Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով.Tert.am
ՄիջազգայինԱդրբեջանը որոշեց Արցախի հարցը վերջնականապես ուժով լուծել՝ արհամարհելով բոլոր պայմանավորվածությունները:
«Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
Վասկովն ընդգծեց, որ ցավոք, այս պահին Արցախ վերադառնալու հնարավորություն չի տեսնում․
«Մեր սերունդը գուցե և չկարողանա վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով հենց իրադարձությունների կոնտեքստը: Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններն ու վայրագությունները բոլորը տեսել են: Ադրբեջանին պետք էր միանշանակ տեսարան միջազգային հանրության համար, որ Արցախում հայեր կան ադրբեջանական անձնագրերով ու այդ ամենը հավաքական Արևմուտքը կփորձի իրագործել՝ չհասկանալով անգամ 2023թ էթնիկ զտման փաստը: Արցախը հայկական պատմական հող է ու ես հավատում եմ, որ Արցախը կրկին հայկական է լինելու: Պատմության ընթացքում մի շարք դեպքեր են եղել, երբ անգամ Երևանում հայեր չեն եղել, բայց հայ ժողովուրդը միշտ իմացել ու եկել է իր հողի հետևից: Գեոպոլիտիկան կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Խոսելով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների և նրանց ազդեցության մասին Հայաստանի վրա՝ Վասկովը նշեց, որ կոնտեքստներն այստեղ բազմազան են: Ադրբեջանը վարում է քաղաքականություն, որն այս շրջանում ավարտվեց ողբերգությամբ, ինչի հիմքում էին դրել առաջին Արցախյան պատերազմում հաղթանակը և Արցախի ամրապնդումը, որպես հայկական: Ռուսաստանն Ադրբեջանի հետ ունի տնտեսական հարաբերություններ:
«Ադրբեջանը ստեղծում է թվացյալ գրկաբաց մթնոլորտ Ռուսաստանի համար, որին պետք չէ հավատալ, Ռուսաստանում չեն էլ հավատում, քանի որ Ադրբեջանում տիրող տրամադրությունները շատ պարզ երևում են: Մենք տեսնում ենք ներքին լսարանի համար պատրաստված ողջ նյութերը, որի մեջ ասում են, որ թուրքերի թշնամին հայը, ռուսը և պարսիկն են: Ներքին լսարանի համար ստեղծվող նյութերի ողջ քարոզն այս նարատիվի վրա է հիմնված: Միջազգային ուշադրության կենտրոնում այս պահին այլ հարց է՝ Պաղեստինի կոնֆլիկտը և Ադրբեջանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումն այդ հարցով՝ լսելով մայրական Թուրքիայի կարծիքը նույնպես, ինչպես նաև Իրանի դիրքորոշումը: Եզակի դեպք է, երբ Թուրքիան և Իրանը համակարծիք են: Առաջիկա Պուտին-Ալիև հանդիպման հիմնական քննարկումը կարծում եմ հենց այս հարցերի շուրջ է լինելու»,- ընդգծեց Վասկովը:
Նյութի աղբյուր` https://www.tert.am/am/news/2024/04/22/maxim-vaskov/4112832