Ոտքի կանգնեք, որ վաղը ստիպված չլինեք մաքրել թուրքի ունիտազ. Նաիրա Զոհրաբյան
Ներքաղաքական«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, անդրադառնալով օրերս Մարտունի-Երեւան հիմնական ճանապարհը փակած մարտունեցիներին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ իշխանությունը ցանկանում է հարկային բեռ սահմանել նաեւ արտագնա աշխատանքի մեկնածների համար, ընդգծեց, որ շատ լավ են արել, որովհետեւ նրանք պայքարում են անարդարության դեմ: Միեւնույն ժամանակ, Ն. Զոհրաբյանը հիշեցրեց, որ 2021 թվականին չորս մարզեր, այդ թվում՝ նաեւ Գեղարքունիքը, Նիկոլ Փաշինյանին ընտրելու «չեմպիոններն» էին:
— Ուզում եմ հիշեցնել, որ Գեղարքունիքի մարզում «մարդ էին ճղում», երբ ասում էինք` եթե ընտրեք Նիկոլ Փաշինյանին, Արցախի մասին չեմ խոսում, ձեր սոցիալական վիճակն էլ է վատանալու, դուք դառնալու եք «տուգանքի մատերիալ»: Բայց իմ շատ հարգելի մարտունեցիները, վարդենիսցիները, գավառցիները ասում էին` հացը հազար դրամ էլ դառնա, մենք Նիկոլ ենք ընտրելու: Ակցիայի ժամանակ մեկն ասում էր` ինչի՞ պետք է գնամ ռուսի ունիտազը լվանամ եւ դրանից բերեմ, հարկ տամ Նիկոլ Փաշինյանին: Այո՛, երբ հունիսի 20-ին գնում, քվեաթերթիկ էիք գցում հօգուտ Նիկոլ Փաշինյանի, պիտի հասկանայիք, որ Նիկոլի համար մենք բոլորս, դուք բոլորդ տուգանքի, հարկման «մատերիալ» եք: Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը, գլխատելով մեր հերոսներին, բոլոր տեղերից հանելով փառքի անկյունները, մեր հերոսների նկարները՝ հերոս հռչակեց հարկ մուծող քաղաքացուն: Այսինքն, դուք կգնաք Պսկովում, Նիժնի Տագիլում անձրեւին, ձյանը, ցրտին բարաքներում կքնեք, ասֆալտ կփռեք, աղյուս կշարեք ու, ինչպես ձեզնից մեկն ասաց՝ ռուսի ունիտազ կլվանաք եւ ձեր աշխատածի, եկամուտի 21%-ը որպես հարկ կվճարեք Նիկոլ Փաշինյանին: Սա է իրականությունը: Բայց ես հիմա միանում եմ մարտունեցիների բողոքին, որովհետեւ, իսկապես անարդար է, սա քաղաքացու հերթական կողոպուտ է: Ու դրանով Նիկոլը հերթական անգամ ապացուցում է, որ իր համար հպարտ քաղաքացին, որին ասում էր՝ սիրում եմ, համբուրում եմ ու խոնարհվում եմ ձեր առաջ, ընդամենը սովորական տուգանքի «մատերիալ» է: Բայց նորից պիտի հիշեցնեմ` պատերազմից, հինգ հազար եւ ավելի զոհերից, հանձնված Արցախից, տասը հազար եւ ավելի հաշմված զինվորներ տեսնելուց, հազարից ավելի անհետ կորածների փաստը արձանագրելուց հետո, Բաքվի Քուրդիխանի բանտում խոշտանգվող մեր զինվորների փաստը արձանագրելուց հետո, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Արարատի մարզերը դարձան Նիկոլին ընտրողների չեմպիոն: Եթե հասկացել եք ձեր սխալը, դա եւս շատ կարեւոր է, որ հիմա գոնե ոտքի կանգնեք եւ թույլ չտաք, որ վաղը Նիկոլը հասցնի այնտեղ, որ դուք ստիպված լինեք մաքրել ոչ թե ռուսի, այլ թուրքի ունիտազը: