Այսօր Եվրոպական միությունը ղեկավարում է Ալիե՞ւը. Էդգար Ղազարյան
ՆերքաղաքականՍահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ հիշեցնում է, որ Ադրբեջանն անդամակցելով Եվրոպայի խորհրդին` պարտավորություն է ստանձնել, որպեսզի Արցախի խնդիրը լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, եւ այլ լուծումն անընդունելի է եղել:
— Հիմա Ադրբեջանն Արցախի խնդիրը «լուծել է» ռազմական ճանապարհով, իրականացրել է ցեղասպանություն, մարդկանց բռնի տեղահանում: Իսկ Եվրոպայի խորհուրդը չի արձագանքում, չի ասում` դուրս արի մեր կազմակերպությունից, որովհետեւ այդ կազմակերպությանն անդամակցել ես այդ պայմանով: Եթե դու խախտել ես անդամակցության գլխավոր պայմանը, ուրեմն` դուրս պետք է գաս: Ի՞նչ է նշանակում ԵԽ տարածքում 21-րդ դարում մարդկանց բռնի տեղահանություն, ունեզրկում: Սա Եվրոպայի խորհուրդն է` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության վրա, եւ ինչ-որ հետամնաց բռնապետ, КГБ-ի գեներալի տղա հորից իշխանություն է ժառանգել ու մի ինչ-որ թաքնված դիկտատորի հետ համաձայնության է եկել, բռնություն եւ ուժ է կիրառում: Արցախի այս իրավիճակը բռնապետությունների պայքար է, իսկ գերիների փոխանակումը` մարդկանց թրաֆիքինգ: ՀՀ վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել եւ ասում, թե Հայաստանը հրաժարվում է, իր թեկնածությունը հանում է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության» գագաթաժողովը հյուրընկալելուց, աջակցում է, որ Ադրբեջանը դա կազմակերպի, երկու մարդասպան էլ հանձնի ու դրա դիմաց ռազմագերիներ ստանա: Արցախի համար այս երկու բռնապետությունների պայքարում կայացած բռնապետությունը հաղթել է թափթփված բռնապետությանը: Ու Եվրոպան, Ռուսաստանը կանգնած` նայում են: Այս իրողությունների հետ չպետք է հաշտվել: Եթե դուք ձեր սկզբունքներով, արժեքներով եք առաջնորդվում, ապա այդ միջազգային նորմերից, սկզբունքներից շեղվողներին պետք է կարգի հրավիրել կամ վռնդել ձեր կազմակերպություններից: Իսկ Շառլ Միշելը ընդունում է Ադրբեջանի թեզերը: Այսինքն` ինչ Ալիեւը ասում է, ե՛ւ Միշելն է կրկնում, ե՛ւ` Փաշինյանը: Փաստորեն, այսօր Եվրոպական միությունը ղեկավարում է Ալիե՞ւը, Ալիե՞ւն է Եվրամիությանը եվրոպական արժեքներ թելադրում: