Երգի եւ տեսահոլովակի շնորհանդես՝ Գրականության եւ արվեստի թանգարանում
ՏեսանյութերԵ․ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ Նյու-Յորքի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, գրող-հրապարակախոս Յակոբ Այնթապլեանի եւ դաշնակահար, կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանի «Մայրս» երգի տեսահոլովակի շնորհանդեսը։
Յ․ Այնթապլեանը նշանավոր սրտաբան է, ով նաեւ գրական-հրապարակախոսական գործունեությամբ է զբաղվում, նրա գործունեության առանցքում կարեւոր տեղ են զբաղեցնում հայրենատիրությանն ու Հայոց լեզվի անաղարտության պահպանմանն առնչվող հարցեր։
Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում անդրադարձավ Յակոբ Այնթապլեանի գործունեության տարբեր ուղղություններին՝ առանձնակի կարեւորելով միասնական հայերեն լեզվի ուղղությամբ նրա կողմից իրականացվող գործունեությունը։
Կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանի բնորոշմամբ՝ Յակոբ Այնթապլեանի գրականությունն անչափ ինքնատիպ է, եւ այն երգի վերածելու ընթացքը դյուրին չի լինում։
«Այնթապլեանի բանաստեղծությունները շատ անձնական են եւ, միեւնույն ժամանակ, համամարդկային։ Այնթապլեան բանաստեղծն ու հայը այստեղ մեզ են ներկայանում նոր խոսքով, Այնթապլեան մտավորականն ու մայրապաշտ զավակը մեզ ասում են այնպիսի ճշմարտություններ, որոնց մասին անհրաժեշտ է երկար խորհել»,- նշեց իր ելույթում Մարգարիտ Սարգսյանը։
«Մայրս» երգը կատարում են տաղանդաշատ երգիչներ Լուիզա Երեմյանն ու Դավիթ Խաչատրյանը։ Տեսահոլովակի շնորհանդեսին հեռավար տարբերակով իր ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Յ․ Այնթապլեանը։ Հանդիսությունը եզրափակվեց Լուիզա Երեմյանի եւ Վարդան Խաչատրյանի կատարումներով։