Ինչպե՞ս եղավ, որ Իրանը սկսեց Մեղրիում ճանապարհ կառուցել
ՎերլուծությունՀայաստանի շուրջ ծավալվող ներկա իրադարձությունների ֆոնին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=275860&l=am), վերջին ժամանակներս հետաքրքիր ազդակներ են գալիս նաեւ իրանական ուղղությունից: Նախ, օրերս մի շարք հետաքրքիր ազդակներ հղեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Բացի ստանդարտ հայտարարություններից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման անթույլատրելիության մասին, դեսպանը նաեւ հատուկ ընդգծեց. «Ներկա պայմաններում Հայաստանից Սեւ ծով, ի համեմատ Ադրբեջանով ճանապարհի, 2 օր շուտ ենք հասնում»: Այսինքն, Հայաստանով անցնող ճանապարհը Իրանի ռազմավարական շահերի գոտում է, առավել եւս, երբ, ըստ դեսպանի, Հայաստանն Իրանին խոստանում է դյուրինացված պայմաններ: Վերջապես, Հայաստանը նաեւ ԵՏՄ-ի սահմանն է Իրանի համաը, որը Միության հետ արդեն ունի ազատ առեւտրի պայմանագիր:
Թեհրանի այս ազդակներից հետո էլ երեկ պաշտոնապես հաստատվեց, որ սկսվում է «Հյուսիս-Հարավ» հայաստանյան ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները: Հիշեցնենք, այս նախագծում կապալառու կազմակերպությունն է իրանական երկու շինարարական ընկերությունների ՝ «Abad Rahan Pars International Group»-ի եւ «Tunnel Sadd Ariana» միավորումը‚ եւ այժմ իրականացնում է մոբիլիզացիոն-նախապատրաստական աշխատանքներ, կառուցվում է շինարարի բազան‚ ներմուծվում է շինտեխնիկա եւ այլն: Մի կողմ թողնենք այս եւ դրան հաջորդող Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածների կառուցման տնտեսական բաղադրիչը, որը եւս շատ կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Իրանի համար: Այս պահին առաջնային է խնդրի քաղաքական կողմը. այս նախագծով Թեհրանը ազդակ է հղում, թե՝ Սյունիքը ոչ թե պարզապես Իրանի շահերի գոտին է, այլ որ Իրանն արդեն այստեղ է, շինարարություն է իրականացնում: Դրանով էլ, որ ամեն մի թուրք-ազերիական միջանցք ուղիղ հարված է ոչ թե միայն Հայաստանի, այլ նաեւ Իրանի շահերին:
Ու կա նաեւ այս մեդալի հակառակ երեսը. Վաշինգտոնի համար, մեղմ ասած, հազիվ թե հաճելի լինի փաստը, որ Իրանն ինչ-որ ճանապարհներ է կառուցում Սյունիքում, որը ԱՄՆ-ն եւս համարում է իր աշխարհաքաղաքական շահերի գոտին: Հաշվի առնելով, որ Իրանի ներկայությունն արդեն իսկ Վաշինգտոնի համար իր շահերին հարված է: Եվ երբ երկար արգելափակումից հետո, Հայաստանը, այնուամենայնիվ, Իրանին գործնականում թույլ տվեց զբաղվել այդ շինարարությամբ, ապա դա եւս հետաքրքիր մտքերի տեղիք է տալիս:
Թերեւս պատահական չէր նաեւ Մոսկվայի ռեակցիան: Այսպես, նախ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանկարծ հիշեց. «Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետությունը անվտանգության ոլորտում եւ ռազմատեխնիկական համագործակցության առումով ունեն հուսալի երկկողմ իրավական դաշտ… Երկու երկրներն էլ միմյանց հանդեպ պարտավորություններ ունեն՝ ներառյալ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության պաշտպանությունը»: Նաեւ, ըստ Զախարովայի՝ Երեւանը ՀԱՊԿ շրջանակներում գտնվում է հավաքական երաշխավորների ներքո, այդ թվում՝ հնարավոր ագրեսիայի դեպքում. «Եվ այս առումով ՀԱՊԿ-ի շրջանակներում ակտիվ փոխգործակցության վերադարձը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի շահերից»:
Ապա նաեւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարեց. «Կոչ ենք անում Երեւանին՝ գործընկերներին հրապարակային հուզական հարձակումների եւ կազմակերպության քննադատության փոխարեն սկսել հասունացած հարցերի քննարկումը քաղաքական եւ փորձագիտական մակարդակներում»:
Միամտություն կլիներ մտածել, թե Թեհրանն ու Մոսկվան Հարավային Կովկասում գտնվում են հակադիր շահերի ոլորտում, եւ Իրանի ու Հայաստանի միջեւ նշված զարգացումները Ռուսաստանում խանդի նոպա են առաջ բերել՝ ստիպելով հիշել «երկու երկրների` միմյանց հանդեպ պարտավորությունների» մասին: Իրողությունները հուշում են, որ, ընդհակառակը, կովկասյան ուղղությամբ կա ռուս-իրանական սինխրոն գործողություններ, եւ այս հերթական հուշումները Հայաստանը ստանում է միասնական Մոսկվայից եւ Թեհրանից: Նիկոլի որոշելիքն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ