Կհանդիպենք մյուս կյանքում. տեղի ունեցավ Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը
ՍպորտԱյսօր, Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ hայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգիստը:
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ներկա էին անվանի մարզիկներ, մարզիչներ:
Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին՝ նույն եկեղեցուց Ներքին Չարբախի գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը գրառում էր կատարել՝ հոր մահվան կապակցությամբ. «Հարգելի ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար եւ ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից: Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում: Քո Ավո եւ ընտանիք»:
«Իրավունք TV»-ի սպորտային հեռուստանախագծի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Արթուր Աբրահամին եւ Աբրահամյանների ողջ ընտանիքին ու հարազատներին:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ