Միջազգային մրցույթից Հայաստան են վերադարձել գլխավոր մրցանակներով
ՏեսանյութերԲելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «ART PARAD-2024» երաժշտական միջազգային 5-րդ հոբելյանական մրցույթը։
Այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացրել են Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտությունում սովորող ուսանողուհիներ Անժելա Ալբերտյանը եւ Սուսաննա Պողոսյանը։ Աղջիկները «ART PARAD-2024»-ին մեկնել են պատվիրակության ղեկավար, «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի գլխավորությամբ, ով մրցութային երկու օրերին եղել է ժյուրիի կազմում։
Նշենք, որ մրցութային օրերին Անժելա Ալբերտյանը կատարել է Մարինա Թագակչյանի «Հայաստան երկիր իմ մայր» ստեղծագործությունը, իսկ Սուսաննա Պողոսյանը՝ Սելին Դիոնի երգացանկից «I surrender» ստեղծագործությունը։
Արդյունքում՝ Սուսաննա Պողոսյանն արժանացել է մրցույթի 1-ին մրցանակին։ Իսկ Անժելա Ալբերտյանը, երկու մրցութային օրերին ստանալով ժյուրիի առավելագույն միավորները, դարձել է «ART PARAD-2024» երաժշտական միջազգային 5-րդ հոբելյանական մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Գրան Պրի»-ին։