել դա»: Ո՞րն է ինտրիգը: Ընթերցողներին հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» և «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն» փաստաթղթերը ստորագրելիս խոսք անգամ չկար թուրքական պետության «տարածքային ամբողջականության և սահմանների» վերաբերյալ Հայաստանի հավակնությունների մասին: Ավելին, Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հակառակորդների քննադատության ողջ կրակը (նկատի ունենք առանց նախապայմանների կարգավորումը. այն է` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը, բուն հայկական հողերի վերադարձը` Սևրի հաշտության պայմանագրին և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի` Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթների ներառմամբ Հայաստանի սահմանների վերաբերյալ իրավարար վճռին համապատասխան և այլն) ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերցրեց իր վրա, ընդ որում` ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սփյուռքում: Սակայն Թուրքիան մինչև վերջերս որևէ կերպ Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամություն չէր հայտնել: Հաշվի առնելով Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն այս հարցում` ՀՀ իշխանությունները մարտի առաջին տասնօրյակում չեղարկեցին հայ-թուրքական արձանագրությունները: Իսկ հիմա մենք վկաներն ենք դարձել թուրքական ղեկավարության մոտեցումներում տրամագծորեն հակառակ փոփոխությունների, որոնք ստիպում են մեզ դարձյալ հարց տալ. ուրեմն, ուրիշ էլ ո՞վ էր շահագրգռված Հայաստանում «ոչ բռնի» իշխանափոխությամբ: Իրավիճակը մի փոքր պարզելու համար ավելի մանրամասն կանգ առնենք Հայաստանում այսպես կոչված «թավշյա հեղափոխության» առանձնահատկությունների վրա:
Փոքրիկ անդրադարձ պատմությանը: 1993թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում հրատարակվեց Բոստոնի Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտի (ոչառևտրային կազմակերպություն, որը գոյություն ունի նվիրատվությունների հաշվին) աշխատակից Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գիրքը: Այս աշխատության հավելվածն էլ հենց, որը վերնագրված է «Ոչ բռնի գործողությունների մեթոդները» (այսուհետ` Հավելված), ինչպես ցույց տվեց վերլուծությունը, դարձել է գործնական ձեռնարկ Հայաստանում ս.թ. ապրիլ-մայիսին ծավալված ընդվզման շարժման ղեկավարների, ավելի շուտ` նրանց համար, ովքեր կանգնած էին այդ իրադարձությունների կուլիսներում: Ընդ որում` հարկ է ընդունել, որ բողոքի շարժման ռեժիսուրան շատ պրոֆեսիոնալ էր կազմված:
Այսպես, Հավելվածի I գլխում, որը վերնագրված է «Ոչ բռնի բողոքի և համոզելու մեթոդները», կարդում ենք. 1. Հրապարակային ելույթներ; 4. Հրապարակային հայտարարություններ` ստորագրված հայտնի մարդկանց կողմից; 7. Կարգախոսներ, ծաղրանկարներ և խորհրդանիշներ; 8. Դրոշներ, պաստառներ և ցուցադրամիջոցներ; 11. Մագնիտոֆոնային ձայնագրություններ, սկավառակներ, ռադիո, հեռուստատեսություն; 16. Նստացույցեր; 27. Փողոցային նոր նշանների տեղադրում և փողոցների նոր անվանումներ; 28. Խորհրդանշական ձայներ:
Կարծում եմ, որ ոչ բռնի բողոքի և համոզելու այս բոլոր մեթոդների դրսևորումները հայ ընթերցողը հասցրել է շատ լավ հիշել. ինչ-որ մեկը հիշում է իր անձնական մասնակցությունը բողոքներին, ինչ-որ մեկն ուշադիր հետևել է տեղի ունեցողին ռադիոյով և հեռուստածրագրերով, հրապարակումներով և ինտերնետ-ռեսուրսների տեսանյութերով: Հետո շատ ավելի հետաքրքիր է: Կարդում ենք. կետ 31. Պաշտոնական անձանց «հետապնդում» (մասնավորապես, մեր դեպքում` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների); 32. Պաշտոնական անձանց ծաղրի ենթարկել (բավական է հիշել ցուցարարների և պետական հաստատությունները պաշարածների ելույթները); 33. Զինվորների հետ եղբայրանալ (օրինակ` խաղաղարար բրիգադի զինծառայողների միանալը բողոքին); 34. Հսկումներ («հերթապահություններ». հիշենք ցուցարարների շուրջօրյա հերթապահությունները Ֆրանսիայի հրապարակում և հանրահավաքների անցկացման այլ վայրերում); 37. Երգեցողություն (հատուկ հորինված երգերի և շարժման հիմնի զանգվածային կատարում, ամեն երեկո համերգներ հանրահավաքների ավարտից հետո): Կամ էլ օրեցօր կիրառվող գործողությունները, ինչպես նշված է Հավելվածի համապատասխան կետերում. 38. Քայլերթեր; 39. Շքերթներ; 42. Ավտոշարասյուներ; 43. Քաղաքական սգո արարողություններ (զզվելի մահապաստառների տեղադրում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության պատգամավորների կեցության շրջաններում); 44. Խորհրդանշական թաղումներ (նողկալի շոու, որ կազմակերպում էին ընդվզողները Երևանի Հյուսիսային պողոտայում, ասես հենց Ռասիմ Հուսեյնովիչ Աղաևի «Սերժ Սարգսյանը կսպանվի» հոդվածում ներկայացված ցուցումի):
«Սոցիալական համագործակցությունից հրաժարման մեթոդներից» (II գլուխ) լայնորեն օգտագործվել են 62 և 63 կետերը` ուսանողական դասադուլներ և հասարակական անհնազանդություն:
Հատկանշական է, որ բողոքի շարժման ժամանակ օգտագործվել են նաև Հավելվածի III գլխի («Տնտեսական համագործակցությունից հրաժարման մեթոդները. տնտեսական բոյկոտներ») հրահանգները: Այսպես, գործի են դրվել` «71. Սպառողների բոյկոտ (SAS և Երևան-սիթի սուպերմարքեթներից առևտուր չանելու կոչեր) և 72. Հրաժարում այս կամ այն ապրանքը գնելուց» կետերը: Հարկ է նաև նշել բողոքի շարժման ղեկավարների կողմից Հավելվածի IV գլխում («Խորհրդանշական համագործակցությունից հրաժարման մեթոդները») պարունակվող հրահանգների լայն կիրառումը: Մասնավորապես, մենք հետևյալ կետերի իրագործման վկաները դարձանք. 97. Բողոքի գործադուլ; 98. Արագ հեռացում («կայծակ գործադուլ»); 99. Գյուղացիական գործադուլներ (որոնք, ուղեկցվում էին միջհամայնքային ճանապարհների փակմամբ); 117. Համընդհանուր գործադուլ (ընդվզողները պարբերաբար կոչ էին անում համընդհանուր գործադուլ կազմակերպել): Կարելի է նաև բողոքողների կողմից Հավելվածի V գլխի («Քաղաքական համագործակցությունից հրաժարման մեթոդները») հրահանգների կիրառման փաստեր նշել, այն է` կետ 130. Սեփականության վերաբերյալ և փողոցային նշանների վերացում (այսպես կոչված «կարմիր գծերի» վերաներկումը Երևանում); 135. Ժողովրդական անհնազանդություն; 137. Հավաքը կամ հանրահավաքը ցրելու հրամանի չկատարում (քանիցս բարձրախոսներով, հեռուստատեսության և ռադիոյի տեղեկատվական ծրագրերով ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության հնչեցրած հայտարարությունները` ուղղված ցուցարարներին` ցրվելու պահանջով); 141. Անհնազանդություն անարդար (ըստ ցուցարարների) օրենքներին (հրաժարում ճանապարհային երթևեկության կանոնների և «կարմիր գծերի» հետ կապված կանոնների խախտման տուգանքների վճարումից); 144. Հաստատությունների աշխատանքի խոչընդոտում (նախարարությունների և պետական այլ հաստատությունների շենքերի շրջափակումը ամենուրեք կիրառվող գործելաոճ էր դարձել): Բողոքների ընթացքում ցուցարարները բարեխղճորեն իրականացրել են նաև այլ հրահանգներ, որոնք ներկայացված են VI գլխում` «Ոչ բռնի միջամտության մեթոդները»: Այսպես, ամենուրեք իրագործվել են այն պահանջները, որոնք ներկայացված են հետևյալ կետերում. 162. Ընդդիմացողը նստած է; 163. Ընդդիմացողը կանգնած է; 172. Իր մարմնով հանգիստ պատնեշում է հակառակորդին (բավական է հիշել սեփական մարմնով դեպի Հանրապետության հրապարակ շարժվող հետևակի մարտական մեքենայի պատնեշումը): Էլ չեմ ասում ամենուրեք կիրառվող այն կարգադրությունների մասին, որոնք ներկայացված են 176 կետում` Ճանապարհների շրջափակում; 177. Անվերջ ճառեր; 178. Ինքնագործ ներկայացումներ փողոցում: Եվ վերջապես, 194, 195 և 198 կետերը, ըստ որոնց` մերկացվում են գաղտնի գործակալները; ձգտում` հայտնվելու բանտում (իրենց հակաիրավական գործողություններով` դիցուք, ապօրինի «ներխուժում» Երևանի ռադիոհեռարձակման, բարձրագույն ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների շենքեր, գործողություններ, որոնցով ցուցարարներն ամեն կերպ սադրում էին ոստիկանությանը` դիմելու իրավակարգը չարամտորեն խախտողների կալանման կոշտ միջոցների); երկակի ինքնիշխանություն և զուգահեռ կառավարության ստեղծում (ցուցարարների որոշումը` ընդվզողների ճնշմամբ փողոցում վարչապետ նշանակելու մասին): Վերը թվարկվածը և նաև Հավելվածում շուրջ տասնյակ առաջարկվող այլ հուշումներ, որոնք նույնպես կիրառվել էին ցույցերի մասնակիցների կողմից, կասկած չեն հարուցում, որ «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում` քանիցս և ամենատարբեր երկրներում տեղի ունեցած իշխանափոխության սցենարների գործնական իրականացումն էր:
Պատասխանելու համար այն հարցին, թե ո՞վ էր կանգնած Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների թիկունքում, որոշ դիտարկումներ ներկայացնենք: Հիշենք, որ 2018թ. ապրիլի 13-ից բողոքողների գլխավոր կարգախոսն էր` «Քայլ արա` մերժի՛ր Սերժին»: ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն ընտրված Հայաստանի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, թվում էր, որ այդ կարգախոսը պետք է կորցներ իր ակտուալությունը: Բայց տես, որ չէ, ինչպես ասում են` ախորժակն ուտելիս է բացվում: Հիմա արդեն քննադատության սուր ծայրն ուղղված էր Հանրապետական կուսակցության դեմ, որը 2017թ. ապրիլի 2-ին, Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով, կայուն մեծամասնություն էր ստացել երկրի խորհրդարանում: Ընդ որում` ընտրությունները լեգիտիմ էին ճանաչվել ԵԱՀԿ, ԱՊՀ և միջազգային այլ կազմակերպությունների դիտորդական առաքելությունների, ի դեպ` նաև ընդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից, որի ղեկավարն էլ գլխավորում էր բողոքի շարժումը: Այս առնչությամբ կուզենայի նշել, որ հանրահավաքների ժամանակ բողոքի շարժման ղեկավարների կողմից անընդհատ արծարծվող միտքը «թավշյա հեղափոխությունում» աշխարհաքաղաքական բաղադրիչի բացակայության մասին, մեղմ ասած, ոչ մի քննադատության չի դիմանում, դա խոսակցություն է անտեղյակների համար: Բավական է ասել, որ կարգախոսների և պաստառների զգալի մասը արդեն իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի նախօրեին և դրանից անմիջապես հետո, ինչպես նշում են բազմաթիվ ականատեսներ, պատրաստվել էին Transparency International միջազգային ոչկառավարական կազմակերպության հայկական բաժանմունքի գրասենյակում: Չարժե այստեղ խոսել այդ գործողությունների անօրինականության մասին «կոռուպցիայի դեմ պայքարողների» կողմից, որոնք սույն պարագայում իրենք դրսևորեցին գործողություններ` քաղաքական կոռուպցիայի հատկանիշներով: Էլ չենք ասում բողոքի շարժմանը օվկիանոսի այն կողմից շռայլորեն ֆինանսավորվող տարատեսակ «գրանտակերների» ավանգարդային մասնակցության մասին, որոնց արարքների վերաբերյալ վաղուց միանգամայն ապացուցված ձևով գրվում էր «Իրավունք» և «Հայոց աշխարհ» հայրենասիրական թերթերում: Այսպես, համաձայն նրանց հրապարակումների` «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունն, օրինակ, «Բաց հասարակություն-Հայաստան» ֆոնդից միայն 2017թ. ստացել է 55 հազ. դոլարի դրամաշնորհ: Կարծում եմ, որ այս և նման կազմակերպությունների ֆինանսավորումն ընթացիկ տարում զգալիորեն կավելանա, չէ՞ որ դրանք ապացուցել են իրենց «մարտունակությունը» և հմտությունը` կարճ ժամկետում մոբիլիզացնել և փողոց դուրս բերել իրենց հարյուրավոր «հետևորդների»: Միևնույն ժամանակ, Հայաստանում տեղի ունեցած բողոքի շարժումը լոկ Ջին Շարփի հրահանգների հաջող կիրառություն համարելը չափից ավելի պարզունակ կլիներ: Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ս.թ. ապրիլ-մայիսին, մանրակրկիտ մշակվել և վերջին տարիների ընթացքում քանիցս փորձարկվել է և ըստ էության դարձել Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած բողոքի բազմաթիվ շարժումների (օրինակ` սոցիալական, էկոլոգիական և տնտեսական ուղղվածության) եզրափակիչ գործողությունը, ինչի մասին ս.թ. մայիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնում Ն.Փաշինյանի թեկնածության հաստատման քննարկման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ոչ երկիմաստորեն հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը: Տագնապեցնում է այլ բան. այն, որ իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դեռևս 2018թ. ապրիլի 4-ին ՀՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագիծը քննարկելիս, Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց ըստ էության երկրի տնտեսական քաղաքականության հիմնարար վերանայման անհրաժեշտությունը` ասելով. «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար` հստակ և չափելի միջոցների մշակում, որպեսզի մինչև 2040 թվականը մենք ունենանք չորսմիլիոնանոց Հայաստան... Մենք պարտավորություն ենք վերցրել, և պետք է ծրագրում ներառենք մինչև 2030թ. մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծումը, որոնք բարձր աշխատավարձեր կապահովեն»: Թե ում էր ձեռնտու իշխանափոխությունը Հայաստանում հենց այս պահին, երբ երկրի նախագահը ի լուր ամենքի հայտարարեց այն մասին, որ ստեղծված են ՀՀ կառավարության աշխատանքի արդյունավետության չափանիշների արմատական վերանայման բոլոր պայմանները և ինքը պատրաստ է համազգային նպատակներին հասնելու պատասխանատվություն ստանձնել` կարծում եմ, սա հասկանալու համար մեծ խելք չի պահանջվում: Կրկնում եմ, ՀՀ կառավարության գործունեության գնահատման չափանիշների հիմքում, Սերժ Սարգսյանի համառ առաջարակով, պետք է դրվեին ներառական աճի (ներառական զարգացման ինդեքսի-Inclusive Development Index; IDI) ցուցանիշները: Չէ՞ որ մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ այն ժամանակ ՀՀ նախագահի առաջարկած` Հայաստանի տնտեսական զարգացման հարացույցի փոփոխությունն ամենակարճ ժամկետում տեսանելի դրական արդյունքներ կտար երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում: Ընդ որում` դրական փոփոխությունները կզգային յուրաքանչյուր հայկական ընտանիքում: Ավաղ, ինչպես ասում են` թշնամին քնած չէ: Լուրջ տագնապ է հարուցում նաև մեկ այլ հանգամանք, այն է. ժամանակի առումով իշխանափոխությունը Հայաստանում համընկավ մեր տարածաշրջանում ռազմական լարվածության զգալի խորացման հետ` այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված` Գործողությունների համատեղ, համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ): Այս մասին, մասնավորապես, հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ալեքսեևիչ Ռյաբկովը` ս.թ. մայիսի 15-ին ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի փորձագիտական բանավեճում: «Ռուսաստանը չէր ուզում, որպեսզի ԱՄՆ-ի դուրս գալը ԳՀՀԾ-ից դառնար Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության հետագա սաստկացման նախերգանքը, թեև դրա վտանգն ակնհայտ է»,- իր ելույթում ասել էր բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ռուս դիվանագետը: Հաշվի առնելով արդի աշխարհի վերը ներկայացված և շատ այլ մարտահրավերներ` կուզենայի անարդարության դեմ իրենց անկեղծ բողոքի, գործազրկության դեռևս պահպանվող բարձր մակարդակի, կոռուպցիայի դեմ պայքարի դանդաղ տեմպերի և մեր կյանքի բացասական այլ դրսևորումների դեմ պայքարի պոռթկման մեջ գտնվող մեր թանկագին համաքաղաքացիներին նախազգուշացնել, որպեսզի հերթական անգամ պատահմամբ չդառնան կույր գործիք համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններից մեկի ձեռքում: Չէ՞ որ, Աստված մի արասցե, փայփայվող ծրագրերի իրագործումը աղետ և քաոս կբերի ոչ միայն Մերձավոր Արևելքին, Իրանի Իսլամական Հանրապետությանը, այլև Անդրկովկասին, որը հիմա, չգիտես ինչու, անվանվում է Հարավային Կովկաս:Չէի ուզենա հոդվածս ավարտել ոչ վհատ, ոչ էլ պաթետիկ նոտայով, բայց ավաղ, ինչպես ասում են ֆրանսիացիները, «Noblesse oblige», կամ` կացությունը պարտավորեցնում է անկեղծորեն կիսվել սեփական հույզերով, Հայաստանի համար այս տագնապալի օրերին չափազանց ակտուալ է Մատթեոսի Ավետարանի մեծագույն զգուշացումն իմաստավորելը. «Դրանց թողե՛ք. կույրերի կույր առաջնորդներ են, և երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն» (Ավետարան ըստ Մատթեոսի, Գլ. 15,14): Մի խոսքով` մենք ի զորու ենք այնպես անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չդառնա կույրերի կույր առաջնորդների զոհը: Եվ սա հորդոր չէ, այլ Հայոց պետականության պահպանման անայլընտրանք ճանապարհը:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Հայաստանի Հանրապետական
կուսակցությունից, ՌԴ Դաշնային ժողովի և
ՀՀ Ազգային ժողովի միջև
համագործակցության Միջխորհրդարանական
հանձնաժողովի հայկական մասի
համանախագահ, «Ազգային միաբանություն»
կուսակցության նախագահ
www.amiab.am