Ալիեւն ու Փաշինյանը սպասում են ռուսական ընտրություններին. ազդակները ծայրահեղ լուրջ են
ՎերլուծությունԱյն, որ այս պահին նոր պատերազմն Ալիեւի համար առաջին պլանում չէ, հուշում են մի շարք այլ հանգամանքներ: Նախ, այս պահին Ալիեւը փորձում է վերընտրվելու միջոցով ամրացնել իր ներքին դիրքերը, թերեւս հասկանալով, որ Արեւմուտքի հետ հակամարտության մեջ մտնելը կարող է ենթադրել նաեւ «գունավոր հեղափոխություն»: Այսինքն, ավելի լավ է վերընտրվել, քանի դեռ Արեւմուտքը մի շարք պատճառներով նման քայլի անպատրաստ է:
Հաջորդը. այն, որ Հեյդարովիչը սպասում է նաեւ ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքներին, դա եւս դժվար չէ կռահել: Չէ, խոսքն այն մասին չէ, թե Պուտինը կվերընտրվի՞, թե՝ ոչ. այս հարցում անակնկալներ լինել չեն կարող: Այլ բան է, թե ընտրություններից հետո Ռուսաստանն ի՞նչ նոր արտաքին քաղաքական կուրսի կանցնի: Արդեն տեւական ժամանակ է, որ կան տարաբնույթ ակնարկներ, որ բավականին լուրջ փոփոխություններ լինելու են: Մասնավորապես, որ հանգստի կանցնի Լավրովը, եւ նրան փոխարինելու կգա շատ ավելի կոշտ քաղաքականության կողմնակից նոր նախարար: Ընդ որում, հաշվի առնելով այն անթաքույց հայտարարությունները, որոնք արդեն իսկ Մոսկվայից հնչում են Հարավային Կովկասի մասին, այսինքն, որ ամերիկացիներն ամեն բան անում են ռուսներին այս տարածաշրջանից հեռացնելու համար, ենթադրելի է, որ ՌԴ ապագա Արտգործնախարարության կոշտացումներից մեկը կվերաբերվի հենց մեր տարածաշրջանին:
Գումարած սրան, շրջանառվում են նաեւ խոսակցություններ, որ այլ պաշտոնի կարող է տեղափոխվել նաեւ ՌԴ ներկայիս պաշտպանության նախարար Շոյգուն, որը կզուգորդվի բանակի ղեկավար կազմում ոչ պակաս նշանակալից փոփոխություններով: Եվ նորից խոսակցությունները շատ ավելի կոշտ կադրերի մասին են, ինչպես նաեւ, որ դա արագորեն կարտացոլվի ոչ թե միայն ուկրաինական խաղատախտակին, այլ նաեւ հարավկովկասյան ուղղությամբ դեպի Իրան-Մերձավոր Արեւելք-Թուրքիա ռազմավարական ծավալմամբ:
Կրկնենք, սրանք դեռ միայն խոսակցությունների մակարդակով են: Բայց, թեեւ շատ համառ խոսակցությունների, որոնց իրականանալ-չիրականանալը կարող է մեծ ազդեցություն թողնել մասնավորապես ողջ կովկասյան տիրույթի վրա: Ու ասել, թե Ալիեւը, ասենք նաեւ Փաշինյանը կհամարձակվեն կտրուկ քայլերի գնալ, քանի դեռ Մոսկվայից կան նման սպասելիքներ, միամտություն կլիներ: Ընդ որում, ենթադրելի է, որ այդ սպասելիքների իրականացման դեպքում Նիկոլը կշտապի Մոսկվա՝ պայմանագիր ստորագրելու, իսկ Ալիեւը պետք է մոռանա իր չափից դուրս մեծ ախորժակի մասին:
Գումարած այս ամենին, նաեւ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները պետք է որ անտարբեր չթողնեն Ալիեւին եւ Փաշինյանին: Այսպես, ուկրաինական ռազմաճակատների ամենաառանցքային հատվածում՝ Ավդեեւկայում, վերջին օրերին ռուսական ուժերը հասել են այն արդյունքներին, որոնք ավարտական փուլ տեղափոխեցին այս առանցքային քաղաքի համար ճակատամարտը: Ավդեեւկայի հարավից ռուսական ուժերը ճեղքելով պաշտպանությունը, դուրս եկան քաղաքի կենտրոնական հատված, ավելի ճիշտ՝ երեկ կեսօրի դրությամբ քաղաքի արեւելյան սահմանագծից մոտ 1 կմ-ի վրա էին: Դրանով մի կողմից՝ Ավդեեւկայի ողջ հարավային պաշտպանությունը հայտնվեց կիսաշրջափակման մեջ, ընդ որում, արգելափակված են մատակարարումների ուղիները: Միաժամանակ, երեք կողմից հարվածի տակ է ուկրաինական վերջին պաշտպանական գոտին՝ Ավդեեւկայի կոկսաքիմիական գործարանը: Այսինքն, եթե ուկրաինական հրամանատարությունն ինչ-որ արտառոց քայլեր չկարողանա ձեռնարկել, Ավդեեւկան կընկնի առաջիկա օրերին: Եվ ուկրաինական կողմի համար բարեբախտություն կլինի, եթե կարողանա զորքը դուրս բերել քաղաքից: Թե Ավդեեւկայի անկումն ինչ հսկայական բարոյական հարված կդառնա ողջ ուկրաինական բանակի համար, միաբերան հավաստիացնում են անգամ ուկրաինացի ռազմական փորձագետները: Ու հենց այն պահին, երբ ռուսները մասշտաբային օպերացիաներ են իրականացնում նաեւ ռազմաճակատի այլ հատվածներում: Օրինակ, ինչպես նաեւ պնդում է Forbes-ը, Կուպրյանսկի ուղղությամբ, որտեղ, ըստ աղբյուրի, Ռուսաստանը մեծ ուժեր է կենտրոնացրել՝ 500 տանկ, 600 հետեւակի մարտական մեքենա, հարյուրավոր միավոր հրետանի, ավիացիա, 40 հազար զինվոր եւ պատրաստվում է մինչեւ այս ամսվա վերջ Խարկովի շրջանի մի մասն ազատագրել: Իսկ Ավդեեւկայի անկումը դա շատ ավելի ռեալ է դարձնելու: Գումարած, Զելենսկին արդեն պաշտոնապես է խոսում գլխավոր հրամանատար Զալուժնիին եւ նրա ողջ թիմին ազատելու մասին, եւ սպասվում է, որ Ավդեեւկան կդարձնի դրա համար առիթ: Իսկ Զալուժնիին ազատելն արդեն իսկ ենթադրում էր ծանրագույն հարված ուկրաինական բանակի մարտունակությանը:
Կարճ ասած, ուկրաինական թատերաբեմին սպասվում են մասշտաբային իրադարձություններ, որոնք Ռուսաստանի համար առաջին հերթին աշխարհաքաղաքական խոշոր հաջողություններ են: Իսկ այդ ամենը բոլորից առաջ էլ Ալիեւի համար է շատ կարեւոր ցուցիչ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ