«ԿՓՈՐՁԵՄ ՑԱՏԿՍ ԲԱՐԴԱՑՆԵԼ, ԵԹԵ ՉՍՏԱՑՎԻ, ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՄ ՆՈՒՅՆ ՑԱՏԿՈՎ». ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ
ՍպորտԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ու Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած Սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 1-ին և 2-րդ փուլերում Հայաստանի մարմնամարզիկները մեդալներ են նվաճել։ Գերմանիայում մեր հավաքականի առաջատար, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում 15,100 միավորով։ Մեր երկրի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր 14,600 միավորով։ Այս վարժության Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արթուր Ավետիսյանը 14,566 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Կայացել է նաև նժույգթափեր վարժության եզրափակիչը. Գագիկ Խաչիկյանը 14,833 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Աշխարհի գավաթի փուլերը վարկանշային են Փարիզի այս տարվա Օլիմպիական խաղերի համար։ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆՆ արդեն ունի նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Նա Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես է մեկնաբանել. «Ես մեջքի վնասվածք ունեի ու բավականին երկար ժամանակ բուժվում էի, դրա համար ուշ սկսեցի մարզավիճակ հավաքել։ Փառք Աստծո, կարողացա լավ կատարել վարժություններս ու ոսկե մեդալ նվաճել։ Հիմա խնդիր չունեմ, կաշխատեմ այնպես անել, որ առանց վնասվածքների անցնի ողջ նախապատրաստական փուլը, և լավ մոտենամ Օլիմպիական խաղերին։ Աշխարհի գավաթի երրորդ փուլից ու Եվրոպայի առաջնությունից հետո մի փոքր կհանգստանամ ու կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին։ Կփորձեմ ցատկս բարդացնել, իսկ եթե չստացվի, Փարիզում հանդես կգամ իմ նույն ցատկերով»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ