Ապրիլի 18-ին «Կամք»-ը բողոքի ակցիա է անելու կառավարության դիմաց
ՆերքաղաքականՀայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«2018 թվականից ի վեր մեր բոլոր նախազգուշացումներին հակառակ, Հայաստանում, Արցախում և աշխարում բնակվող հայությունը, ոչ մի հստակ քայլ չնախաձեռնեց կանգնեցնելու Արցախի հանձնումը, կանգնեցնելու Նիկոլ Փաշինյանին և ՔՊ ազգակործան իշխանությանը։
Ցավոք սրտի մեր բոլոր զգուշացումներն իրականություն դարձան․ կորցրեցինք Արցախը, Հայկական բանակի դիմադրողականությունը, մեր ավանդական դաշնակիցներին, ոչնչացման եզրին կրթությունը, մշակույթն ու տնտեսությունը, ուժգնացավ արտագաղթը և համակարգային կոռուպցիան։
Նկատի ունենալով, որ հանցավոր ու ազգադավ իշխանությանը կանգնեցնելու ճանապարհը մեկն է՝ այն է համաժողովրդական օրինական և արմատական պայքարը, նկատի ունենալով նաև, որ մեր Հանրապետությանը սպառնում են նոր աննախադեպ կորուստներ, Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական Նախաձեռնությունը հայտարարում է իր տարիների պայքարը շարունակելու հաստատակամության և վճռականության մասին և վստահեցնում է, որ Աստծո Կամքով, միասին հասնելու ենք մեր առջև դրված խնդրի լուծմանը և կանգնեցնելու ենք Նիկոլին։
Այդ նպատակով կոչ ենք անում բոլոր ավանդապաշտ և ազնիվ, հայրենատեր և արժանապատիվ հայորդիներին հինգշաբթի օրը, ապրիլի 18-ին, ժամը 12։00-ին միանալ կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային, որով պահանջում ենք`
• Դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքների՝ այդ թվում Ոսկեպարի, Տիգրանաշենի հանձնումը,
• Դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի ստեղծման ծրագիրը,
• Ադրբեջանի և միջազգային հանրության հետ բանակցել միայն և միայն արցախահայության Արցախ վերադարձի, անվտանգության ապահովման և կարգավիճակի օրակարգով,
Կոչ ենք ուղղում քաղաքական և հասարակական բոլոր ուժերին՝ միանալ մեր արմատական պայքարին, որին այլընտրանք չկա, իսկ չմիանալու դեպքում, չփորձել հրապարակային, կամ թաքուն խոչընդոտ հանդիսանալու մեզ, կոպիտ ասած ոտքի տակ ընկնել՝ այդպիսով օգնելով ազգադավ ուժերին Ոսկեպարը և Տիգրանաշենը հանձնելու, Սյունիքը հանձնելու, հակազդեցությունը չի ուշանալու և շատ կոշտ է լինելու։
Կոչ ենք ուղղում նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության անունից հանդես եկող բոլոր կառույցներին և կենտրոններին, չկոռումպացված լրատվամիջոցներին ու մտավորականներին՝ բացահայտել և դատապարտել մեր պայքարի նկատմամբ ոստիկանական և ուժային կառույցների կողմից հնարավոր ցանկացած ոտնձգություն։
Հորդորում ենք ոստիկանության աշխատակիցներին զերծ մնալ սեփական ժողովրդի հանդեպ բռնություններ և անօրինություններ գործելու արատավոր ավանդույթից, չխոչընդոտել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը, նաև հավատացնում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և Պետականության պաշտպանության համար պայքարի ելած ցանկացած հայորդու նկատմամբ գործված ապօրինություն ու բռնություն անպատիժ չի մնալու։
Հորդորում ենք նաև Նիկոլ Փաշինյանին և նրա վարչակարգին․ զերծ մնալ բռնապետական միջոցառումներից, չգնալ արկածախնդրության սեփական ժողովրդի հանդեպ, մնալ օրենքի շրջանակներում և ապօրինի հրահանգներ չտալ։ Ցանկացած բռնություն հակազդեցություն է ունենալու։
Կրկին շեշտում ենք, որ «Կամք»-ը վճռական է և ժողովրդական բավարար աջակցություն ստանալու դեպքում պատրաստ է ավարտին հասցնել 2018-ից սկսած գործը։
Կամք, Համախմբում, Հաղթանակ»: